Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. «Մարտի 1-ի գործը եթե այդքան կարեւոր է, թող Խաչատուրովին ասեին հրաժարվեր ՀԱՊԿ պաշտոնից նոր մեղադրանք առաջադրեին»

Հուլիս 28,2018 19:54

«Իմ կարծիքով, Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը կարող է շատ լուրջ հետեւանքներ թողնել հայ-ռուսական հարաբերությունների վրա, առավել ևս անվտանգության ոլորտում»,-Aaravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք  հայտնեց Ռազմինֆո մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ Հատուկ քննչական ծառայության՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու  եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության մասին: Դատարանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է նշանակել 5 միլիոն դրամ գրավը:

Վրթանեսյանի խոսքերով՝ ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որը ստեղծվել է այսպես ասած՝ ՌԴ նախաձեռնությամբ եւ որն, ըստ էության, մեր անվտանգության ֆորմատի հենասյուներից մեկն է. «Մենք ունենք Ռուսաստանի հետ նաեւ առանձին, ուղիղ հարաբերություններ, բայց ՀԱՊԿ-ը շատ կարեւոր կառույց է, որքան էլ լինի ֆորմալ: Ու այդ կառույցի մեր ներկայացուցչին այդպես հարվածելը, ինձ թվում է չի կարող ազդեցություն չունենալ Հայաստանի հեղինակության վրա հենց այդ ռազմական անվտանգային ոլորտում, եւ ընդհանրապես Ռուսաստանի հետ հարաբերություններում»:

Կարեն Վրթանեսյանը հիշեցրեց, որ երկար տարիներ ՀԱՊԿ-ի քարտուղարը Ռուսաստանի ներկայացուցիչ էր, ու ըստ կանոնակարգի, երբ հայկական կողմին պետք է անցներ այդ քարտուղարությունը, բավականին երկար եղավ այդ գործընթացը մինչեւ ռուսները համաձայնվեցին այն տալ հայկական կողմին. «Ու դա հայկական դիվանագիտության, կարելի է ասել, հաղթանակ էր: Ու այս ձեւով Հայաստանի ներկայացուցչին խփելը խիստ բացասական է անդրադառնալու: Ես նաեւ մտահոգություն ունեմ, որ Ռուսաստանը սա ընկալելու որպես ոտնձգություն հենց ՀԱՊԿ-ի դեմ»:

Aravot.am-ի հարցերին՝ բայց մեղադրանքը մարտի 1-ի համար է, եւ այլ ենթատեքստ չկա, առավել ևս՝ ՌԴ-ի դեմ, ինչո՞ւ պետք է ոտնձգություն համարեն, եւ արդյոք Խաչատուրովը Մոսկվայի համար այդքան «թանկ պաշտոնյա է», Վրթանեսյանը պատասխանեց. «Հարցը Խաչատուրովը չէ, հարցը միջազգային կազմակերպությունն է, որտեղ գլխավոր դերակատարը Ռուսաստանն է: Այդ միջազգային կազմակերպությունը ՀՀ անվտանգությունն  ապահովողներից մեկն է, մեխանիզմներից մեկն է, որով պիտի ապահովի, եւ բավականին անկայուն տարածաշրջանում, եւ մենք այդ կազմակերպության գլխավոր քարտուղարին խփում ենք: Հիմա չգիտեմ… Մարտի 1-ի գործը եթե այդքան կարեւոր է, թող Խաչատուրովին ասեին հրաժարվեր այդ պաշտոնից նոր թեման բարձրացնեին, մեղադրանք առաջադրեին: Եթե Ռուսաստանից ռեակցիա չլինի կապված Հայաստանի հետ, ցանկացած դեպքում դա Հայաստանի դիրքերը նույն ՀԱՊԿ-ում եւ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերություններում կտրուկ թուլացնում է»:

ՌԴ-ն արդեն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթաց սկսելու վերաբերյալ:
«Այսօր Հայաստանի ԱԳՆ-ն հնչեցրեց իր ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող առաջարկ ՀԱՊԿ անդամ-երկրներին՝ «սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»: Ռուսական լրատվամիջոցին Մոսկվայի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրն, ընդգծել է, որ Երեւանը պետք է ինքը գրավոր ծանուցում ուղարկի ՀԱՊԿ, և միայն այդ ժամանակ կսկսվի գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցման գործընթացը. «Եթե Երեւանում որոշել են, որ պարոն Խաչատուրովն իրեն ձեռնտու չէ այդ պաշտոնում, ապա Հայաստանից ՀԱՊԿ-ը պետք է ստանա համապատասխան գրավոր ծանուցում, եւ միայն դրանից հետո կմեկնարկի պաշտոնական գործընթացը, եւ ոչ թե «գլխավոր քարտուղարին փոխարինելու», այլ նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»:

Aravot.am-ի այն դիտարկմանը՝ եթե գործընթացը արդարադատության վերականգնման տիրույթում է, եւ մարդը կասկածվում է հանցանքի համար, ի վերջո կան միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարներ, (օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը ) որոնց եւս  կալանավորել են ու դա երկրի հեղինակության վրա չի ազդել, Վրթանեսյանն այսպես պատասխանեց. «Բայց դրանք անվտանգության կառույցնե՞ր էին:  Պատկերացրեք հիմա Նորվեգիան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդեպ քրեական գործ հարուցեր ու մեղադրանք ներկայացներ ու կալանքի միջնորդություն: Ես միջազգային հարաբերությունների տրամաբանությունում նման իրավիճակ չեմ պատկերացնում»:

Aravot.am-ի մյուս դիտարկմանը՝ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իր երկրի ներսում արդարադատության գործընթաց է իրականացնում, սա օրինակ ՌԴ-ն չպե՞տք է հաշվի առնի, Վրթանեսյանն արձագանքեց.«Դուք ինձանից հիմա ուզում եք ձե՞զ համար  հաճելի պատասխան ստանաք: Միջազգային հարաբերությունները անվտանգության ոլորտում դա ֆիզկուլտուրայի դաս չէ, որ այսօր մի բան պայմանավորվես, հետո վաղն ասես՝ դե լավ, զբաղված եմ, չեմ գալիս: Կրկնեմ՝ այդ պաշտոնում Հայաստանի նեկայացուցիչ նշանակելու համար շատ երկար բանակցություններ են եղել, դա տարիներ է տեւել: Սրանից ավելին ի՞նչ ասեմ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ինչո՞ւ աւելի յստակ չի խօսում, ոչ ոք… Երեւի ես եմ միակ յիմարը…

    Որոշ տեսանկիւնից, Մարտ 01-ի ողբերգական դէպքերը հետեւանքն էին յեղափոխութեան փորձի մը, որու հիմնական նպատակն էր՝ Հայաստանը հեռացնել Ռուսաստանի ազդեցութիւնից. Հայաստանը ազատագրել Ռուսաստանի լուծից, եթէ կը նախընտրէք:

    Այժմն, այդ փորձը ձախողեցնողները հետապնդվում են: Ներառեալ այս զինուորականը որ, վերեւի բացատրութեան լոյսին տակ, ոչ թէ իր անձին համար այլ իր պաշտօնի հեղինակութեան հիման վրայ, Ռուսաստանի համար կարեւոր է:

    Այս ամէնը, երբ որ սկիզբէն ի վեր մտահոգութիւն կայ որ, ընթացիկ յեղափոխութեան շնորհիւ, Հայաստանում հակառուս ուժերը զօրանան, նոյնիսկ հասնին իշխանութեան – քանզի Փաշինեանը, ինք, հակառուս չէ – : «Մտահոգութիւն», Վրաստանի նախադէպի հիման վրայ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031