Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի այսօր հրավիրած ասուլիսում ասաց. «Երկրում մթնոլորտը պետք է փոխվի։ Այս երկրում մթնոլորտն ունի առողջացման կարիք, և կան գաղափարներ, որոնք ունեն մեծ կոնսոլիդացիոն ռեսուրս։
Առաջինը ներքին համերաշխության գաղափարն է, երկրորդը՝ ազատության գաղափարը, որը որևէ բանական մարդու չի կարող կոնֆլիկտի մեջ դնել։
Ներքին համերաշխություն։ Ստեղծվել է մի պարադոքսալ վիճակ, երբ ներքին համերաշխության գաղափարը մեր երկրում երկու-երեք տարի առաջ առաջինը ձևակերպել էր պարոն Ծառուկյանը։ Այդ խոսույթը շատ արագ մտավ հանրային տիրույթ, որովհետև դա իսկապես առաքինություն է։ Եվ զավեշտն այն է, որ մարդ, որը հետպատերազմյան բարդության իրավիճակում առաջինն է դրել հասարակության մեջ ներքին համերաշխության գաղափարը, այսօր անազատության մեջ է և ինքն իր անձով է պայմանավորում ազատության համար պայքարը։
Մենք մի իրավիճակում ենք ապրում, երբ մենք ինքներս մեզ ենք սովորեցնում կամ մեզ են սովորեցնում այսպես կոչված նոր նորմալությանը, այնինչ, մեր շուրջը կատարվում են շատ աննորմալ բաներ։ Նորմալ չէ, որ մենք պետք է ունենանք հստակություն, նորմալ չէ, որ Գագիկ Ծառուկյանը գտնվում է անազատության մեջ, նորմալ չէ, որ բազմաթիվ հիմնարկներ փակված են, նորմալ չէ, որ փորձ է արվում մարդուն սևացնել, նորմալ չէ, որ հազարավոր աշխատողներ զրկված են աշխատելու բնականոն կյանքից, նորմալ չէ, որ հիմնարկները չեն աշխատում, չեն ստեղծում հավելյալ արժեք և չեն վճարում հարկերը։ Սա նորմալ չէ։ Եվ ինչքան մենք դա շատ ասենք, այնքան ցույց կտանք մեր անհամաձայնությունը երկրում տիրող բազմաթիվ ոչ նորմալություններին։ Խոսքը տվյալ դեպքում ոչ միայն պարոն Ծառուկյանին է վերաբերում, այլև մեր կյանքում շատ-շատ դրվագների։
Կարդացեք նաև
Խոսվեց ինֆոտեռորի մասին։ Դա մի առանձին թեմա է և ժամեր կպահանջվի այդ թեմային արձագանքելու։ Ես մի բան նշեմ, որ Ծառուկյանը երբեք չի եղել պետական պաշտոնյա։ Դա շատ կարևոր է։ Մարդը, անհատը երբեք չի ունեցել բյուջեից վերցնելու, ստանալու, օգտվելու հնարավորություն։ Մարդը կամ զրոյից սարքել է, կամ քանդվածը վերցրել ու սարքել է միջազգային ստանդարտների մակարդակի։ Այդ հիմնարկները, որոնք հիմա փակված են։
Պետք է գրագետ, ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատել այն ուղղությամբ, որ սա հասնի մեր հասարակությանը։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ հասարակությունը մեծամասամբ շատ լավ հասկանում է։ Գուցե, իսկապես կարելի է մի ֆիլմ նկարել մարդու կառուցածների մասին ու շնորհանդես կազմակերպել։ Եթե խոսքը բիզնես սեփականության մասին է, գուցե իսկապես պետք է ցույց տալ, որ մարդը կամ զրոյից է սարքել, կամ քանդված հիմնարկները վերցրել և սարքել է գերժամանակակից հիմնարկներ։ Սա պատմություն է, չես կարող կեղծել։
Ես շատ եմ կարևորում «Ծառուկյան» միջազգային մրցանակաբաշխությունը և վստահ եմ, որ դա շատ մեծ պրոցես է լինելու աշխարհում, հայկական աշխարհից դուրս։ Ըստ իս, մրցանակները պետք է լինեն առաքելության մրցանակներ։ Մրցանակի արժեքը փողը չի չափում։ Մրցանակի արժեքը չափվում է իր հիմքում դրված բովանդակությամբ։ Եվ այն մրցանակները, որոնք կրելու են «Ծառուկյան» ազգանունը, պետք է կրեն համամարդկային արժեքներ։ Արժեքներ, որոնց կրողը ինքը՝ Ծառուկյանն է իր տեսակով, իր բովանդակությամբ, իր հանրային ներկայացվածությամբ՝ որպես մարդ, քաղաքացի, որն իր էությամբ միշտ պատրաստ է օգնել։ Դրանք արհեստական արժեքներ չպետք է լինեն։
Ծառուկյանը և նրա նման մարդիկ ակնհայտորեն արդեն անխուսափելի թվացող ռիսկային մարտահրավերների պատմական, ռիսկային այս փուլում մեծ անելիքներ ունեն մեր երկրի համար»,- եզրափակեց Վահե Հովհաննիսյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































