Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն կամայականորեն օգտագործել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը և խորհրդանիշերը

Մայիս 15,2017 10:33

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որը ձևավորվել է 2013թ․-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունների կողմից՝ համատեղ դիտարկելու Երևան քաղաքի ավագանու ընտրությունները։ Նախաձեռնության գործունեությունը հետագայում շարունակվել է՝ հաշվի առնելով արդյունավետ համագործակցությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության կարևորությունը։ 2016թ․-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դուրս է եկել կոալիցիայից, և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակել է հանդես գալ երեք կազմակերպությունների հիմնական կազմով՝ գործունեության տարբեր փուլերում համագործակցելով նաև այլ կազմակերպությունների հետ։

Մինչ օրս «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն իրականացրել է դիտորդական առաքելություն 2013թ․ Երևան քաղաքի ավագանու, 2013-2017թթ․ 100 համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, 2015թ․ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի և 2017թ․խորհրդարանական ընտրությունների ընթացքում։

Ներքոստորագրյալներս հայտարարում ենք, որ 2017թ․ ապրիլին խորհրդարանական ընտրությունների դիտարկումը եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ցայսօր իրականացրած վերջին գործողությունը, ուստի վերոնշյալ շրջանակից դուրս և դրանից հետո իրականացված ձեռնարկները, հայտարարությունները և մեկնաբանությունները չեն արտացոլում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամների համատեղ գործունեությունը և տեսակետը։

Երևան քաղաքի 2017 թ. ավագանու ընտրությունների դիտորդությունն իրականացվել է բացառապես «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ կողմից, որտեղ վերջինս կամայականորեն օգտագործել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը և խորհրդանիշերը, ինչով հանրությանը որոշակիորեն ապատեղեկացրել ու ապակողմնորոշել է։

Ցավոք սա տեղի է ունեցել առանց գործընկերների համաձայնությունը ստանալու, չնայած «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն պատշաճ զգուշացված է եղել նման գործելաոճի անընդունելի լինելու մասին։ Տեղի ունեցածի պատճառով այժմ հրապարակային կերպով տեղեկացնում ենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը և խորհրդանիշերը չեն կարող օգտագործվել հիմնադիրներից որևէ մեկի կողմից, եթե չկա բոլոր անդամ կազմակերպությունների համաձայնությունը։

 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031