Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը սպասում է միջազգային հանրության հասցեական հայտարարությանը Ադրբեջանի հայտարարություններին ի պատասխան

Հունիս 14,2018 22:30

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադառնալով այս օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձություններին եւ հավանական պատերազմին, ասաց, որ, քանի դեռ չկա խաղաղության վերջնական պայմանագիր, քանի դեռ Ադրբեջանը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պատերազմական գործողությունների սցենարներ տեսականորեն հնարավոր են. «Այն, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխնախագահը չի բացառում ուժի միջոցով հարցի լուծումը, սա արդեն ահազանգ է, եւ ահազանգ է, ոչ միայն մեզ համար, այլ, նախեւառաջ, ահազանգ է միջազգային հանրությանը: Եվ որքան էլ զարմանալի եւ տարակուսելի է, միջազգային հանրությունից որեւէ հստակ, հասցեական հայտարարություն մենք չենք լսել»:

Նա ասաց, որ ՀՀԿ-ի համար Արցախի հարցը հարցերի հարցն է եւ Արցախի պայքարը՝ սրբության սրբոցն է. «Մեր կուսակցության առաջնորդները Աշոտ Նավասարդյանից, Անդրանիկ Մարգարյանից, մեր սիրելի սպարապետ Վազգեն Սարգսյանից սկսած եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եղել են այդ պայքարի կիզակետում եւ ոչ թե խոսքերով, այլ՝ գործերով եւ մենք ինչպիսի կարգավիճակում էլ լինենք, ընդդիմություն թե իշխանություն, մենք սատարելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացմանը, այն է՝ Արցախի ժողովրդի եւ մեր երազանքների Արցախի կառուցմանը, իսկ դա ազատ, անկախ, ազգային-ժողովրդավարական Արցախն է: Կա՞ մտահոգվելու առիթ, իհարկե կա: Ադրբեջանի եւ Թուրքիայի հայտարարությունները մտահոգիչ են:

Պարոն Չավուշօղլուն ասելով, որ ինքը նաեւ Ադրբեջանի արտգործնախարարն է, ասաց, որ ուղղակիորեն փորձում են ներգրավվել եւ այդ ներգրավվածությունն ունենալու է բացառապես բացասական նշանակություն այս գործընթացում»:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց ապրիլյան պատերազմի օրերին  Պակիստանի եւ Թուրքիայի հայտարարությունները. «Նրանք միակ երկրներն էին, որ ապրիլյան պատերազմի ընթացքում չորս օրվա ընթացքում հինգ պաշտոնական հայտարարություն արեցին, որով սատարում էին Ադրբեջանի հանցագործ, ահաբեկչական գործողությունները՝ ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության»:

ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ այսօր, առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է «կայուն, միասնական Արցախ, բոլորը պետք է համախմբվենք Արցախի նախագահի շուրջ, բոլորը պետք ՝ համախմբվենք Արցախի օրվա իշխանությունների շուրջ: Ես սա նաեւ, որպես պատգամավոր եմ ասում, հերիք է անուն դնենք մեր ղեկավարությանը, ես ասել եմ՝ Փաշինյանն իմ երազանքների վարչապետը չէ, բայց, եթե նա կանի քայլեր, որոնք միտված կլինեն Արցախի ժողովրդի անվտանգության լուծմանը, Արցախի խնդրի հայանպաստ լուծմանը, բնականաբար, ես նրա կողքին կլինեմ: Համազգային հարցերում չկա ընդդիմություն, իշխանություն: Սա է հանրապետականների դիրքորոշումը»:

Շարմազանովը նաեւ ասաց, որ երբ իրենք հրաժարական են տվել,  նշել են մի քանի կարեւորագույն հարցեր՝ Արցախի, ցեղասպանության ճանաչման, Ռուսաստանի եւ Եվրասիական միության՝ մյուս պետությունների հետ հարաբերությունների զարգացման, մեր արժեհամակարգի պահպանության եւ  բանակաշինության ու անվտանգության. «Կլինի հետքայլ Փաշինյանի կառավարության կողմից, բնականաբար, մենք խստագույնս կքննադատենք, կլինի՞ դրական տեղաշարժ մենք ոչ միայն կպաշտպանենք, այլ նաեւ կքաջալերենք:

Մենք պետականամետ, կառուցողական ընդդիմություն ենք: Մենք ցանկացած առիթ չենք օգտագործելու՝ քննադատելու նոր իշխանությանը եւ Արցախի ու ցեղասպանության հարցերն էլ մեզ համար էժան դիվիդենտներ շահելու միջոց չեն լինելու: Արցախի հարցն այսօր ողջ հայության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրն է: Դրա համար պետք է ուժեղ, միասնական կայուն Արցախ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930