Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր օրենքով է ոստիկանությունը մուտք գործել փաբեր եւ զվարճանքի ակումբներ. պարզաբանում է ՀՀ ոստիկանության իրավախորհրդատուն

Հուլիս 03,2018 16:21

Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել երեւանյան մի շարք փաբերում եւ ակումբներում, ինչը հարուցել է նշյալ գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների դժգոհությունը: Երեկ 15-ից ավելի երեւանյան փաբեր եւ ժամանցի վայրեր՝ «The Venue Pub», «Ace of Spades», «Barcode», «Adzoukh», «26 Irish Pub», «Mane Cocktail Bar», «Simona Cocktail Bar», «Process», «The Basement», «The Kond House», «Paparazzi Club», «Daboo Bar», «Eden Cafe Pub», «The Beatles Pub», «Hemingway’s», «Fiction» բաց նամակ են  ուղղել Երեւանի քաղաքապետին, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանին եւ ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով գրավոր ներողություն խնդրել հունիսի 30-ի գիշերը մի շարք փաբեր եւ ակումբներ ոստիկանության աշխատակիցների այցելությունների համար, ինչպես նաեւ պարզել որոշ հանգամանքներ: Այդ բիզնեսով զբաղվողները հանդիսանում են փոքր ու միջին ձեռնարկատերեր՝ ՓՄՁ, եւ նշում են, որ վերը նշված այցերի արդյունքում իրենք ոչ միայն ֆինանսական վնասներ են կրել,այլեւ վարկանիշի վրա բացասական ազդեցություն է ունեցել:Տնտեսվարողները պնդում են, որ ունեն 24-ժամյա աշխատանք իրականացնելու թույլտվություն, կատարել են դրա հետ կապված բոլոր պետական վճարումները, սակայն այս տարի շատերը ստիպված են եղել շաբաթներ, իսկ ոմանք՝ նույնիսկ ամիսներ շարունակ սպասել արտոնագրի թղթային օրինակին:

Aravot.am-ի հարցին, թե ո՞ր օրենքի համաձայն կարող է ոստիկանությունն այցելել փաբեր, ժամանցի ակումբներ եւ ստուգումներ իրականացնել, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ավագ իրավախորհրդատու Ալեքսանդր Կոչուբաեւը պատասխանեց. «Ստուգում բառն այդքան էլ տեղին չէ, ՀՀ ոստիկանությունը նշյալ փաբերում եւ առհասարակ զվարճանքի վայրերում իրականացրել է վարչական իրավախախտումների կանխարգելման իր գործառույթը: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որտեղ տեսանյութ է հրապարակել, այն մասին, որ զվարճանքի վայրերում իրականացվում են հատուկ միջոցառումներ, սակայն դրանք բնավ էլ ստուգում չեն իրենց բնույթով, այլ՝ վարչական իրավախախտումների կանխարգելման գործառույթ: Բազմաթիվ բողոքներ կան քաղաքացիների կողմից եւ դրանք պարեկային ծառայության կողմից են լսելի, ընկալելի, երբ տեղի են ունենում լռության կանոնների խախտում: Օգտվելով առիթից կցանկանայի վերահաստատել, որ լռության կանոնների խախտում է համարվում երեկոյան 23:00-ից առավոտյան 07:00-ի միջակայքում այլընտրանքային գործողությունների իրականացումը, մասնավորապես՝ բարձր երաժշտություն, բարձր աղմկել, ձայնային ազդանշան եւ այլն: Այս գործողությունների ցանկացած իրականացումը հանգեցնում է վարչական իրավախախտման, եւ սրա դեմ պայքարը, այս իրավախախտումները կանխարգելելը հանդիսանում է ՀՀ ոստիկանության վարչական գործունեության, վարչարարության մի մաս: Եվ, քանի որ այս վայրերն իրենց բնույթով ռիսկային են նաեւ այլ իրավախախտումների առումով, մասնավորապես՝ անչափահասներին ոգելից խմիչքի վաճառքի, արբած երեւալու առումով, այս իրավախախտումների կանխարգելման նպատակով են ոստիկանության ծառայողները հայտնվում այդտեղ եւ ձեր տերմինով ասած՝ ստուգում իրականացնում, սակայն օրենքի իմաստով դրանք ստուգումներ չեն»:

Ալեքսանդր Կոչուբաեւի խոսքի շարունակությունն առավել մանրամասն՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031