Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տեսակետների մեջ որեւէ փոփոխություն չի եղել ո՛չ հինգ ամիս առաջ, ո՛չ հինգ շաբաթ առաջ, ո՛չ էլ հինգ րոպե առաջ». Սպարտակ Սեյրանյան

Հոկտեմբեր 10,2018 22:25

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անունից ընդունել է խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին: Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով եւ Սահմանադրության ու օրենքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը:

«Քննարկել ենք ներկա քաղաքական իրավիճակը, նախագահը մատնանշեց այն, ինչ մենք բազմիցս խոսել ենք, որ իրավիճակի հանգուցալուծումը, որը բխում է պետության ու հասարակության շահերից, կարող է տեղի ունենալ միայն Սահմանադրության ու օրենքների հարգման շրջանակներում եւ, որ ամենակարեւորն է, այս իրավիճակի ելքը պետք գտնել երկխոսության, միմյանց տեսակետները լսելու ու հարգելու, միմյանց տեսակետների նկատմամբ դիրքորոշումները հստակեցնելու ճանապարհով: Նախագահը նշեց, որ այս հանդիպումները շարունակություն են ունենալու, որովհետեւ ամենակարեւոր խնդիրը ոչ միայն առաջիկա արտահերթ ընտրությունների անցկացումն է, այլ որ հասարակությունն այդ ընտրություններից դուրս գա ավելի համախմբված»,-նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից որոշ մանրամասներ պատմեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը:

Նա ասաց, որ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ իրենց տեսակետը չի փոխվել ու նախագահն էլ էր դրան ծանոթ. «Մեր տեսակետների մեջ որեւէ փոփոխություն չի եղել ո՛չ հինգ ամիս առաջ, ո՛չ հինգ շաբաթ առաջ, ո՛չ էլ հինգ րոպե առաջ: Մեր տեսակետները միշտ արտահայտել ենք, հիմա էլ մեր ստորագրություններից, պայմանավորվածություններից ու տեսակետներից որեւէ շեղում չենք արձանագրել ու չենք պատրաստվում արձանագրել»:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ երկխոսելուն՝ Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ այդ թեմայով երկխոսելու դուռ երբեք ու ոչ մեկի առջեւ չեն փակել, մշտապես եղել են քննարկումների ու առանց որակումների, առանց գունավորումների միմյանց հասկանալու կողմնակից. «Ես համոզված եմ, որ ինտենսիվ հանդիպումները ճգնաժամային իրավիճակներից խուսափելու երաշխիքն են: Անկախ նրանից, թե կողմերը իրենց դիրքորոշումներում կմնան արմատական, կփոխեն, թե կսրբագրեն, էական չէ, որովհետեւ ամենակարեւորը երկխոսությունն է, ներքաղաքական դաշտում գործող բոլոր սուբյեկտների միջեւ խոսակցություն ծավալելն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031