Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառային ուսումնական արձակուրդի օրերին շատ երեխաներ ներգրաված են լինում հանրային սննդի և սպասարկման ոլորտում տարբեր աշխատանքներում. արդյոք դա օրինակա՞ն է

Հուլիս 10,2018 15:52

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի  համաձայն՝  յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Ամառային ուսումնական արձակուրդի օրերին շատ երեխաներ ներգրաված են լինում հանրային սննդի և սպասարկման ոլորտում տարբեր աշխատանքներում: Երեխաներն աշխատում են սրճարաններում, հանրային սննդի և  հացաբուլկեղենի արտադրամասերում, ավտոլվացման, առևտրի կետերում  իրականացնելով տարաբնույթ աշխատանքներ, սպասարկման ծառայություններ, բեռների տեղափոխման, բարձման և այլ օժանդակ աշխատանքներ: Աշխատանքները իրականացվում է երեկոյան և գիշերային ժամերին:

Սննդի վերամշակման (պահածոների արտադրության), կիսաֆաբրիկատների  արտադրություններում երեխաները կատարում են մթերքների, մրգերի  պատրաստման, տեսակավորման, լվացման և այլ աշխատանքներ, որոնց  ընթացքում շատ հաճախ  օգտագործում են սուր, կտրող գործիքներ, որոնք կարող են վնասվածքների պատճառ հանդիսանալ: Ուստի անհրաժեշտ է պահպանել աշխատող երեխաների օրենսդրությամբ սահմանված երաշխիքները,   հանձնարարվող աշխատանքը պետք է համապատասխանի նրանց տարիքային առանձնահատկություններին և պետք է միտված լինի կյանքի հմտությունների ձևավորմանն ու անձի ֆիզիկական, հոգեբանական, մտավոր ներդաշնակ զարգացմանը:

Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի  կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝  երեխային արգելվում է ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

Ելնելով երեխայի ֆիզիկական, հոգեբանական, մտավոր զարգացման անհրաժեշտությունից՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով երեխաների համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն՝

14-ից մինչև 16 տարեկան աշխատողների համար` շաբաթական մինչև 24 ժամ.

16-ից մինչև 18 տարեկանների համար` շաբաթական մինչև 36 ժամ:

Այսպես, մինչև 18 տարեկան  աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է օրական 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում տրվում է հանգստի համար լրացուցիչ ընդմիջում՝ նվազագույնը 30 րոպե։ Ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը 14-ից մինչև 16 տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 14 ժամից, իսկ 16-ից մինչև 18 տարեկան աշխատողների համար՝ 12 ժամից և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը: Մինչև 18 տարեկան աշխատողներին  շաբաթվա ընթացքում տրվում է ոչ պակաս, քան 2 հանգստյան օր:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն  ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավելն արգելվում է:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքով նախատեսված պահանջները՝ գործել բարեխիղճ և ողջամիտ։ Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:

 

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031