Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ հայտնի չէ, թե ով ում կողքին կկանգնի

Հունիս 08,2017 16:00

ՕՐՕ-ի համախոհ Ազատ Արշակյանը Սեյրան Օհանյանից եւ Րաֆֆի Հովհաննիսյանից ծրագիր ու գաղափարախոսություն է ուզում

«Մեզ համար հասկանալի է, որ խորհրդարանն իր մեջ չի պարունակում մեր հասարակության բոլոր խավերի տեսակետները, շահերն արտահայտող ուժերը, դրա համար արտախորհրդարանական գործունեություն, իհարկե, անհրաժեշտ է»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով ՕՐՕ-ի հետագա գործունեությանը՝ Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ քննարկումներ լինում են քաղաքական կուսակցությունների, դաշինքի եւ հասարակական կազմակերպությունների ներսում. «Գործելու ձևաչափը, մեթոդները, սկզբունքներն ինքներս կորոշենք, կհայտնենք: Տարբեր կուսակցական միջոցառումներ ենք պլանավորում: Արտախորհրդարանական գործունեություն կծավալենք անպայման, որը լինելու է Հայաստանում գործող օրինական դրույթների շրջանակում»: Ավելի վաղ ՕՐՕ-ի հետագա գործունեությանն անդրադարձել էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` հայտարարելով կուսակցությունների խոշորացման իր ցանկության մասին: Երեկ «Համախմբում» կուսակցության տարբեր ներկայացուցիչներից փորձեցինք պարզել իրենց տեսակետը դաշինքի երկու անդամների այս հայտարարությունների մասին: Ապարդյուն: Մեր տեղեկություններով, սակայն, այս գործընթացն այժմ դեռ հայտարարությունների փուլում է, քայլեր չեն արվում:

Նկատի ունենալով այն, որ Հայաստանն արդեն հետընտրական փուլում է, եւ ընդդիմությունը կարծես բաց է թողել այդ փուլում պայքարի իր հնարավորությունները, նախկին պատգամավոր, Սեյրան Օհանյանի զինակից եւ ՕՐՕ դաշինքի համակիր Ազատ Արշակյանից հետաքրքրվեցինք` հնարավոր համարո՞ւմ է միավորումը, առավել եւս՝ դրա հաջողության գրանցումը: Հիշեցնենք. դաշինքն ընտրություններում ստացավ ընտրողների 2,7 տոկոսի ձայները: Ազատ Արշակյանը համամիտ չէ «հետընտրական» ձեւակերպման հետ: Նրա կարծիքով՝ այժմ նախընտրական փուլ է, եւ հաջորդ ընտրություններին պետք է պատրաստվել: Բայց մինչ այդ իրենք հաշվետվություն պետք է ներկայացնեն իրենց ձայն տված երեսուն հազար քաղաքացիներին:

– Նկատի ունենալով այն ընտրական գործընթացները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, հնարավոր համարո՞ւմ եք այս գործիչների՝ հաջողություն գրանցելը:

– Հաջողություն անպայման կգրանցեն բոլոր նրանք, ովքեր կհայտարարեն, որ չեն ընդունում առողջապահության, կրթության նկատմամբ իշխանության քաղաքականությունը, դեմ են արտագաղթին, դեմ են մեկ միլիոն թշվառ քաղաքացի ունենալու քաղաքականությանը: Մինչեւ ո՞ւր կարելի է գնալ: Ես կարծում եմ, որ համբերության բոլոր բաժակները, գավաթներն ու ավազանները լցվել են: Ով որ ծրագիր կառաջարկի` ներգաղթ կազմակերպելու, տնտեսությունն առողջացնելու, առողջապահության հարցերը կարգավորելու, կրթությունը ՀՀ-ում բարձր մակարդակի վրա հանելու, կիրթ, բարձր մշակույթի տիրապետող ՀՀ քաղաքացի ունենալու, նա էլ հաջողություն կգրանցի:

– Ներգաղթի մասին Սերժ Սարգսյանն էր խոսում խորհրդարանի առաջին նիստում:

– Սերժ Սարգսյանը խոսում էր, մենք գործի մասին ենք խոսում: Ներգաղթի ծրագիր` նշանակում է հատուկ տնտեսական, սոցիալական քաղաքականություն եւ այլն: Ներգաղթի համար պետք է ապահովվի Հայաստանը հայերի համար ամենաանվտանգ երկիր լինելը: Եթե դա են անելու Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ մյուսները, ովքեր քաղաքական հայտ են ներկայացնում… Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները ես համարում եմ ընդամենը քաղաքական հայտ. բայց դրա տակ ի՞նչ գաղափարախոսություն եւ ծրագիր կա, նրանց թիկունքում ի՞նչ մարդկային, նյութական, տնտեսական եւ կամային ռեսուրս կա` դեռ չեն հայտարարել: Հենց հայտարարեն` կարելի կլինի քննարկել: Չգիտենք` «Ժառանգությունն» ի՞նչ ծրագիր կընդունի: Կամ` Սեյրան Օհանյանը զորահավա՞ք է հայտարարում, իսկ ի՞նչ գաղափարախոսությամբ եւ ի՞նչ նպատակով:

– Այս նույն լիդերները ընդամենը մեկուկես ամիս առաջ հայտ ներկայացրին, մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին, բայց Ձեր նշած այլընտրանք ծրագիրն այդպես էլ չառաջարկեցին հանրությանը: Ի՞նչն էր նրանց խանգարում դա անել այն ժամանակ, երբ ընտրություններ էին, եւ իրական հնարավորություն կար իշխանություն վերցնելու:

