Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐՕ-ի ծրագրով բիզնեսին խոչընդոտողը՝ պետական հանցագործ, իսկ բիզնեսով զբաղվողը հայրենասեր կդիտարկվի

Մարտ 09,2017 16:00

Նախընտրական այս շրջանում խոստումների տեղատարափ է. դաշինքներն ու կուսակցությունները փորձում են մեկը մյուսից ամպագոռգոռ ծրագրեր ներկայացնել, փորձում են հավատացնել, թե՝ այ, եթե մեզ ձայն տաք՝ երկիրն անմիջապես կզարգացնենք, տնտեսությունը կաճի, ու «դրախտում» կապրեք: Այս տեսակ հեքիաթային ծրագրերից է նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքինը:

«Առանց տնտեսական ժողովրդավարության չկա ոչ միայն կենսամակարդակի աճ, այլ նաեւ քաղաքական ժողովրդավարություն»,- սա դաշինքի, կարելի է ասել՝ փիլիսոփայությունն է:

ՕՐՕ-ն էլ, մյուսների նման, առաջարկում է վերացնել արհեստական մենաշնորհ16ները, ձեւավորել մրցակցային դաշտ, բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա եւ տեղական ներդրումների համար: Այս դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության ծրագրում մի ուշագրավ կետ կա. «Մասնակի շրջափակման եւ փաստացի պատերազմող ՀՀ-ի համար մեծ շռայլություն է ոչ միայն վատ կառավարումը, այլ նաեւ բաց թողնված հնարավորությունները: Հետեւաբար գործարար ակտիվության եւ ազատական տնտեսության առումով մենք պետք է մշտապես մի քանի քայլ առաջ լինենք մեր անմիջական հարեւաններից առնվազն շուկայական ինստիտուտների կայացման ու գործարար միջավայրի բարելավման առումներով»:

«Համախմբումը» դաշինքի այս ծրագիրը գրելիս դժվար թե մոռացած լինի իր նշած՝ մասնակի շրջափակումն ու փաստացի պատերազմ իրականությունը: Հիմա դաշինքը, որ խոստանում է բարենպաստ պայմաններ օտարերկրյա ներդրողների համար, արդյոք նրանց կարո՞ղ է համոզել փող ներդնել մասնակի շրջափակված կամ ավելի ճիշտ՝ արտահանման անհուսալի Լարսի ճանապարհ ունեցող ու փաստացի պատերազմող երկրում:
Դաշինքը նաեւ վստահեցնում է՝ տրամադրել մինչեւ 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար հարկային արձակուրդ՝ 5 տարի ժամկետով, աջակցության մեխանիզմներ նոր հիմնվող փոքր բիզնեսի համար, ավելացված արժեքի հարկը սահմանել 18%: Դաշինքը նույնիսկ առաջարկում է ընդունել հարկային նոր օրենսգիրք, իրականացնել տեղական արտադրողին աջակցող դրամավարկային քաղաքականություն:

ՕՐՕ-ի ծրագրի ուշագրավ առաջարկներից է՝ «Բիզնես հիմնելը եւ բիզնեսով զբաղվելը պետք է դիտվեն որպես հայրենասիրության դրսեւորման ձեւ, իսկ պետծառայողների եւ այլոց կողմից բիզնեսին խոչընդոտելը՝ պետական ծանր հանցագործություն, փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը պետք է համարվի ազգային-ռազմավարական խնդիր»: Ինչ խոսք, Հայաստանում բիզնեսով զբաղվելը հայրենասիրություն է, բայց ենթադրվում է, որ ՕՐՕ-ն նման կարգավիճակ սահմանելով՝ ինչ-որ առավելություններ է այս հայրենասերներին շնորհելու:

«Խթանել 250 մլն դրամը գերազանցող, չաշխատող (որոնց գործարկումից այլ հարկային մուտքեր բյուջե չեն կատարվում) ակտիվների` ոչ բնակելի անշարժ գույքի գործարկումը՝ ավելացնելով դրանց հանդեպ գույքահարկը: Բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհների ասֆալտե ծածկույթի հանդեպ ներկայացվող պահանջները: Ավելացնելով դրա գինը ընդամենը 3 տոկոսով՝ գործողության ժամկետը հնարավոր է կրկնապատկել»,- գրված է դաշինքի ծրագրում: ՕՐՕ-ն մտադիր է Հայաստանը կրկին ընդգրկել «Հազարամյակների մարտահրավեր» տնտեսական ծրագրում. սա, ըստ դաշինքի, հնարավոր է մեր երկրում ժողովրդավարության հաստատումից հետո։ Հիշեցնենք. ժողովրդավարության հաստատման ձգտող դաշինքի անդամներ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը եղել են այն իշխանությունների մաս կազմող նախարարները, որոնք ամենեւին ոչ ժողովրդավարական ընտրություններով են իշխանության հասել ու հետո ամենեւին ոչ ժողովրդավարական քաղաքականություն վարել. այս մասին փաստում են մի շարք միջազգային կազմակերպությունների զեկույցները:

