Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ. Երեւանը պատռեց «շաբլոնը»

Նոյեմբեր 20,2018 22:00

«Ամբողջական ազգեր կմեռնեին ամոթից, եթե իմանային,
թե ինչ ստորաքարշ մարդիկ են նրանց ղեկավարում»։

Երեք ռեժիմների օրոք Ֆրանսիայի արտգործնախարար
Շարլ Մորիս դը Թալեյրան,
1815թ. Վիեննայի Կոնգրեսից հետո

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը մեր «դաշնակիցների» եւ մեր «ռազմավարական» դաշնակից-դարավոր բարեկամի» ձեռամբ վերածվեց մի «հայոց հարցի»՝ բառիս ամենալայն իմաստով։

Մեծ գաղտնիք չէ, որ այդ կազմակերպությունը վաղուց է ի ցույց դրել իր անկենսունակությունը որպես ռազմական դաշինք, քանզի եթե տեսականորեն հանես այդտեղից Ռուսաստանին, ապա մնացած երկրներն այնտեղ ընդհանուր բան չեն անվտանգության առումով՝ բացառությամբ Կենտրոնական Ասիայի երկրների, որոնք գոնե իրար հարեւաններ են։

Գաղտնիք չէ նաեւ, որ այդ կազմակերպությունն իրականում ընդհանուր արժեքներ էլ չունի, ավելի ճիշտ՝ այն, ինչ այդտեղ կոչում են «արժեք», ինչ-որ բան արժե փաստացի ցմահ կամ մինչեւ ներքին ֆորս-մաժոր ղեկավարելու ձգտող բռնապետների համար, որոնց միավորում են վախերը՝ ապագայից, երիտասարդներից, հեղափոխություններից, Սորոսից, Ֆեյսբուքից, ազատ խոսքից, ազատ մամուլից, ազատ ընտրություններից, ընդդիմությունից, իրենց իշխանության ծանրությունից։ Այս կազմակերպության ղեկավար փաստաթղթերում անդամ-երկրների գլխավոր սպառնալիքների շարքում ահաբեկչությունը եւ հեղափոխությունը թվարկվում են նույն նախադասության մեջ։

Սակայն երբ գործը հասնում է իրական սպառնալիքին, ապա մեր բոլոր «դաշնակիցները» վերածվում են հայտնի ճապոնական «երեք կապիկների»՝ ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում, ոչինչ չեն խոսում։ Կամ էլ՝ նրանցից մեկը սկսում է մեջբերել Ալիեւի նամակը, մյուսը՝ Ալիեւի դեսպանին երկար-բարակ պատմում է, թե ինչ է խոսվել այդ «դաշինքում»՝ գանգատվելով Հայաստանի «խառնաշփոթից», իսկ ամենակարեւորը՝ «դարավորը», «միակը» գանգատվում է Բոլթոնի այցից, մեզ «պաշտպանում» նրա «միջամտությունից», բայց հրաժարվում է «հասկանալ», որ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձի հարցը տեխնիկական է, ջենթլմենական պայմանավորվածությունները պետք է պահպանել, եւ այնուհետեւ շարունակում «չհասկանալ», թե իր «դաշնակիցներն» ինչ վակխանալիա են դարձնում տարրական լուծման ենթակա հարցը։

Դրան գումարած՝ այդ «դաշինքը» նույնիսկ իրավաբանորեն էլ դաշինքի չի ձգում, քանզի Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի համարժեքը բացակայում է։ Այսինքն՝ հարձակումը դաշնակիցներից մեկի նկատմամբ չի համարվում հարձակում բոլորի նկատմամբ։ Ասվել է, կրկնենք. նույնիսկ ԽՍՀՄ տարիների Վարշավյան պայմանագիրն ուներ ՆԱՏՕ-ի պայմանագրի այդ հոդվածի համարժեքը՝ դա չորրորդ հոդվածն էր։ Այսինքն՝ եթե, ասենք, ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի Տավուշի մարզը, ապա դրանից չի բխում, որ հրետակոծվում է, ասենք, Ադրբեջանի դեսպանին Հայաստանի չեղած «դարդերը» պատմող Լուկաշենկոյի Բելառուսը կամ «նաշ տովարիշչ» Ալիեւի նամակների սիրահար Նազարբաեւի Ղազախստանը։

