Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահների խորհուրդը մի բան է մոռացել՝ սեխն ու ձմերուկը նույնպես պետք է արգելեին». իրավապաշտպան

Սեպտեմբեր 13,2017 13:41

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը փաստաբանների ահազանգով անձամբ դատարաններ է գնացել՝ սեփական աչքերով տեսնելու փաստաբանների նկատմամբ իրականացվող զննությունները դատարաններում:

Այսօր նա նույնպես ներկա էր գործադուլ հայտարարած փաստաբանների հավաքին  ու պատմեց, թե ինչ է ինքն արձանագրել դատարաններում. «90-ականներից դատարաններում եմ եղել՝ որպես փաստաբան, բայց այդպիսի բան ես չէի տեսել, նախ ոստիկանների թիվն ավելի շատ էր, քան դատական նիստին մասնակցելու ցանկացողների թիվը, ահաբեկող իրավիճակ էր ստեղծված, փաստաբանների զննություն կոչվածը բավականին նվաստացուցիչ էր, կոպիտ, ինչը նույնպես չէի տեսել»:

Պարոն Իշխանյանը պատմեց, որ դատարաններում զննությունից բացի անուն, ազգանունով ցուցակագրում են  նիստի մասնակիցներին. «Սա ի՞նչ է նշանակում, ես չհասկացա, ասացի՝ այդ ի՞նչ օրենքով եք անում, ցույց տվեք այդ օրենքը, կամ նիստերն անցնում են ապակեպատ դահլիճում, կարգադրիչները փակում են տեսադաշտը, այսինքն, եթե ուզում ես հետեւել նիստին, ոչինչ չես կարող մանրամասն ներկայացնել դատից, այսպիսի դատավարություն ես չեմ տեսել, նույնիսկ հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ մուտքը ազատ էր, այսպիսի բան չի եղել»:

Իրավապաշտպանն անդրադարձավ նաեւ քաղբանտարկյալներին՝ նկատի ունենալով, որ հենց նրանց գործերով դատավարությունների ժամանակ սրվեց փաստաբանների զննության հարցը, ու հիշեց, որ 90-ականներին լինում էին սեզոնային քաղբանտարկյալներ, որոնք ընտրությունների կամ հետընտրական իրադարձությունների արդյունքում անազատության մեջ էին հայտնվում, հետո ազատ արձակվում, հիմա քաղբանտարկյալներն էլ, ըստ նրա, արդեն սեզոնային չեն. «Հիմա քաղբանտարկյալները կապ չունեն ընտրությունների հետ, շատ հաճախ մեղադրանքներն էլ  հիշեցնում են 37 թվականի մեղադրանքները, նախ անհամաչափ պատիժներ, օրինակ՝ Շանթ Հարությունյան եւ ընկերներ, որոնց կարելի է  քաղբանտարկյալ համարել,  Անդրիաս Ղուկասյան, Դավիթ Հովհաննիսյան, Արարատ Խանդոյան, Սամվել Բաբայան ու Ժիրայր Սեֆիլյան… սա նշանակում է  ճնշում հասարակության նկատմամբ, քաղհասարակությանը նվաստացնելու փորձ եւ փաստաբաններին էլ ուզում են ճնշել, որ ունենան հպատակ հասարակություն»:

Վերջում անդրադառնալով սեպտեմբերի 11-ին Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ 2011-ին ընդունված «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու կարգերը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ մտցնելու որոշմանը,  որով զննության նոր կարգ է հաստատվել և սահմանվել է արգելված իրերի ցանկ՝ Ավետիք Իշխանյանը հեգնեց. « Նախագահների խորհուրդը մի բան է մոռացել՝ սեխն ու ձմերուկը նույնպես պետք է արգելեին»:

Հիշեցնենք, որ երեկ ավագանու նիստի ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ Երեւանում աղբի գարշահոտության վերաբերյալ, պարզաբանել էր, որ գարշահոտության պատճառը աղբանոցներում հայտնված սեխն ու ձմերուկն են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930