Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքը» որոշել է, թե ավագանիում որ հանձնաժողովի նախագահությունը կվերցնի

Հունիս 05,2017 15:30

«Ելքը» խոստանում է ավագանու նիստերում քննարկվող խնդրահարույց, կոռուպցիոն ռիսկերով նախագծերի դեմ ուղղել հասարակական ճնշումը

Հունիսի 9-ին Երեւանի ավագանու նոր կազմով առաջին նիստն է լինելու:
Հիշեցնենք. ավագանու կազմում ՀՀԿ-ն մեծամասնություն է՝ 46 անդամ, «Ելք» դաշինքը՝ 14 անդամ, իսկ «Երկիր Ծիրանին»՝ 5 անդամ:

Արդյո՞ք Երեւանի ավագանու նիստը քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար կանցնի «դժոխային» մթնոլորտում, ինչպես խոստացել է «Երկիր Ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջանը՝ պարզ կլինի հունիսի 9-ին:

Հիշեցնենք. Փոստանջյանը, որը եւս ավագանու անդամ է, ասել էր. «Տարոն Մարգարյանն անգամ մեկ օր լիաթոք չի շնչի: Մայիսի 15-ից հետո նա եւ իր ներկայացրած ՀՀԿ-ն ամեն օր խնդիրներ են ունենալու: Մենք աշխարհով մեկ կողմնակիցների մեծ թիմ ունենք եւ Մարգարյանի ու նրա թիմի համար ճանապարհ կբացենք դեպի դատախազության շենք: Այլեւս ոչ մի մարդասիրություն նրանց հանդեպ: Այսուհետեւ Տարոն Մարգարյանի եւ իր ղեկավարության համար երկինքը վանդակավոր տեսք կունենա»: Տարոն Մարգարյանն էլ Փոստանջյանին հակադարձել էր. «Եթե երեւանցիները ձայն են տվել, եւ ինքը ցանկություն ունի մասնակցելու եւ ցանկություն ունի մեր Երեւան քաղաքը կառուցելու… ով ուզում է Երեւան քաղաքի համար, մեր երեւանցիների համար մի լավ բան անի՝ մենք պատրաստ ենք օգնել»

Իսկ ինչպե՞ս է պատրաստվում ավագանու առաջին նիստին «Ելք» խմբակցությունը. «Առավոտի» հետ զրույցում այս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ նիստի օրակարգում հիմնականում ընդգրկված են կազմակերպչական հարցեր՝ Երեւանի ավագանու գործունեության առնչությամբ: Մասնավորապես, խմբակցությունների կազմի հաստատումը, կանոնադրությունը եւ հանձնաժողովների ձեւավորումը:

«Հունիսի 9-ի նիստը կրում է ֆորմալ բնույթ, եւ այդ առումով այն նախագծերն ու առաջարկությունները, որոնք մենք ունենք, այս ընթացքում պարզապես գրավոր ենք ներկայացնում քաղաքապետին, որպեսզի հետագա նիստերի ժամանակ ընթացք տա: Համաձայն Երեւանի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի եւ ըստ Դոնթի բանաձեւի բաշխման՝ մեզ հասնում է նաեւ մեկ հանձնաժողովի նախագահություն եւ մեկ հանձնաժողովի նախագահի տեղակալ»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Խմբակցությունն արդեն որոշել է՝ վերցնելու են մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը, եւ ըստ Խաժակյանի՝ դրա քվեարկությունն ու վերջնական բաշխումը պարզ կլինի կրկին հունիսի 9-ին:

«Բայց ես նախապես հայտարարում եմ, որ մեզ համար նախընտրելի է այդ հանձնաժողովը»,- ասաց Խաժակյանը: Նրա խոսքով՝ «Մեր նախընտրած հանձնաժողովի սպեկտորը բավականին լայն է: Մենք կարծում ենք, որ, օրինակ, կրթական ոլորտում ունենք բազմաթիվ անելիքներ, հատկապես այն մասով, որը վերաբերում է Երեւանի քաղաքապետարանի գործունեությանը, եւ դրա համար կարծում ենք, որ այդ հանձնաժողովում լուրջ անելիք ունենք: Թեպետ ավագանու բոլոր անդամները ներգրավված են բոլոր հանձնաժողովներում, ինքս ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովում եմ լինելու եւ պատրաստվում եմ վերահսկել քաղաքի բյուջեն, քաղաքապետարանի կողմից կատարվող ծախսերը»:

