Լրահոս
Օրվա լրահոսը

Երախտագիտություն և պարգևներ Վրաստանի ՆԳ նախարարության կողմից

Դեկտեմբեր 21,2017 22:44

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից պարգևներ հանձնեց ամռանը Բորժոմիի կիրճում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցած հայ հրշեջ-փրկարարներին:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ողջունելով դեսպանին, նշեց, որ բնական աղետների կանխարգելումն ու դրանց հետևանքների վերացումը ներկա պայմաններում առավել քան արդիական են:
– Այդ գործում համատեղ ջանքերը մեզ ավելի ուժեղ են դարձնում, իսկ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցությունը միայն ամրապնդում է հայ-վրացական հարաբերությունները: Վստահ եմ, որ օգնության հասնելու պատրաստակամությունը փոխադարձ է, և ճգնաժամային իրավիճակներում մենք նույնպես կարող ենք հույս դնել Վրաստանի մեր գործընկերների վրա,- ասաց Դ.Տոնոյանը,- կարող եք վստահ լինել, որ մենք միշտ պատրաստ ենք հասնել օգնության:

ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն իր հերթին նշեց, որ Վրաստանը ևս պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնել Հայաստանին և այս պարգևների միջոցով իր երախտագիտությունն է հայտնում եղբայրական երկրին՝ անտառային հրդեհների դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար:

Դեսպան Սագանելիձեն Վրաստանի ՆԳ նախարարության «Հատուկ ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ հանձնեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանին:

Վրաստանի ՆԳՆ «Արիության համար» մեդալով պարգևատրվեց ՓԾ տարբեր ստորաբաժանումների 15, շնորհակալագրով՝ 43 ծառայող:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Բորժոմիի կիրճում բռնկված հրդեհը կանխելու նպատակով Վրաստան էր մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 57-հոգանոց ջոկատը (8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա՝ անձնակազմով և 1 շարժական կառավարման կենտրոն, որ տեղում ծառայում էր որպես արձագանքման գործողությունները համակարգող շտաբ):

Հայ հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ էին ծավալել անտառային 3 դժվարմատչելի տեղամասերում՝ կանխելով կրակի տարածումը հարակից Դաբա և Ծաղվերի բնակավայրեր:

Այդ օրերին ՀՀ ԱԻՆ վրանային քաղաք էր այցելել Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին՝ իր երախտագիտությունը հայտնելու հայ հրշեջ-փրկարարներին:

Մեկշաբաթյա հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվածության և անձնուրաց ծառայության համար ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին շնորհակալական խոսքեր էին հղել նաև Վրաստանի նախագահ Գ. Մարգվելաշվիլին և Ներքին գործերի նախարար Գ. Մգեբրիշվիլին:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031