Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ անվտանգության մասին եք խոսում՝ ամեն շաբաթ զոհերի՞, հեկտար-հեկտար տարածքները կորցնելո՞ւ». Փաշինյանը՝ ՀՀԿ-ին (Տեսանյութ)

Հունիս 22,2017 11:42

«Կառավարության ծրագրի քննարկումից իմացանք, որ ծրագրի տերը եւ պատասխանատուն ոչ թե կառավարությունն է՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, այլ ՀՀԿ-ն է, ՀՅԴ-ն է՝ ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,- «Ելք» դաշինքի դիրքորոշումը ներկայացնելով՝ այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա 2012-2017 կառավարության 5-ամյա ծրագրից մեջբերումներ արեց՝ ցույց տալու, թե այդ հավակնոտ ծրագիրը որքանով է իրագործվել: Ըստ այդմ` անվճար կրթությունը պետք է հասանելի լիներ սոցիալապես անապահով խավերի համար՝ ներառյալ բարձրագույն կրթությունը. «Ինչպես ասում են՝ թան էլ չէ, փռթած մածուն: Կարեն Ավագյանն ասում է՝ ոչ մի լավ ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չի մնում: Բայց լավ ուսանողը ո՞րն է, գերազանցիկ լինելը բավարար չի, կարեւոր է, որ ՀՀԿ-ական լինի այդ ուսանողը եւ, իմիջիայլոց, ընտրություններին ՀՀԿ-ի մայկեն հագնի ու տնետուն ընկնի: Սա շատ կարեւոր նախապայման է՝ լավ ուսանող դիտվելու համար»:

Նախորդ ծրագրում նաեւ խոստացել էին՝ յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտին անվճար տրամադրել համակարգիչ: Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ 5 տարիներին մի քանի անգամ այս հարցը բարձրացրել է, բայց ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն անընդհատ ասել է՝ հիմա 2013 թիվն է, դա պիտի մինչեւ 2017-ը իրականացվի, դեռ ժամանակ կա: Հիմա 2017-ն է ու այս ծրագրից արդեն այդ կետն իսպառ հանել են: Այս իրավիճակը Փաշինյանին հիշեցրել է «պերաշկու» անեկդոտը. «Մեկը գնում ա մսով պերաշկի ա առնում, մի հատ կծում ա, ասում ա՝ բա էս ո՞ւր ա միսը, ասում ա՝ դեռ չես հասել: Մի հատ էլ ա կծում, ասում ա՝ ո՞ւր ա միսը, ասում ա՝ անցար արդեն»:

Նախորդ ծրագրում խոստացել են նաեւ ծնելիության աճ, միջին աշխատանքային կենսաթոշակի բարձրացում, բայց ոչ այն է եղել, ոչ էլ մյուսը. «Ըստ այս ծրագրի, հիմա միջին աշխատանքային կենսաթոշակը պետք է լիներ 52 հազար 122 դրամ, մինչդեռ 40 հազար 360 դրամ է, այսինքն՝ մոտ 12 հազար դրամով պակաս»:

2012-ին գրել են, թե «մենք կարողացանք բանակաշինությամբ եւ ակտիվ արտաքին քաղաքականությամբ ապահովել մեր երկրի անվտանգությունը՝ ապահովելով մեր կողմից պարտադրված խաղաղության երաշխիքները»: Փաշինյանը հեգնեց՝ իրավիճակի ինչպիսի՜ խորաթափանց ընկալում, մինչդեռ այսօր բոլորը ընդունում են, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանի իշխանությունը տանուլ է տվել Ադրբեջանի հետ ռազմական բալանսը ու սա արդեն արձանագրված իրողություն է, հիմա էլ պատեհ-անպատեհ «իսկանդեր, իսկանդեր»:

Ըստ Փաշինյանի, անընդհատ իսկանդերի անունը տալով՝ արդեն այն իր նպատակին չի ծառայում: Այսպես նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր նոր ատոմակայան կառուցել, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման խոստում էին տվել:

Պատասխանելով Աղվան Վարդանյանի հարցին, թե ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե 2018-ին ով է լինելու վարչապետ՝ Փաշինյանը պատասխանեց. «Կա տարբերություն: Եթե դուք պրոցեսները տանում եք այնպես, որ Սերժ Սարգսյանին կարգեք վարչապետ, սա ասվում է նրա համար, որ արձանագրվի՝ Սերժ Սարգսյանը ՀՀ-ի բոլոր ձախողումների թիվ մեկ պատասխանատուն է: Անվտանգություն, ի՞նչ անվտանգության մասին եք խոսում՝ ամեն շաբաթ զոհերի՞, հեկտար-հեկտար տարածքները կորցնելո՞ւ, հանկարծ չփորձեք նախկին պաշտոնյաների վրա գցել»:

Խոսելով ապրիլյան պատերազմից հետո առաջնագիծը կահավորելու մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինչո՞վ է կահավորվել՝ մարդկանց նվիրատվություններով: Այդ նվիրատվությունների 90 տոկոսն արվել է ՀՀ պետական համակարգի պաշտոնյաների աշխատավարձերը պահելով: Հատուկ հաշվեհամարին մոտ 5 մլրդ-ի նվիրատվություն է արվել, չնչին տոկոսն է էդ 5 մլրդ-ից արել սփյուռքը՝ չնչին տոկոսը, սա նշանակում է, որ այս իշխանությունը սպառել է իր վստահությունը: Բա ի՞նչ պիտի ասեք՝ վստահության քվե ենք ստացել, մի հատ էլ բացահայտեք էդ վստահության գինը, քանի՞ 10 հազար դրամ եք ծախսել՝ էդ վստահության քվեն ստանալու համար: Մի հատ էլ ակնարկում են, թե մինչեւ 2040 թիվը տեսլական ունենք, էդ ուզում եք ասել, որ Հայաստանում մինչեւ 2040-ը Սերժ Սարգսյանն իշխանության ղեկի՞ն է լինելու»:

Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քանի որ սա առաջին հերթին ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի ծրագիրն է, իրենք միանշանակ դեմ են քվեարկելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930