Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավաքվածները հազիվ հասցրել են ճողոպրել, ինչ զանգվածային անկարգությունների մասին է խոսքը»

Հունիս 15,2017 14:56

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննությունն այսօր հետաձգվեց մինչեւ հունիսի 19-ը:

«Ի սկզբանե, երբ բողոքը բերել եմ ու երբ Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ ընտրվել է կալանքը՝ որպես խափանման միջոց, ես բացատրել եմ՝ չէր կարելի այդպես վարվել, չէ՞ որ ի տարբերություն մյուս հավաքների, 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ տեղի չեն ունեցել: Ամբողջ խնդիրն այն է, որ հաղորդումների ու հատկապես լրատվամիջոցների բողոքների հիման վրա գլխավոր դատախազությունը նյութեր պատրաստեց, ուղարկեց հատուկ քննչական ծառայություն, հարուցվեց քրեական գործ՝ ստուգելու ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների հարցը:

Մի քանի տասնյակ տուժողներ կային, տեխնիկա էր ջարդուխուրդ եղել, մասնավոր անձանց սեփականություն էր ոչնչացվել: Տեսնելով, որ իրավաչափ գործողություններ չեն կատարել՝ ոստիկանությունն իր հերթին էր նյութեր նախապատրաստել, թե բա գիտեք, այնտեղ զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Թե երբ տեղի ունեցավ, Աստված գիտի… հետո բոլոր գործերը միացրին «Սասնա ծռերի» գործին:

Դավիթ Հովհաննիսյանի մասով հինգ-վեց անգամ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացվեց, բոլոր դեպքերում էլ գրավի դիմաց ազատ արձակվելու միջնորդությունը մերժվեց, բայց հարցը հետեւյալն է՝ ինչ է արել Դավիթ Հովհաննիսյանը:

Հանկարծ երկու ոստիկան ցուցմունք են տվել՝ Ազատության հրապարակից ճանաչում էինք Դավիթ Հովհաննիսյանին, հուլիսի 29-ին նկատեցինք, որ քար է շպրտում… չի կարելի կասկածով Դավիթ Հովհաննիսյանին վերցնել կալանքի ու հիմք ընդունել երկու ոստիկանի ցուցմունքը: Բացարձակապես ապացույցներ չկան, որովհետեւ այդ օրը՝ այդ ժամանակ, ոչ ոք չի էլ հասցրել որեւէ գործողություն կատարել, այդտեղ հավաքվածները հազիվ հասցրել են ճողոպրել, ինչ զանգվածային անկարգությունների մասին է խոսքը»,- Aravot.am-ին ասաց Դավիթ Հովհաննիսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Արսենյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարելու մեջ, այն է ՝ հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930