Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գյումրու կոնսերվատորիայի տնօրենը՝ իր հրաժարականի և Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ մտերիմ լինելու մասին (Տեսանյութ)

Մայիս 30,2018 23:40

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին մի քանի աշխատակիցներ ու ուսանողներ, ինչպես նաև ուսխորհրդի նախագահը՝ տնօրեն Կարինե Ավդալյանից պահանջելով ինքնակամ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից։

Նրանք մի շարք մեղադրանքներ էին հնչեցրել Կարինե Ավդալյանի հասցեին, որոնցից մեկը վերաբերում էր ընդունելության քննությունների ժամանակ գումար պահանջելուն, առանց այն էլ ցածր աշխատավարձը չլչլելով վճարելուն։

Այսօր Կարինե Ավդալյանը պատասխանեց իրեն հասցեագրված մեղադրանքներին։

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենն ասաց, որ ինքն իր քաղաքի, արվեստի ու կրթական ոլորտի մարդկանց համար, որոնց հետ շփվել է, արել է առավելը։

«Որտեղ կա աշխատանք, կան նաև թերություններ։ Եթե ես չաշխատեի, երևի ես այսօր թիրախավորված չլինեի, և որևէ մեկը կոնսերավորտարիայի մասին էլ չէր խոսի, չէին խոսի նաև մեր անցած ճանապարհի և արած աշխատանքների մասին»,- ասաց նա։

Նա նշեց, որ մարդիկ առնվազն կույր պետք է լինեն, եթե չտեսնեն կոնսերվատորիայի նվաճումները 2003 թվականից։

«Աշխարհի բոլոր մեղքերը երեկ հնչեցին իմ մասին, ես, իհարկե, բացարձակ չեմ վախենում էդ մեղքերից, որովհետև մարդը պետք է էդ մեղքերը գործած լինի, որ վախենա։ Ես ուզում եմ ասել միայն հետևյալը՝ հանգստացեք, գնացեք ձեր տները, գնացեք ձեր աշխատատեղերը, աշխատեք և արեք այն, ինչ-որ մենք ենք անում, արեք գոնե դրա կեսը։ Ցույց տվեք քաղաքին, բոլոր մանկավարժներին, բոլոր մշակույթի աշխատողներին, թե դուք ինչ եք արել ձեր քաղաքի համար, գոնե մի բան արած կա՞ք, որ խոսում եք»,-ասաց Կարինե Ավդալյանը։

Նա պարզաբանեց, թե ինչու է ստեղծել «Իմպրոռիթմ» արվեստի վարժարանը։ «Որ ասում եք՝ ինչո՞ւ ես ստեղծել «Իմպրոռիթմ» վարժարան, եթե կա երաժշտական ուսումնարան, սա ազատ մրցակցություն է։ Եթե դուք խոսում եք խոսքի ազատության մասին, խոսում եք մրցակցության մասին, խոսում եք տարբեր քննարկվող հարցերի մասին, մրցակցություն է։ Եվ վաղուց, երբ որ Հայաստանը դարձել է անկախ և ազատ, մարդիկ իրավունք ունեն ստեղծելու և դպրոցներ և այլ օբյեկտներ։ Ես չեմ ստեղծել ո՛չ հյուրանոց, ո՛չ ռեստորան, ես ստեղծել եմ դպրոց, որի վրա մի ամբողջ մարդկային կյանք եմ դրել՝ կառուցելով այդ դպրոցը։ Դեռ 2003 թվականից այդ դպրոցում ստեղծել եմ 150 աշխատատեղ։ Եվ թող էդ խոսող մարդկանցից մեկն ասի՝ իրենք որևէ մեկի համար մի բան ստեղծած կա՞ն։ Այդ դպրոցից, եթե մարդը ժամ էլ չունի, ընդամենը 10 հազար դրամ է ստանում, այդքան է այդ մարդու պարապած ժամը, ինքը պիտի վճարվի իր պարապած ժամին համաձայն, այդ մարդը գոնե իր հացի գումարը կարողանում է վաստակել այդտեղից։ Իսկ դուք ի՞նչ եք արել։

Ես ինքս երաժշտական ուսումնարանի շրջանավարտ եմ, եթե կար երաժշտական ուսումնարան, և մենք ստեղծել ենք «Իմպրոռիթմ» վարժարանը, դա ունեցել է շատ նորմալ, բնականոն հուն, որը մտածված է եղել հենց դրա համար․ այդ տարիներին երաժշտական ուսումնարանից մեզ մոտ բացարձակ հոսք չի եղել։ Ընդունվողներ չեն եղել, և մենք գտել ենք լավագույն աշակերտներին Շիրակի մարզից, բերել ենք այդ դպրոց, մարդիկ կրթություն են ստացել նույն դասախոսների մոտ, որոնք դասավանդել են այդ դպրոցում և հետագայում իրենց ուսումը շարունակել են կոնսերվատորիայում։ «Իմպրոռիթմ» վարժարանը ստեղծվել է նրա համար, որպեսզի կարողանանք համալրել կոնսերվատորիայի ուսանողների շարքերը»,- պարզաբանեց Կարինե Ավդալյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե նա կհեռանա՞ պաշտոնից։

