Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ ասաց, որ հիմա պետք է պատերազմ լինի». Արման Նավասարդյան

Հունիս 05,2017 13:47

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը բացառում է, որ Ադրբեջանի կողմից ծրագրավորված հարձակում լինի Հայաստանի նկատմամբ:

«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը պարոն Նավասարդյանը, անդրադառնալով Միջազգային «Ճգնաժամային խումբ» (ICG) հետազոտական կազմակերպության զեկույցին՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որտեղ իրական է համարվում Ղարաբաղում լայնամասշտաբ հակամարտության վերսկսումը, նկատեց, որ այս զեկույցը Ադրբեջանի ներքին լսարանի և Հայաստանում լարված հոգեբանական իրավիճակ ստեղծելու համար է. «Պետք է հասկանալ, թե ում է դա ձեռնտու: Այս դեպքում ձեռնտու է մեր հակառակորդին: Խնդիր է դրված տնտեսական և քաղաքական առումով Ադրբեջանում լարված իրավիճակին ներազդել և ՀՀ-ում հոգեբանական լարված իրավիճակ ստեղծել: Բայց ոչ մի բան էլ չի լինելու, ո՞վ ասաց, որ հիմա պետք է պատերազմ լինի: Ես ռազմական փորձագետ չեմ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ այս պահին լայնամասշտաբ պատերազմական գործողություն չի լինի, ուրիշ բան, որ կարող է լինել էսկալացիա»:

Պարոն Նավասարդյանն ամփոփեց, որ սա ոտից գլուխ սարքված փաստաթուղթ է և սարքված խորամանկությամբ:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ հղում կատարելով ռուսական հայտնի ասացվածքին՝ нет пророка в своем отечестве, հիշեցրեց, որ հայ փորձագետները վաղուց զգուշացրել են պատերազմի վերսկսման վտանգի մասին, սակայն անուշադրության մատնվել. «Հիմա, երբ դա ասում է Միջազգային ճգնաժամային խումբը, բոլորը որպես օրենք են ընդունում: Սա Ադրբեջանի լոբբիստական աշխատանքի արդյունքն է: Օրինակ՝ կարևոր է այն, թե ինչ առաջարկներ են փաստաթղթում ներկայացված: Հստակ գրված է. ներքին տեղահանվածները պետք է վերադարձվեն: Այստեղից երևում է, որ պրոադրբեջանական դիրք ունեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած հայտարարության մեջ կա փախստականներ և ներքին տեղահանվածներ եզրույթը, բայց այստեղ փախստական բառը չկա: Մինչդեռ փախստականը պետությունից դեպի պետություն պիտի տեղափոխվի, իսկ ներքին տեղահանվածներ նշանակում է, որ Ղարաբաղ պետք է վերադարձվեն մարդիկ, որոնք մինչ այդ ապրում էին Ղարաբաղում»:

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ զեկույցի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել արցախյան հիմնահարցին:

Քաղաքագետը չի կարծում, որ զեկույցը լոբբիստական ջանքերի արդյունք է, ընդհակառակը, ըստ նրա՝ զեկույցը վերջին տարիներին գրված իրականությանն ամենամոտ վերլուծություններից մեկն է. «Զեկույցը նույնիսկ չափից ավելի բալանսավորված է: Օրինակ՝ նույն ճգնաժամային խումբն իր զեկույցում օկուպացված տարածքներ եզրույթը օգտագործել է չակերտների մեջ: Նաև նշել են, որ չնայած Ադրբեջանը համարում է դրանք օկուպացված տարածքներ, բայց նաև նշել են, որ հայկական կողմը ևս ունի սեփական կարծիք և բերել են Շահումյանի օրինակը: Դրական եմ համարում այն, որ իրականությանը մոտ ներկայացվել են այն մոտեցումները, որոնք գոյություն ունեն ՀՀ-ում և Արցախում տարածքային զիջումների վերաբերյալ: Հստակ նշվել է, որ Արցախում և ՀՀ-ում հասարակությունը պատրաստ չէ գնալ որևէ զիջման: Բերելով «Սասնա ծռերի» օրինակը՝ նրանք նշել են, որ զուտ տեխնիկապես այսօր հնարավոր չէ գնալ տարածքային զիջումների»:

Պարոն Գրիգորյանը նշեց, թե չի հանդիպել որևէ զեկույց, որտեղ նշված լինի, որ արցախյան իշխանությունները պատրաստ են պատերազմի վերսկսման դեպքում ոչ միայն գտնվել ակտիվ կամ պասիվ պաշտպանության տակ, այլև անցնել հակահարձակման և 15 կիլոմետր խորանալ Ադրբեջանի տարածքում:

Այս զեկույցում նաև նշված է, որ դրա հետևանքով Ադրբեջանը կունենա 300.000-ից 600.000 փախստական: Նրանք նշել են, որ պատերազմի վերսկսման դեպքում հնարավոր է, որ Արցախի բանակը հնարավորություն ունենա իրականացնել այդ պլանները:

Ստեփան Գրիգորյանը կրկին հղում կատարեց զեկույցի եզրակացություններին. «Այդտեղ ասվում է ստատուս քվոն փոխել: Ստատուս քվո ասելով՝ մեզ ասում են տարածքներ ազատեք: Ինձ համար կարևոր է զեկույցի վերջնական հատվածը. առաջարկները, որտեղ ասում են, որ պետք է ճնշում գործադրել կողմերի վրա»:

Տիգրան Գրիգորյանը շեշտեց, թե այնպես չէ, որ մինչ այս գրված զեկույցներում մեզ կամ Ադրբեջանին ձեռնտու տարբերակներ են նշվել: Նա վերահաստատեց, որ գոյություն ունի Լավրովի պլան, ինչի մասին ասվել է նաև ամենաբարձր մակարդակներով, և վերջին՝ առնվազն երկու տարիների ընթացքում ՌԴ-ն փորձում է առաջ տանել այդ ծրագիրը:

Իսկ Ստեփան Գրիգորյանը վստահեցրեց, որ այսօր թեև Ռուսաստանը չի ցանկանում պատերազմական գործողություններ տարածաշրջանում, բայց «մեր ուղեղում միշտ պետք է պահենք Ղարսի պատմությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930