Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ ԱԽ-ն կարող է Ադրբեջանին ագրեսոր ճանաչել, որովհետեւ նա ձախողում է խաղաղ բանակցային գործընթացը». «168 ժամ»

Մայիս 23,2017 11:59

Հարցազրույց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ

– Պարոն Տարասով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս հայտարարել են, որ մայիսի 15-ին Ադրբեջանը հրթիռակոծել և շփման գծից այն կողմ նպատակակետին է հարվածել, ինչին ի պատասխան՝ հայկական կողմը նույնպես գործողություն է իրականացրել։ Հայաստանում այս հայտարարությունը կոչում են աննախադեպ, հասցեական և ոչ ստանդարտ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչը դրդեց համանախագահներին նման քայլի գնալ։

– Մեր փորձը և մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ապրիլ ամսին ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ կողմերն ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերել, հետո Սերժ Սարգսյանն ԱԺ խորհրդարանում իր ելույթում հայտարարեց, որ բանակցային գործընթացի հիմքում դրված է Կազանյան փաստաթուղթը կամ, հնարավոր է, դրա ինչ-որ մոդիֆիկացիան՝ միաժամանակ նշելով, որ պահպանվում է բանակցությունների գաղտնիությունը։ Այն պահին, երբ Նալբանդյանը հայտարարեց, որ պատրաստ է բանակցությունների, իսկ Մամեդյարովը նույնպես հայտարարեց, որ իրենք էլ են պատրաստ բանակցությունների, բայց տարածքային խնդիրներ կան, ահա այդ պահին, երբ նրանք պատրաստ էին նոր հանդիպման, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Շատ փոքր, հիմար, հորինված պատճառաբանության հիման վրա, իբր հայկական կողմն ուզում էր խոցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռը, թեև ոչ հրապարակային ասվում էր, որ ոչ մի կողմն առաջինը չի հարվածի, նրանք, ովքեր ձգտում էին ձախողել այդ բանակցությունները, հասան իրենց նպատակին։ Տվյալ դեպքում, ես կարծում եմ, որ դա ադրբեջանական կողմի զինվորականներն էին, առավել ևս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը հասցեական բնույթ էր կրում, և մեղադրում Ադրբեջանին այդ գործընթացը ձախողելու մեջ։ Ահա և վերջ։

– Ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել միջազգային հանրությունը, ՄԽ այդ հասցեական հայտարարությանը կհետևե՞ն համապատասխան գործողություններ, օրինակ՝ Ադրբեջանի նկատմամբ կկիրառվե՞ն պատժամիջոցներ, կամ որևէ այլ քայլ կարվի՞։

– Ոչ, խնդիրն այն է, որ Ադրբեջանը ձախողում է օրակարգը, նրան ասում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի մասին, իսկ Բաքուն ասում է, որ պետք է սկսել մաքուր էջից, այսինքն՝ այլ օրակարգ են մտցնում, տապալում են  բանակցային  գործընթացը։ ԵԱՀԿ ՄԽ բոլոր անդամները ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներ են։ Նրանք կարող են Ադրբեջանի հարցը բարձրացնել ԱԽ-ում, և այդ ժամանակ  Բաքուն  ծանր  վիճակի  մեջ կհայտնվի։ ՄԱԿ ԱԽ-ն կարող է Ադրբեջանին ագրեսոր ճանաչել, որովհետև նա ձախողում է խաղաղ բանակցային գործընթացը։ Իսկ հետո, ինչպես ասվում է, կարող է տեղի ունենալ ճակատագրական շրջադարձ՝ կհայտնվեն պետություններ, որ կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Չէ՞ որ պատահական չէ, որ ապրիլ ամսին Երևանը խոսում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորության մասին։ Իրադարձությունների զարգացման ընթացքը կանխատեսելը բարդ է, այժմ կարելի է միայն ենթադրություններ և գուշակություններ անել։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031