«Ո՛չ, ես բացարձակ միտք չունեմ հեռանալու, ես կատարում եմ իմ աշխատանքը, կատարում եմ իմ աշխատանքը շատ պատշաճ ձևով, և եթե ես չկատարեմ իմ աշխատանքը, իմ կոլեկտիվը թույլ էլ չի տա ինձ շարունակեմ, որովհետև իմ կողքին նստած բոլոր դասախոսները և ուսանողները, ուզում եմ անդրադառնալ հատկապես դասախոսներին, անհատներ են։ Իրենց որևէ մեկին վախի մթնոլորտում պահել․․․ Գիտեք ինկվիզիցիայի և միջնադարի շրջանը վաղուց անցել է, և այսօր մարդիկ, մանավանդ այն մարդիկ, որոնք գիտակից և կիրթ մարդիկ են, իրենք չեն կարող վախի մթնոլորտում շարունակեն աշխատել։ Կամ մի տնօրեն այդքան լծակ պիտի ունենա դասախոսի վրա, որ վախի մթնոլորտում դասախոսն աշխատի կամ չաշխատի»։

Կարինե Ավդալյանը պատասխանեց նաև իր հասցեին հնչող այն մեղադրանքին, որ վայելում էր նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի՝ նրա տիկնոջ և եղբոր հովանավորչությունը։ Կարինե Ավդալյանն ասաց, որ 2003 թվականին, երբ եկել է աշխատելու կոնսերվատորիայում ո՛չ Լևոն Սարգսյանին է ճանաչել, ո՛չ էլ Ռիտա Սարգսյանին, որն այդ ժամանակ առաջին տիկին չի եղել։

«Ես իրենց ճանաչել եմ 2008 թվականից, երբ որ մենք նախաձեռնել էինք մեր փառատոնը և շատ պատահական Ռուբեն Հախվերդյանն այստեղ եկել էր համերգի, իր հետ եկել էր նաև Լևոն Սարգսյանը՝ մի շարք նախարարների հետ։ Իրենք եկել էին բոլորվին այլ դահլիճ, այդ դահլիճի չլինելու պատճառով եկան կոնսերվատորիա, մենք շատ արագ, երեկոյան ժամը 7-ին հավաքեցինք մեր կոլեկտիվը, Ռուբեն Հախվերդյանի համերգը կայացավ և ի շնորհակալություն այդ համերգի՝ մարդն ասաց՝ ի՞նչ եք ուզում, որ ձեր կոնսերվատորիայի համար անենք։ Ասացինք փառատոն ենք նախաձեռնել, հովանավոր չենք կարողանում գտնել։ Այս մարդիկ ասացին՝ մենք «Փյունիկ» հիմնադրամ ունենք, բերեք, ձեր ծրագիրը ներկայացրեք «Փյունիկ» հիմնադրամին, եթե հավանության արժանացավ, մենք ձեր հետ կաշխատենք»։

Կարինե Ավդալյանն ասաց, որ իր մտերմությունն են շահարկում, սակայն հատուկ մտերմություն չի ունեցել, ունեցել է աշխատանքային հարաբերություններ։ «Հասկացող և աշխատող մարդը կհասկանա, որ, իհարկե պետք է աշխատես իշխանությունների հետ, որպեսզի կարողանաս ապահովես նորմալ գործընթացը», -ասաց Կարինե Ավդալյանը։

Նա նաև թվարկեց, թե «Փյունիկ» հիմնադրամն ինչ օգնություններ է տրամադրել Գյումրիի տարբեր բուհերի։

Նա նաև ասաց, որ այս ամբողջ թեման բացվել է նրանից, որ 4 տարի առաջ ինքը, ինչպես նաև Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի այն ժամանակվա ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ու դպրոցների մի շարք տնօրեններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին առաջարկություն են ներկայացրել «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջիին և Լևոն Սարգսյանին պատվավոր քաղաքացի տալու։ Կարինե Ավդալյանի ասելով, չկա իր մեղավորությունն այն հարցում, որ ավագանու 22 անդամներից 21-ը կողմ են քվեարկել, մեկը՝ դեմ։

«Եվ հինգ տարի հետո այդքան քենախնդիր լինել և բարձրացնել հարցն այն ժամանակ, երբ որ մարդիկ այսօր էստեղ չեն և հաշվեհարդար ուզենալ տեսնել մի մարդու հետ, որն ասենք հինգ տարի առաջ համարձակվել է նման առաջարկություն անել ինչ-ինչ պատճառներով և քննադատել մարդուն, որ կապ է ունեցել իշխանությունների հետ, ես կարծում եմ պարզապես նորմալ չէ դա»։

Կարինե Ավդալյանն իր անվան շուրջ այս աղմուկը որակում է մի բառով՝ նախանձ։ Նա ասաց, որ դիմել է իրավապահներին՝ իրեն զրպարտելու, իր վա ցեխ շպրտելու համար։

Ընդունելության քննությունների ժամանակ գումար ուզելու համար իրեն մեղադրողներին խորհուրդ տվեց դիմել դատախազություն։

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հանրույթի անունից նամակ են հղել երկրի նախագահին, վարչապետին, կրթության և գիտության նախարարին՝ պահանջելով «շտապ միջոցներ ձեռնարկել նեղ անձնական և խմբակային, Գյումրու կոնսերվատորիային հետ ոչ մի կապ չունեցող անձանց կարգի հրավիրելու համար»։ Նրանք պահանջում են վերջ դնել «շանտաժին, ահաբեկչությանը, զրպարտանքներին», քանի որ, ըստ նրանց, փորձ է արվում խաթարել ուսումնական բնականոն գործընթացը, ձախողել պետական քննությունները։

Նշենք, որ այսօր արդեն իսկ փոխել էին ուսխորհրդի նախագահ Լենա Խրխրյանին, որը երեկ մասնակցել էր «Ասպարեզ»-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսին՝ քննադատելով կոնսերվատորիայում տիրող մթնոլորտը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031