Նշենք, որ քաղաքապետարանում գործելու է 4 հանձնաժողով՝ 1) ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողով, որը զբաղվում է Երեւանի բյուջեի, վարկերի, փոխառությունների, հարկերի, տուրքերի, վճարների, առեւտրի, սպասարկման, գովազդի, տրանսպորտի, ճանապարհաշինության եւ գույքի կառավարման հարցերով, 2) մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողով, որը զբաղվում է մշակույթի, կրթության, զբոսաշրջության, երիտասարդության, սպորտի, առողջապահության, սոցիալական ապահովության, այդ թվում նաեւ՝ մայրության եւ մանկության, հաշմանդամության, աշխատանքի, զբաղվածության, ինչպես եւ հասարակայնության եւ արտաքին կապերի հարցերով, 3) քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի հանձնաժողով, որը զբաղվում է ճարտարապետության, քաղաքաշինության, հողօգտագործման, բնապահպանության, բնակարանային ֆոնդի եւ կոմունալ տնտեսության հարցերով, 4) իրավական հարցերի հանձնաժողով, որը զբաղվում է ավագանու, քաղաքապետի, քաղաքապետարանի աշխատակազմի իրավական ակտերի ուսումնասիրության եւ գործող օրենսդրությանը դրանց համապատասխանեցման, Երեւանին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների նախագծերի առաջադրման, ինչպես նաեւ շրջանառության մեջ դրված օրենսդրական նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման եւ հասարակական կարգի պահպանության հարցերով:

Ըստ Դոնթի բանաձեւի՝ «Երկիր Ծիրանիին» որեւէ հանձնաժողովի նախագահություն չի տրվելու, ուստի 4 հանձնաժողովներից 3-ը բաժին կընկնի ՀՀԿ խմբակցությանը:
Ինչո՞ւ է «Ելքը» որոշել հենց մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահությունը վերցնել, արդյո՞ք մյուս հանձնաժողովները, որոնք, ասենք՝ ֆինանսականն ու իրավականը, ավելի կարեւոր, ֆինանսական լուրջ լծակներ ունեցող հանձնաժողովներ չեն, եւ ՀՀԿ-ն սրանք «Ելքին» չէր զիջի:
Այս առնչությամբ Դավիթ Խաժակյանն ասաց. «Ես կարծում եմ՝ եթե խոսքը իշխանության կողմից օգտագործվող լծակների մասին է, կրթական ոլորտը ոչ պակաս է օգտագործվում, հատկապես ընտրությունից ընտրություն, քան այլ ոլորտները: Մենք քննարկել ենք, թե որոնք են մեզ համար առանցքային ոլորտները: Ամենաառանցքայինը, ես կասեի, որտեղ ունենք հնարավորություն հանձնաժողովի նախագահ ունենալու, հենց այդ հանձնաժողովն է: Սա մեր կողմից խնդիրներն ըստ առաջնահերթության բաշխելու հիման վրա է որոշվել»:
Իսկ թե «Ելքի» նախընտրած հանձնաժողովի նախագահը խմբակցությունից ով կլինի՝ Խաժակյանն ասաց՝ այդ մասին հունիսի 9-ին ընդառաջ կհայտարարեն:

Հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է, «Ելքն» ինչպե՞ս է կանխարգելելու խնդրահարույց կամ կոռուպցիոն ռիսկերով նախագծերի ընդունումը. մեր այս հարցին ի պատասխան՝ Խաժակյանն ասաց. «Կարծում եմ՝ ընդդիմության համար իշխանության գործողությունները զսպելու լավագույն միջոցը հասարակական ճնշումն օգտագործելն է: Իսկ ինչպե՞ս է հնարավոր հասարակական ճնշումն ուղղել որեւէ նախաձեռնության դեմ. «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու խմբակցությունն ուշադրության կենտրոնում է պահելու բոլոր նախագծերը, եւ որեւէ նախագիծ, որը կարող է վնասել քաղաքին, որն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր կպարունակի, այդ բոլոր նախագծերի մասին մենք լուսաբանելու ենք հասարակությանը եւ ուշադրության կենտրոնում պահենք խնդիրները: Այս իմաստով, ես կարծում եմ, այսքան ժամանակ Երեւանի ավագանու նիստերի նկատմամբ հետաքրքրությունն այն աստիճան չի եղել, ինչպես, օրինակ, Ազգային ժողովինը: Սրա պատճառը եղել է այն, որ 1-2 ակտիվ անդամներ են եղել ընդդիմության կողմից ներգրավված Երեւանի ավագանիում, եւ խնդիրների հիմնական մասը կոծկված է մնացել: Մենք ուշադիր հետեւելու ենք բյուջեի ծախսերին, բյուջեի մուտքերին եւ ելքերին ու բազմաթիվ բացեր գտնելու, անարդյունավետ ծախսեր գտնելու դեպքում դրանք հնչեցնելու ենք, դրանց մասին իմանալու է հասարակությունը: Եվ սա լինելու է զսպող գործիք քաղաքային իշխանության համար, եւ մեր այդ գործողությունները նրանց կզսպի բյուջեն, այսպես ասած՝ սեփական ցանկություններով տնօրինելու հարցում»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

03.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930