– Իշխանություն վերցնելու իրական հնարավորություն չկար՝ մի կարեւոր պատճառով` ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում, Մաքսային միությունում, Եվրասիական միությունում իշխանությունը չի փոխվում: Իսկ մենք այդ կառույցների ծայրագավառն ենք: Չի կարող ծայրագավառում լինել մի բան, որը մետրոպոլիայում չի լինում: Առանձին վերցրած փոքրիկ, աղքատ, ծեր եւ հիվանդ գավառում չի կարող լինել մի բան, որը Աստանայում, Մինսկում, Մոսկվայում եւ Բիշքեկում չի լինում: Իշխանափոխությունն անհնար է: Ով որ այդպիսի ծրագիր է դնում, դա քարոզչություն է, իմիտացիա:

Երկրորդ` այն կարճ ժամանակը, որը տրված էր Սեյրան Օհանյանին, բավարար չէր մարդկային ռեսուրսներ մոբիլիզացնելու եւ քաղաքական ծրագիր կազմելու համար: Այսինքն՝ դա արվեց հընթացս:

– Նա կարող էր ավելի շուտ լքել իշխանությունը, որին չէր հավանում եւ որի մասն էր:

– Կան բաներ, որ ամեն մարդ անում է այն պահին, երբ գտնում է, որ ինքն էլ է հասունացել դրանց համար: Այսինքն՝ դրանից առաջ Սեյրան Օհանյանը պատրաստ չի եղել ձեռնոց նետել իր գործընկերներին, իր մարտական ընկերներին, իր քաղաքական համախոհներին:

– Դուք ասում եք` իշխանությունը Հայաստանում հնարավոր չէ փոխել, քանի դեռ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի անդամ ենք: Կարծում եք, որ առաջիկա տարիներին այս առումով ինչ-որ բա՞ն պիտի փոխվի, որ ընդդիմությունը իշխանության համար պայքարելու հնարավորություն ունենա:

– Որպեսզի Հայաստանում ձեւավորվի ընդդիմություն, մենք այդ կառույցներից պետք է դուրս գանք: ԵԱՏՄ-ում ընդդիմություն չկա, որովհետեւ քաղաքական կյանք չկա, դա կիսաբռնապետություն է:

– Ստացվում է` բոլոր նախաձեռնություններն ի սկզբանե դատապարտվա՞ծ են:

– Դատապարտված չեն: Դրանք քաղաքական իմիտացիաներ են: Դրա համար եմ ասում` հայտ ներկայացնողները թող իրենց ծրագիրը հայտարարեն` գաղափարախոսությունը եւ նպատակը: Եթե ծրագիրը կլինի այն, որ ինտերնացիոնալ ենք ուզում ստեղծել ընդդեմ ԵԱՏՄ բռնապետության` բելառուսների, ղազախների, կիրգիզների հետ միասին… ինչպես Սովետական Միությունը: ՀՀ-ն հիմա օրենք է ընդունել, որով Բելառուսին, Ղազախստանին, Կիրգիզիային թույլ է տալիս, որպեսզի Հայաստան զորք ուղարկեն եւ միջամտեն Հայաստանի քաղաքական կյանքին, թույլ չտան որեւէ իշխանափոխություն, նարնջագույն, ծիրանագույն կամ վարդերի հեղափոխություն: Այդ ամենի դեմ կա մեխանիզմ` ՀԱՊԿ զորքը: Մենք հիմա պատրա՞ստ ենք պատերազմ սկսել Կիրգիզիայի, Ղազախստանի եւ Բելառուսի զորքերի դեմ: Մենք դա կարո՞ղ ենք անել: Չենք կարող՝ իմ կարծիքով: Բայց միասին` ռուսները, բելառուսները, ղազախները, կիրգիզները, կարող ենք ռեժիմը փոխել:

– Ընտրություններից առաջ Դուք կանգնեցիք Սեյրան Օհանյանի կողքին` իբրեւ մարտական ընկերոջ: Այդ ժամանակ նա ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու մասին հայտարարություններ չարեց: Ասաց` այդ հարցը իր օրակարգում չի եղել: Ավելին, Սեյրան Օհանյանը համարվում է Հայաստանի` այդ կառույցներին անդամակցությանը կողմնակից գործիչ: Երկրորդ անգամ հավանական համարո՞ւմ եք նրա կողքին կանգնելը:

– Հավանական համարում եմ, եթե տեսնեմ, թե ի՞նչ ծրագիր է, ինքը որտե՞ղ է կանգնած, որպեսզի ես նրա կողքին կանգնեմ: Բայց Սեյրան Օհանյանը միշտ ասել է` հարգել Հայաստանի ինքնիշխանությունը: Ես դրա համար եմ ասում` իր ծրագիրը բացված չէր, չկար ծրագիր: Ես այն ժամանակ կանգնել եմ ՕՐՕ-ի կողքին` մասնակցելով ընդվզման, բողոքի ակցիայի: Բայց որ մտածեի, թե ԱԺ-ում մեծամասնություն ենք կազմելու, Լենին-Աթաթուրք դաշինքից դուրս ենք գալու, չենք ճանաչելու Ղարսի պայմանագիրը…

Ինչեւէ, դա արդեն անցած էտապ է, հիմա պետք է հստակեցվի` որեւէ տեղ, որտեղ մեր շահերը ոտնահարվում են, դրա դեմ պետք է պայքարենք: Այնպես որ` դեռ հայտնի չէ, թե ով ում կողքին կկանգնի, մանավանդ, որ դեռ չգիտենք, թե ով որտեղ է կանգնելու: Բայց ընդհանրապես, ես պատրաստ եմ ծառայել հայրենիքի ազատությանն ու բարեկեցությանը:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

07.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930