Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում առաջարկում են տեղադրել Խելառ Սարգիսի ու Օրիորդ Վարսենիկի արձանները (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 25,2017 18:06

Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցան հասարակական լսումներ քաղաքի կենտրոնական Աբովյան ճեմափողոցում 12 արձաններ տեղադրելու մտադրության շուրջ, որի գաղափարը առաջ է քաշել քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ գումարը խոստացել է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանը

Այս հարցը սոցցանցերում բավական ակտիվ քննարկման, երբեմն նաև խիստ քննադատության արժանացավ գյումրեցիների կողմից, որոնցից շատերը դեմ են, որ Գյումրին, այսպես ասած, արձանախեղդ անեն։ Ինչևէ, հարցն այսօր դրվեց քննարկման, դահլիճը թեև կիսադատարկ էր, սակայն մասնակցում էին մասնագետներ՝ մշակութային գործիչներ, պատմաբաններ, քանդակագործներ, ակտիվիստներ։ Քննարկումն անցավ հետաքրքիր, երբեմն հնչում էին նաև հումորներ։ Մասնակիցների գերակշռող մասը դեմ էին, որ արձանախումբը տեղադրվի քաղաքի Աբովյան ճեմափողոցում։

«Ես՝ իմ և իմ ընտանիքի անունից առաջարկ ու խնդրանք ունեմ Գյումրու քաղաքապետին ու ավագանուն քննարկել 12 արձաններով արձանախումբը քաղաքի մեկ այլ վայրում տեղադրելու տարբերակը, որովհետև սուբյեկտիվ ու ոչ մասնագիտական կարծիք ունեմ, որ այդ ճեմափողոցն այսօր չքնաղ տեսք ունի, մեր ընտանիքի համար ամենասիրված վայրն է զբոսնելու։ Եվ կարծում եմ, որ արձանախումբը կփոխի դրական էներգետիկան , որ կա այդ փողոցում»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանության ամբիոնի վարիչ Արաքս Մարգարյանն էլ կարծիք հայտնեց, որ չպետք է խախտել չափի զգացումը, ներդաշնակությունը․ Աբովյան ճեմափողոցն առանց այն էլ գրավում է զբոսաշրջիկներին, պետք է մտածել կենտրոնից դուրս հանգստյան գոտի ստեղծելու ու այնտեղ արձաններ տեղադրելու մասին։ Ըստ բանախոսի, անհրաժեշտ է դիմել մասնագետների օգնությանը, նրանից կարծիքներ հարցնել, նոր բան ստեղծել, ոչ թե անընդհատ նույնը կրկնել։

Քանդակագործ Ալբերտ Վարդանյանն էլ նշեց, որ այսօր Գյումրիում մտածողություն փոխելու, ժամանակակից շունչ հաղորդելու կարիք կա։ «Լինելով քանդակագործ՝ ես էլ պետք է շահագրգռված լինեի, որ քանդակներ շատ լինեին, բայց ես կողմ եմ լավ քանդակներ դնելուն, ոչ թե քանդակներ դնենք դնելու համար։ Մենք կարո՞ղ ենք քանդակ դնել, որ այդ քանդակի համար գան մեր քաղաքը տեսնելու, էդ տեսակ քանդակին ես կողմ եմ։ Ես կուզենայի ուրիշ մտածողությամբ, այսօր մենք խնդիր ունենք ժամանակակից, արվեստային խնդիրներ լուծելու, կուզենայի մեր քաղաքում էլ իրացնել այդ տեսակը։ Ինչո՞ւ չէ, կարելի է քանդակագործների հրավիրել դրսից, եթե մենք չունենք, կարող է չունե՞նք քանդակագործներ, բերեք դրսից հրավիրեք ու ունենաք շատ բարձրարժեք մի քանդակ, որի համար կարող են Գյումրի գալ։ Եթե քանդակ ենք դնում, բերեք դնենք լավը, ես կողմ եմ, որ քաղաքում ամեն ինչ արվի ամենաբարձր մակարդակի, իսկ ո՞վ է ասել, որ ֆիգուրատիվ քանդակագործությունն է միայն մեր քաղաքում գերիշխողը։ Կարող է փողոցը լինել քանդակը, փողոցը, որ դու հեռվից չես տեսնում, բայց քայլելով հայտնաբերում ես քանդակը, քանդակ չէ դա, մտածողություն է, ձև է, տեսակ է, հումոր է, ամեն ինչ է։ Նստում ես, հայտնաբերում ես մի բան, որ քեզ հետաքրքրեց, այս մտածողությունը ես կուզենայի լիներ մեր քաղաքում, ֆիգուրատիվ քանդակագործությունը կարծում եմ արդեն տեղին չէ»,-մասնագիտական նման կարծիք հայտնեց քանդակագործը։

