Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ. Անկախ գործադիր իշխանությունում լինել-չլինելուց, մենք ազատ ենք կարծիք ու տեսակետ արտահայտելու հարցում

Օգոստոս 08,2018 16:56

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հորդորում է՝ ո՛չ Դաշնակցության հայտարարությունը, ո՛չ Դաշնակցության ներկայացուցիչների, ոչ էլ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքը համատեքստից չկտրել ու չփորձել տարատեսակ մեկնաբանությունների առարկա դարձնել:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք իր համար հասկանալի՞ է այն, որ Տիգրան Ավինյանը «Ազատություն» ռկ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր համար անհասկանալի է ՀՅԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարությունը, Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «Այս առումով հստակ արձանագրենք ՝ Դաշնակցության հայտարարության, դաշնակցականների կողմից արված տեսակետների մեջ որևէ տեղ Դուք չեք հանդիպի միտք կամ արտահայտություն, որ Դաշնակցությունը որևէ կերպ մեղադրանք է հնչեցնում օրվա իշխանությունների հասցեին կամ կասկածի տակ դնում գործադիր իշխանության և իրավապահ մարմինների հարաբերությունների հետ կապված մոտեցումները: Մենք ընդամենն արտահայտել ենք մեր որոշակի մտահոգությունները և դրանք արտահայտելու համար ունեցել ենք որոշակի հիմքեր »:

Մեր այն հիշեցմանը՝ Տիգրան Ավինյանը նշել է, թե ով՝ ով, բայց Դաշնակցությունը, որ հիմա կազմում է կառավարության մի մաս, պետք է շատ հստակ իմանա, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան գործադիր և դատական իշխանությունների միջև, և արդյոք կա՞ն ճնշումներ դատական իշխանությունների վրա, թե՞ չկան, Արսեն Համբարձումյանն այսպես արձագանքեց. «Մենք դա ավելի քան հասկանում ենք և հասկանալով հանդերձ, եթե այս կամ այն հարցերի հետ կապված չունենք հստակ պայմանավորվածություններ կոալիցիոն գործընկերների հետ, մենք մեր գործողությունների և քայլերի մեջ ազատ ենք: Կարծում եմ՝ անկախ գործադիր իշխանությունում լինել-չլինելուց, մենք ազատ ենք, և կարծում եմ դա մեր երկրի ամենակարևոր ձեռքբերումը պիտի լինի, որ քաղաքական գործիչներն ազատ լինեն կարծիք ու տեսակետ արտահայտելու հարցում: Սա պետք չէ կապել կոալիցիոն գործընկերության հետ: Մենք մեր արտահայտությունների և ձևակերպումների մեջ եղել ենք շատ կոռեկտ և խոսել ենք ընդամենը մտահոգությունների մասին»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ գնահատական կտա այն փաստին, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը, Արսեն Համբարձումյանը նշեց. «Իրենց իրավասությունն է մերժել կամ ընդառաջել: Այս պահին ձեռնպահ կմնամ որևէ կերպ արձագանքելուց: Ուզում եմ հատուկ շեշտել ու կրկնել, որ որևէ քաղաքական գործչի՝ անկախ իր ունեցած վաստակից, պատասխանատվության ենթարկելու հետ կապված տաբու չկա դրված, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Մենք որևէ մեկի պաշտպանը կամ փաստաբանը լինելու ցանկություն և անհրաժեշտության խնդիր չունենք: Ընդամենն ասում ենք, որ նոր Հայաստանում արդարադատությունը որևէ պարագայում չպետք է կրկնի նախորդ ժամանակահատվածում արված սխալները, և վստահությունը, որ ձևավորվում է ՀՀ-ում արդարադատության հանդեպ, որևէ պարագայում պիտի կասկածի տեղիք չտա: Այս տրամաբանության մեջ ընտրովի արդարադատության որևէ դրսևորման հնարավորություն պիտի բացառվի: Մեր ասածի իմաստն ու տրամաբանությունը սա էր»:

Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին՝ Արսեն Համբարձումյանը շեշտեց. «Բոլորս էլ գիտենք՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված կա երկու կողմ, և մեղադրանք է ներկայացված մեկ կողմի ներկայացուցիչների նկատմամբ: Մենք կողմնակից ենք մարտի 1, 2-ի դեպքերի լիարժեք, ամբողջական բացահայտմանը, որ մեկընդմիշտ բոլոր հարցականներն այդ իրադարձության հետ կապված ստանան իրենց պատասխանը և հետագա շահարկումների տեղիք չտան և որևէ կերպ մարտի 1-2-ի դեպքերը ազդեցություն չունենան ՀՀ ներքաղաքական զարգացումների վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031