Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը պարտավոր է լավ պայմաններ ստեղծել, որ մեր երեխաները ապրեն հնարավորինս անհոգ». Շարմազանով. (Տեսանյութ)

Հունիս 01,2017 16:55

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Երեխաների պաշտպանության օրը ԱԺ էր եկել որդու՝ Հովսեփի հետ:

Նա մեզ հետ զրույցում բողոքեց, որ հայրը, երբ պարապ է լինում՝ իր վրա բարկանում է: Մենք Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ հաճա՞խ է պարապ լինում, որ երեխաների վրա է սկսում բարկանալ՝ նա ծիծաղեց. «Միգուցե»:

Մենք հետաքրքրվեցիք՝ տանը առհասարակ հաճա՞խ եք լինում, թե՞ գործի բերումով չեք կարողանում՝ նա պատասխանեց. «Համենայնդեպս, տանն եմ գիշերում, տանն եմ արթնանում, երեխաներին ճանապարհում եմ դպրոց, շաբաթ-կիրակի աշխատում եմ ընտանիքի հետ լինել»:

Անցյալ տարի հունիսի 1-ին ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ երեխաները պարտավոր են մեծանալ: Մեր հարցին՝ իսկ իշխանությունները ի՞նչ են պարտավոր անել երեխաների համար՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Պարտավոր են լավ պայմաններ ստեղծել, որպեսզի մեր երեխաները ապրեն հնարավորինս անհոգ, ապահով երկրում, ստեղծել հնարավորություն, որ յուրաքանչյուր երեխա կարողանա ինքնադրսեւորվել եւ լինել 21-րդ դարի Հայաստանի քաղաքացի»:

Մեր հարցին՝ այս տարվա առաջին եռամսյակին արդեն արտագաղթել է 15 հազար մարդ, այդ թվում՝ երեխաներ, իշխանությունների մեղքի բաժինը սրանում չկա՞՝ նա պատասխանեց. «Յուրաքանչյուր գործընթացի համար պատասխանատուն իշխանությունն է: Մեղավոր է, թե մեղավոր չի՝ ժամանակը ցույց կտա, բայց էմիգրացիան գլոբալ երեւույթ է եւ միշտ չի, որ պետք է կապել ներհայաստանյան իրավիճակի հետ: ԵՄ այնպիսի երկիր, ինչպիսին Սլովենիան է, որը նախկին Հարավսլավիայի ամենաապահով երկիրն էր, մինչեւ ԵՄ մուտքը ամենաբարձր ՀՆԱ ուներ, բայց այսօր Սլովենիայում կա ահավոր մեծ արտագաղթ դեպի ավելի զարգացած եվրոպական երկրներ»:

Նա նաեւ օրինակ բերեց Էստոնիան. «Ես չեմ ուզում արդարացնել մեր թերությունները, բայց արտագաղթը ավելի բարդ եւ գլոբալ երեւույթ է: Գլոբալ աշխարհում, երբ սահմանները բաց են, հնարավորությունները մեծ են, մարդիկ գնում են այնտեղ, որտեղ ինքնադրսեւորման հնարավորություն կա: Մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանը գրավիչ լինի: Բայց միայն գրավչությամբ չես կարող պահել, յուրաքանչյուր մարդ պետք է զգա իր առաքելությունը, որ Աստծո կողմից արարվել է Հայկական բարձրավանդակում եւ ինքը պետք է ապրի եւ արարի այստեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930