Ամենահետաքրքիրը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի հնչեցրած կարծիքն էր։ «Սիրուն միտք է շատ, որ մենք քաղաքում ունենանք շատ արժանի մարդկանց արձանները, կիսանդրիները, որոնցով մենք, անխոս, արդեն մեր քաղաք մտնողի համար կտանք մեր քաղաքի պատմությունը և նրա արժանիքները։ Ես դա չեմ կոչում Քըրք Քըրքորյան փողոց, ինձ համար այն մնում է Ալեքսանդրովսկի, ես միանշանակ դեմ եմ այդ փողոցում նման արձանների կույտ ստեղծելուն։ Նախ այն իմաստով, որ այստեղ կան իրարամերժ արձաններ՝ իրենց բնագավառներով և իրենց էությամբ, արժանիքներով։ Երկրորդ՝ ես այդ ստանդարտը չեմ պատկերացնում՝ մեկն այս ձևի, մյուսն այն ձևի, մեկը նստարանին նստած, մեկը՝ գլուխը կախ, մեկը՝ վիզը ծռած, չգիտեմ ինչ․․․Դա ինձ թվում է՝ չի ունենա այն արժեքը, և մտնողն էլ չի կարող այդպես հապճեպ պատկերացում ունենալ, մի խոսքով․․․ Ես դեմ եմ այն արձանների նորեն արձանացնելուն, որոնք մեր քաղաքում արդեն կան և կան բավականին բարձրարվեստ արձաններ։ Եթե մենք թատերական հրապարակում ունենք հրաշք Ավետիք Իսահակյան, եթե մենք ունենք նրա կիսանդրին թանգարանի բակում, եթե մենք ունենք Հովհաննես Շիրազ նույն այդ հրապարակում, ունենք Հովհաննես Շիրազ հենց իր բակում, ոչ միայն բակում, այլ բակից դուրս, եթե մենք ունենք Շերամ և այգու դիմաց Ջիվանի-Շերամ, շատ սիրուն այդ արձանը, եթե մենք ունենք Շերամ Շերամի անվան 5-րդ երաժշտական դպրոցի ճակատին, մենք ունենք նաև Արմեն Տիգրանյան, ունենք նաև Մհեր Մկրտչյան և տեքստիլագործների ակումբի դիմաց և թատրոնի դիմաց, ինձ թվում է արձանները շատացնելով՝ մենք ո՛չ քաղաքն ենք գեղեցկացնում, ո՛չ էլ այդ հեղինակի, արձանի տիրոջ հեղինակությունն ենք բարձրացնում»,-ասաց Հասմիկ Կիրակոսյանը։

Նա նաև ասաց, որ կան մարդիկ, որոնց արձանները տեղադրելու անհրաժեշտություն չկա։ «Նրանք մեծ գիտնականներ են, ակադեմիկներ են, լինի Արմենակ Մնջոյանը, լինի Սերգեյ Համբարձումյանը, Արտաշես Շահինյանը, նրանք ապրել են մեր քաղաքում, հիմա ընդունված է Երևանում քաղաքում կամ այլուր մեծանուն մարդկանց, որոնք ազգանվեր գործ են արել , պարտադիր չէ նրանց արձաններն ունենալ, այլ իրենց ապրած տների պատերին, դռներին կամ որտեղ հարմար է փակցնել ցուցանակներ, մարդիկ գիտենան՝ ով է ապրել այդ տանը և ինչ է արել»,-ասաց Հասմիկ Կիրակոսյանը։

