Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Եկեք ստվերները մենք ուրիշ տեղ փնտրենք, ոչ թե շարքային քաղաքացու գրպանում». Մարգարիտ Եսայանը՝ Գագիկ Մելիքյանին

Փետրվար 07,2017 19:20

Այսօր ԱԺ-ում «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում: ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ վերջին օրերին իրեն են դիմել մայրիկներ եւ խնդրել, որ բնակարանների վարկավորման հարցում փոփոխություններ մտցվեն:

Պատգամավորին դիմած կանանցից մեկը երկու որդի ունի, երկուսն էլ աշխատում են, մեկը՝ ատամնաբույժ է աշխատում, մյուսը՝ շինարարությունում. «Իրենց փաստացի աշխատավարձը, որը փաստաթղթով ներկայացված է, բավարար չէ, որ իրենք բնակարանի հիփոթեքային վարկ ստանան: Ծնողի ասելով՝ իրենք կարող են փակել վարկը, ունեն եկամտի լրացուցիչ աղբյուրներ, բայց չեն կարողանում ստանալ: Ձեր կարծիքով մենք ի՞նչ հնարավորություն ունենք այս կարգի ընտանիքներին օգնել: Սրանք եզակի դեպքեր չեն, այն աշխատավարձը, որը ցուցադրված է օրինական իր թղթերում, 300 հազար դրամ չի կազմում: Ինչպե՞ս կարող ենք աջակցել, որ մարդիկ բնակարան ունենան»:

Նախագծի հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ բանկերը պարտադիր եկամտի աղբյուր են ուզում: Գագիկ Մելիքյանն ասաց, որ ստվերային եկամուտները պետք է բացահայտվեն եւ հարկվեն. «Կարծում եմ, հիմնական պատճառը դա է, ազնիվ խոսքի վրա հիմնված՝ բանկերը երբեւէ աշխատանք չեն իրականացնում»:

Ըստ Գագիկ Մելիքյանի, իսկապես թաքցրած եկամուտների մասին ազնիվ խոսքը չպետք է հիմք ընդունվեն, եկամուտները պետք է բերվեն օրինական  դաշտ:

Մարգարիտ Եսայանն ասաց, որ խոսքն ամենեւին էլ ստվերային եկամուտների մասին չէ. «Ես ինքս էլ դրա կողմնակիցն եմ, որ մեր երկրում չթաքցվեն եկամուտները: Եվ խոսքը ամենեւին շարքային քաղաքացուն չի վերաբերում, որովհետեւ մեր շարքային քաղաքացին վստահաբար չունի այդ ստվերային եկամուտները: Պարզապես այստեղ հայկական հոգեկերտվածքի գործոնն է դեր խաղում: Եթե երիտասարդ ընտանիքն աշխատում է, ուզում է բնակարան ձեռք բերել, աներ, զոքանչ, հայր, մայր, քույր, եղբայր փորձում են  օգնել այդ ընտանիքին»:

Մարգարիտ Եսայանը Գագիկ Մելիքյանին հորդորեց. «Եկեք ստվերները մենք ուրիշ տեղ փնտրենք, ոչ թե շարքային քաղաքացիների գրպանում»:

Գագիկ Մելիքյանն այդ ընտանիքներին, որոնց բարեկամները պատրաստ են օգնել, խորհուրդ տվեց բարեկամներից ողջ օգնությունը հավաքել եւ կանխավճարի չափը մեծ տալ՝ նվազեցնելով հիփոթեքային վարկի քանակը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728