Դաշինքը գյուղատնտեսության ոլորտում առաջարկում է հարկային մեղմ քաղաքականության կիրառմամբ բարձրացնել արտադրության արդյունավետությունն ու իջեցնել ինքնարժեքը, ինչն էլ կնպաստի երկրի պարենային անվտանգության ապահովմանը: ՕՐՕ-ն գյուղատնտեսությունում մտադիր է ապահովագրական համակարգ ներդնել, սկզբում՝ կամավորության, ապա պարտադիր սկզբունքով. «Ստեղծելու ենք գյուղատնտեսության եւ ֆերմերային տնտեսությունների ապահովագրական ճկուն համակարգ` պետության փութաջան մասնակցությամբ, առաջին հերթին` ապահովագրական վճարների մի մասի փոխհատուցումը ստանձնելու իմաստով»: Գյուղատնտեսության ապահովագրումը երկար տարիներ քննարկվող եւ այդպես էլ իրականություն չդարձող երազանքի նման մի բան է: Հայաստանում ապահովագրական ընկերությունները, ինչպես վստահեցնում են փորձագետներն ու տնտեսագետները, պատրաստ չեն գյուղատնտեսությունը ապահովագրել. ռիսկերը բարձր են, հետեւաբար վճարներն էլ փոքր չեն լինելու, ապահովագրական ընկերությունները չեն ցանկանում գլխացավանքի մեջ ընկնել ու ասենք՝ կարկտահարված կամ երաշտից տուժած մեծ չափերի հասնող գյուղատնտեսական տարածքների վնասները փոխհատուցել:

«Հատուկ կարգավիճակ ենք տալու Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող բնակավայրերին՝ օրենքով նրանց համար սահմանելով հատուկ կարգավիճակ»,- գրված է ծրագրում: ՕՐՕ-ի խոստումն ուղղված է գյուղացիներին՝ «Կիրառելու ենք գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորում մինչեւ 50% չափով: Ապահովելու ենք պետական օժանդակություն գյուղմթերքների արտադրությանն ու արտահանմանը` ներառյալ գյուղատնտեսության եւ, հատկապես, ֆերմերային փոքր տնտեսությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արտադրությունների սուբսիդավորումը: Ոլորտում ներդնելու ենք վարկավորման արդյունավետ համակարգ՝ վարկային միջոցների տրամադրման ժամանակահատվածը եւ տոկոսադրույքները սահմանելիս հաշվի առնելով տվյալ ճյուղի առանձնահատկությունները` որպես գրավի առարկա ընդունելով հողը, ինչպես նաեւ գյուղատնտեսության մեջ օգտագործվող հիմնական միջոցները։ Հատուկ արտոնյալ վարկավորման ու հարկային պայմաններ ենք կիրառելու բարձրլեռնային եւ սահմանամերձ գոտիներում գործող գյուղացիական տնտեսությունների համար: Փոփոխություններ ու լրացումներ ենք կատարելու «Հողի հարկի մասին», «Հողի հարկի արտոնությունների մասին», «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքներում` սահմանամերձ, բարձրլեռնային եւ խրախուսվող տարածքներում հողի հարկի արտոնություններ տրամադրելու նպատակով»:

Հիշեցնենք, որ սահմանամերձ բնակավայրերի համար հարկային որոշակի արտոնություններ հիմա էլ են տրված. Ադրբեջանի հետ սահմանակից հողատարածքներն ազատված են հողի հարկից: Բայց այսօր կա մի խնդիր՝ սահմանամերձ շատ հողատարածքներ մշակելը վտանգավոր է, հակառակորդը, հիշեցնենք, ժամանակ առ ժամանակ կրակում է, ու այդ ի՞նչ հատուկ կարգավիճակ պիտի տա ՕՐՕ-ն, որ, ասենք, մարդը կյանքը վտանգելով՝ եկար տարիներ չմշակվող հողը որոշի նորից մշակել:
Դաշինքի ծրագիրը բավականին ծավալուն է, եւ գյուղատնտեսության ու այլ ոլորտներում առաջարկներին կանդրադառնանք առաջիկայում:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

08,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031