Նա նշեց, որ պետք է պարտադիր ունենալ Մինաս Ավետիսյանի արձանը, որը թեև «ջաջուռածին է», սակայն Ջաջուռը Գյումրիի քթի տակն է, և ժամանակակիցները լավ կհիշեն, թե ինչպես էր Մինաս Ավետիսյանը՝ դույլը ձեռքին, վրձինները մյուս ամանի մեջ, ման գալիս Գյումրիում ու խնդրում, որ թույլ տան գործարանների պատերին թողնել իր անմահ գործերը։ «Հարգելի ավագանու անդամներ, Մինաս Ավետիսյանը ձեր աչքի դեմն է», -ցույց տալով Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում փակցված Մինասի «Հայկական հովվերգություն» որմնանկարն՝ ասաց Հասմիկ Կիրակոսյանը։

Հասմիկ Կիրակոսյանը նշեց նաև, որ Գյումրին պիտի դառնա Հայոց աշխարհի թանգարանը, նա խնդրեց ուշադրություն դարձնել քաղաքի պուրակներին, որոնք դատարկ են դեկորատիվ տեսքից։ «Չկա ոչ մի բան, որ կողքդ նայես ու տեսնես, կողքդ նայում, մեկ է հարևանիդ ես տեսնում էն մյուս նստարանին։ Ավելի լավ է տեսնել մի գեղեցիկ մտածված բան։ Ու ի՞նչ տեսնել, ի՞նչ եմ ես խնդրում, հիմի տեսեք դուք Պոլոզ Մուկուչ եք դրել, նա կոլորիտ է, հրաշք է, բայց Պոլոզ Մուկուչից անբաժան Ծիտրոյին տեսե՞լ եք հեչ։ Դրեք Պոլոզ Մուկուչ գարեջրատան առաջ, նստարանի դիմաց երկուսն իրար հետ նստած են, մարդիկ թող գան, ավելի շատ եկողներ կունենաք, ավելի շատ տեսնողներ կունենաք։ Մի բերեք Պոլոզ Մուկուչին, դրեք Սերգեյ Համբարձումյանի կողքը Քըրքորյանի փողոցի վրա, ո՞վ է այդպես մտածել, ես զարմանում եմ, էդ ի՞նչ մտածողություն է»։

Հասմիկ Կիրակոսյանը նաև ասաց, որ Գյումրու համար կոլորիտային դեմքեր են եղել Խելառ Սարգիսն ու Օրիորդ Վարսենիկը։ Խելառ Սարգիսին նկարել է նկարիչ Շանթ Սարգսյանը, ու այդ դիմանկարը գնել է Լենինականի ՀԿԿ քաղկոմի 1-ին քարտուղար Դոնարա Հարությունյանը։ Նա նաև նշեց, որ Գյումրին ունեցել է այսպես ասած մշակութային խելառներ, օրինակ ՝ Օրիորդ Վարսենիկը (գյումրեցիները նրան ճանաչել են նաև Մխչոնց Վարսենիկ անունով): Նա արիստոկրատ, կրթված կին է եղել, սակայն հոգեկան խանգարում է ստացել։ Օրիորդ Վարսենիկը քաղաքում ման է եկել սև ձեռնոցներով ու անկախ եղանակից՝ անձրև է եղել, թե արև, ման է եկել անձրևանոցով , գուլպաներով, գեղեցիկ շպարված։

«Ինչքան սիրուն կլինի, եթե մեր այգիներից մեկում լինի օրիորդ Վարսենիկը՝ իր հովանոցով կանգնած»,-առաջարկեց Հասմիկ Կիրակոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031