Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչնչացնելու ենք բոլոր այն կրակակետերը, որոնք վտանգ են ներկայացնում մեր զինծառայողների անվտանգությանը»

Հուլիս 08,2017 15:30

ԼՂՀ նախագահի խորհրդական
Տիգրան Աբրահամյանը՝ վերջին զարգացումների մասին

– Միջազգային մամուլում հրապարակվեցին փաստաթղթեր, որոնք հաստատում են Ադրբեջանի կողմից ԻՊ-ին տրամադրվող զենքի մասին խոսակցությունները: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատահակա՞ն էր, որ հիմա հրապարակվեցին այդ փաստաթղթերը:

– Նման փաստաթղթերը, որպես կանոն, պատահական չեն հրապարակվում: Կարծում եմ՝ լայն հանրության համար ոչ տեսանելի գործընթացի արդյունք էր: Ադրբեջանն ինչ-որ սուբյեկտի նկատմամբ պարտավորությունները չի կատարել, հավանաբար դրա արդյունքում էլ այդ փաստաթղթերը հրապարակվել են:

Ամեն դեպքում այս եւ նմանատիպ այլ իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը, որպես երկիր, անկանխատեսելի է, ինչը միջազգային խաղացողների համար կարեւոր ցուցիչ է: Մեզ համար այս բացահայտումները մեծ զարմանք չեն առաջացրել, մենք այդ պետությանը, այնտեղ գործող իշխանությունների վարքն ու իրական դեմքը վաղուց գիտենք:

– Միջազգային հանրության, Մինսկի խմբի համանախագահների արձագանքն այդ փաստին համարժե՞ք էր:

– Համանախագահների այս հայտարարությունը միայն օպերատիվության խնդիր է լուծել: Շատ ավելի կարեւոր կլիներ, որ համանախագահներն արձագանքեին այդ միջադեպից 1-2 օր առաջ տեղի ունեցածին, երբ ԵԱՀԿ առաքելությանն Ադրբեջանում չէին թույլատրել, նախօրոք պայմանավորվածության համաձայն, դուրս բերել առաջնագիծ: Վերջին մեկ տարում մենք նմանատիպ 3-4 դեպք ունենք, երբ ԵԱՀԿ առաքելությանն առաջնագիծ դուրս չբերելուն անմիջապես հետեւում է սադրանք: Այսօրինակ գործընթացները պետք է միջնորդների համար վերլուծության առարկա դառնան, որպեսզի ժամանակին կանխվեն սադրանքները:

– Այդ փաստաթղթերի հրապարակման աղմկահարույց փաստից ուշադրություն շեղելու համա՞ր ամսի 4-ին Ադրբեջանը գնաց հերթական սադրանքի:

– Չէի ասի, որ միայն այդ աղմկահարույց դեպքն Ադրբեջանին մղեց սադրանքների: Երկու շաբաթ առաջ Ադրբեջանից արձակված նռնականետային կրակից երեք զինծառայողներ զոհվեցին. այդ ժամանակ այս փաստաթղթերը դեռ չէին հրապարակվել:

– Հայկական կողմում մտահոգություններ հնչեցին, որ ադրբեջանական այս սադրանքը հեռահար նպատակ ունի, եւ հնարավոր է լայնածավալ պատերազմական գործողությունների կրկին վերսկսումը: Հավանական համարո՞ւմ եք: Մենք պատրա՞ստ ենք դրան թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումներով, ապրիլյան անակնկալներն այլեւս չե՞ն կրկնվի:

– Սպառազինությունների ներկրումները, պատերազմի վերսկսման մասին հոխորտանքները, հայատյացության սերմանումն ու տարատեսակ սադրանքները Ադրբեջանի պետական քաղաքականության շղթայի մի մասն են կազմում:
Ադրբեջանի հեռահար նպատակների մասին լավ գիտենք, եւ միջնորդ երկրների գլխավոր նպատակը Ադրբեջանին ռացիոնալ դաշտ բերելն է: Մենք մեր սցենարներն ունենք ինչպես «սահմանային պատերազմների», այնպես էլ հավանական լայնամասշտաբ գործողությունների համար:

Ապրիլյան մարտական գործողություններից հետո բանակի մարտունակության եւ մեր պաշտպանողականության էական բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումներ ենք իրականացրել ու ակտիվորեն շարունակում ենք:

– Ադրբեջանական կողմն արդեն սկսել է շահարկել քաղաքացիական անձանց մահը: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել:

– Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ոչնչացրել են այն կրակակետերը, որոնք օրվա ընթացքում անընդհատ հարվածի տակ են պահել հայկական մարտական հենակետերն ու հրամանատարական կետերը: Այլ բան է, որ այդ կրակակետերը, ռազմական բազաները, որպես կանոն, գտնվում են խիտ բնակեցված բնակավայրերում: Դա լավագույնս ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ:

Այսուհետեւ եւս բոլոր այն տեղաշարժերը, շփման գծի ադրբեջանական հատվածում նկատվող ակտիվությունը, որը կարող է վտանգ ստեղծել մեր զինծառայողների անվտանգության կամ իրավիճակի սրման վրա, խստորեն պատժվելու են:

– Նախագահների` տեւական ժամանակ նախապատրաստվող հանդիպումը հնարավո՞ր եք համարում:

– Շատ բան կախված է ԱԳ նախարարների կայանալիք հանդիպումից եւ, իհարկե, առաջնագծում ստեղծված իրավիճակից: Ամեն դեպքում ներկայումս նկատելի չեն այն հիմքերը, ինչը հնարավորություն կտա վերադառնալու բանակցություններին: Ադրբեջանն անթաքույց ձեւով մերժում է բանակցությունների տանող բոլոր քայլերը:

– Ի՞նչ փաստաթուղթ է հիմա բանակցությունների սեղանին:

– Փաստաթո՞ւղթ, իսկ ո՞ւր է, կա՞ն բանակցություններ՝ չկան: Միջնորդների քայլերը հենց դրան են ուղղված՝ Ադրբեջանին վերադարձնել բանակցությունների սեղան, սակայն Ադրբեջանն ակնհայտ դիմադրում է: Ինչ էլ հետագայում քննարկվի՝ հակամարտության հարցում ցանկացած համաձայնություն կամ որոշում առանց Արցախի մասնակցության չի կարող:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

07.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31