Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարների սեփականությունը կունենա բարձր պաշտպանություն

Փետրվար 02,2019 13:00

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ սահմանվող դրույթները։
Դիմումում Պաշտպանը մանրամասն վերլուծել է, որ ՀՀ հարկային օրենսգիրքը, սահմանելով շահութահարկի որոշման եւ վճարման կարգավորումները, հստակ չի ամրագրում դրանում օգտագործվող եզրույթները: Արդյունքում այդ եզրույթները սահմանվում են առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Ընդ որում, օրենքը չի նախատեսում կիրառված եզրույթների բացահայտումը գործադիր իշխանության որոշմամբ՝ հակասություններ առաջացնելով որոշակիության սկզբունքի հետ: Միեւնույն ժամանակ, պարզվել է, որ ստեղծված իրավիճակում խնդիր է առաջանում գործարար կազմակերպության սեփականության իրավունքի իրացման՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների տեսանկյունից:

«Առավոտի» հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական եւ կրթական կենտրոնի աշխատակից Տիգրան Մելքոնյանը պարզաբանեց. «Խնդիրն այն է, որ որոշմամբ տրված սահմանման համաձայն՝ որպես կրեդիտորական պարտք է դիտարկվում նաեւ շահաբաժինների գծով՝ կազմակերպության կողմից այլ անձանց (կրեդիտորներին) վճարման ենթակա պարտքի գումարը: Սակայն վճարման ենթակա շահաբաժնի գումարը, օրենսգրքի համաձայն, ծախս չհամարվող տարր է, ուստի որեւէ ազդեցություն չի ունենում հարկվող շահույթի որոշման ժամանակ: Արդյունքում ստացվում է, որ օրենսգրքում այդ գումարը չդիտարկվելով որպես ծախս, որեւէ ազդեցություն չունենալով հարկվող շահույթի որոշման գործընթացում՝ որոշմամբ դրան տրված մեկնաբանության պարագայում այն կարող է դիտարկվել որպես անհուսալի կրեդիտորական պարտք եւ հարկվել:

Վիճարկվող դրույթների մասով մեկ այլ մտահոգությունը պայմանավորված է նրանով, որ օրենսգիրքը չի սահմանում «դեբիտորական պարտք» հասկացությունը, իսկ որոշումը պարտականություն է դնում տնտեսվարողի վրա` դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու համար ունենալու՝ 100 հազար դրամը գերազանցող գումարի մասով դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ դատարանի համապատասխան վճիռ: Արդյունքում որոշմամբ ամրագրված բռնագանձման մասին վճռի պահանջը չի ապահովում հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռությունը:

ՍԴ-ն քննարկման առարկա է դարձրել այն, թե արդյոք Հարկային օրենսգրքի վիճարկվող դրույթները համապատասխանո՞ւմ են որոշակիության սկզբունքի: Մասնավորապես, դատարանը ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «կրեդիտորական պարտք» ձեւակերպման սահմանումը պետք է տրված լինի ոչ թե կառավարության որոշմամբ, այլ օրենսգրքով:

Անդրադառնալով Պաշտպանի դիմումում վիճարկվող իրավական նորմերի եւ սեփականության իրավունքի փոխհարաբերակցությանը՝ դատարանն արձանագրել է, որ քննարկվող պարագայում առկա է ոչ իրավաչափ միջամտություն սեփականության իրավունքին, քանի որ սեփականության իրավունքի սահմանափակումը տեղի է ունեցել Կառավարության որոշմամբ՝ օրենքով ամրագրելու փոխարեն: Որոշմամբ ամրագրվել է նաեւ, որ օրենսգիրքը կառավարությանը չի վերապահել լիազորություն՝ սահմանելու, թե երբ պետք է դեբիտորական պարտքը ճանաչվի անհուսալի: Մինչդեռ գործնականում այդ կարգը սահմանվել է կառավարության կողմից եւ պրակտիկայում իրացվում է հենց այդ իմաստով: Արդյունքում՝ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի մայիսի 1-ը՝ հնարավորություն տալով ԱԺ-ին ՀՀ հարկային օրենսգրքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու ՍԴ որոշման պահանջներին»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728