Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ հայտարարությունը ՀՀ Կառավարության կողմից մարդու իրավունքների բնագավառում օրենսդրական փոփոխությունների կատարման պարտավորությունը չկատարելու մասին

Սեպտեմբեր 08,2017 12:28

2017թ. հուլիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Կառավարություն է ներկայացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝ Օրենքի նախագիծ)՝ սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ հարուցելու կարգի մասին։

2017թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ Կառավարության նիստի օրակարգում առաջադրված Օրենքի նախագիծը ՀՀ Կառավարության արձանագրային որոշմամբ թողնվել է առանց քննարկման, հետևյալ հիմնավորմամբ՝ «նկատի ունենալով, ՀՀ դատարանների կողմից Օրենքի նախագծի կարգավորման առարկայի քննումը, և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից սպասվող նախադեպային որոշման կայացումը»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեային Վանաձորի գրասենյակի կողմից կատարված իրավական վերլուծությունը ցույց է տվել, որ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքում առկա է իրավական բաց սուտ մատնության հիմքով քրեական գործերի հարուցման և քննման ժամանակ։ Ներկայացվող օրենսդրական փոփոխությունը միտված է լրացնել այդ բացը և կարգավորել այն խնդիրները, որոնք մինչ այժմ անբաժանելի են իրավակիրառ  պրակտիկայից։

ՀՀ Կառավարության կողմից Օրենքի նախագծի քննարկումից հրաժարվելու հիմնավորումը իրավական տեսանկյունից անընդունելի է այն պատճառաբանությամբ, որ օրենսդրական բացերի լրացման և օրենսդրության փոփոխման սահմանադրաիրավական պարտավորությունը դրված է ոչ թե ՀՀ վճռաբեկ դատարանի, այլ պատգամավորների, ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների և ՀՀ Կառավարության վրա, որոնք մարդու իրավունքների հարգման, ապահովման և պաշտպանության համար պետք է սահմանեն այնպիսի պայմաններ, որոնք ժամանակին կարող են իրականացվել։

Արդարացված չէ սպասել ՀՀ Վճռաբեկ դատարանի ենթադրյալ նախադեպային որոշմանը, երբ շարունակվում են խախտվել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Ավելին, հայտնի չի կարող լինել նաև այն, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի ենթադրյալ նախադեպային որոշումը լրացնելու է առկա իրավական բացը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեային Վանաձորի գրասենյակը ՀՀ Կառավարության կողմից սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ հարուցելու կարգի մասին Օրենքի նախագիծը չընդունելու հիմնավորումը գնահատում է որպես ՀՀ Կառավարության կողմից իր սահմանադրաիրավական պարտավորության կատարումից հրաժարում, որով խախտվում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հարգելու և դատական իշխանության անկախության սկզբունքը։

08 սեպտեմբերի 2017թ.

 Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930