Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծիծաղելի է ու զավեշտալի». «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» աղմկոտ օրինագծի անունը փոխվել է

Նոյեմբեր 15,2017 23:57

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» աղմկոտ օրինագիծը, որը մինչ օրս հանրային քննարկման էր դրված հենց այդ անվանումով, վաղը Կառավարության հաստատմանն է ներկայացվելու նոր անվանումով՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»:

Այս մասին Aravot.am-ին հայտնեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը: Նրան անհանգստացնում է այն փաստը, որը անվանման փոփոխությունը չի բխում խնդրի լուծումից: Մեր զրուցակիցը նկատեց, որ մասնավորապես  «ընտանեկան բռնություն» եզրույթը փոխվել է «ընտանիքում բռնության» եզրույթի, իսկ  ընտանեկան բռնության ենթարկվածների աջակցության մասին անվանման մեջ խոսք չկա:

«Ստացվում է, որ ընտանիքի ինստիտուտի հետ կապված խնդիր է առաջանում: Հիմնական խնդիրը բռնության ենթարկվածներին աջակցություն տրամադրելու հարցն է, ինչն օրենքի անվանումը բացառում է: Մինչդեռ կարեւոր է, որ օրենքի անվանումը եւ բովանդակությունը համահունչ լինեն իրար, իսկ այսպես խաբկանք է ստեղծվում»,-նկատեց Զառա Հովհաննիսյանը:

Նա «ընտանիքում համերաշխության վերականգնման» եզրույթը  ծիծաղելի եւ զավեշտալի է որակում եւ հարցադրում անում՝ պարզ չէ, թե ինչ է նշանակում «համերաշխություն», կամ՝ ո՞վ ու ինչպե՞ս է այն հաստատելու: «Նման սցենար եղավ «Գենդերային հավասարության մասին» օրենքի ընդունման ժամանակ, երբ 2013թ.-ին ԱԺ մտած օրինագծի անունը փոխվեց՝ դառնալով «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» օրենք»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա համոզմամբ՝ ընտանեկան բռնությունը կանխարգելելուն միտված օրինագիծն առաջնահերթ  պաշտպանելու համար է եւ պետք է ենթադրի բռնության ենթարկվածներին տրամադրվող աջակցություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930