Եվ այս գավառական կրկեսը տարիներով շարունակվում էր՝ անկապ «խոսք ու զրույցի» ռեժիմով, եւ դեռ որոշ ժամանակ էլ կշարունակվեր, մինչեւ թույլ օղակի օրենքով՝ իրավիճակը չպայթեց ապրիլին Հայաստանում։ Մի օր պարզ դարձավ, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարը կարող է մեղադրվել ծանր հանցագործության մեջ եւ նույնիսկ բերման ենթարկվել, ձերբակալվել, այնուհետեւ գրավով ազատ արձակվել։ Կան մարդիկ, որոնք կշտամբում են Հայաստանի իշխանություններին եւ մեղադրում, որ գործող գլխավոր քարտուղարին չարժեր ձերբակալել, քանզի «դա վարկաբեկում է ՀԱՊԿ-ը»։ Սակայն, դատելով մեր «դաշնակիցների» վարքից, հարց է առաջանում՝ եթե պարոն Խաչատուրովի քրեական հետապնդումն անցկացվեր «ամենաստերիլ» եղանակով, այսինքն՝ Հայաստանը նրան պաշտոնապես հետ կանչեր, նոր մեղադրանք առաջադրվեր, դրանից հետո Լուկաշենկոն Հայաստանի կողմից առաջադրված նոր թեկնածուին գրկաբաց ընդունելո՞ւ էր, իսկ պարոն Նազարբաեւը հրապարակայնորեն պատռելու էր Ալիեւի հերթական նամակը եւ հրավիրատո՞մս էր ուղարկելու Երեւան։ Թե՞ «բիզնեսմեն» Բորդյուժայի նախկին տեղակալ, ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, «չեզոք» Պուտինի ներկայացուցիչ պարոն Սեմերիկովն էր մի իմաստուն հայտարարություն հրապարակելու, որտեղ Երեւանի դիրքորոշումը համարելու էր ոչ թե խնդրահարույց «էֆեկտիվության տեսակետից», այլ, ասենք, շնորհակալություն էր հայտնելու։ Իհարկե, հազիվ թե։ Մանավանդ, եթե հիշենք, թե ինչպես էր Հայաստանը մնացել միայնակ Քառօրյա պատերազմի օրերին, նույնիսկ Երեւանում վարչապետների հավաքը շատ համարեցին, իսկ Մոսկվան էլ տեղափոխեց ԵԱՏՄ հավաքն իր մոտ, որ հանկարծ «կազմակերպության հեղինակությունը չտուժի»։

Երեւանն ուղղակի պատռեց «շաբլոնը»՝ հանկարծակիի բերելով ծերացող հետխորհրդային բռնապետներին, խախտելով նրանց մայրամուտի անդորրը։ Երեւանը «երկու ոտքը դրել է մեկ կոշիկում» եւ պնդում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչեւ սահմանված ժամկետը պետք է պահպանի Հայաստանը, եւ այդ իրավունքը տրված է Հայաստանին, այլ ոչ թե Խաչատուրովին։ Այլեւս չեն լինելու խղճուկ հոգոցները, «մեր դաշնակցի բիզնեսը», անիմաստ եւ անտեղի, Զիմզիմովի հանգույն՝ «թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն Պուտին»-ը, անիմաստ մեդալ տալ-առնելը։

Պետք է ենթադրել, որ Երեւանը կոնսենսուս չի ստանա, եւ իր հերթին կոնսենսուս չի ապահովի Բելառուսի ներկայացուցչի համար, պաշտոնը կմնա պաշտոնակատար Սեմերիկովին։ Եվ Մոսկվան դրա հետ կապված ոչ թե մտահոգություն կհայտնի Մինսկին եւ Աստանային եւ ոչ էլ կմեղադրի նրանց «ՀԱՊԿ հեղինակությունը խաթարելու», ջենթլմենական պայմանավորվածությունները խախտելու մեջ, այլ իր պրոպագանդան կարձակի Հայաստանի ուղղությամբ՝ «անկախ», «Կովկասի եւ Հայաստանի մասնագետների» եւ այլ «փորձագետների» շուրթերով «մտահոգությունները» եւ հերթական լուտանքները թափելով Երեւանի հասցեին, իսկ Կրեմլը ուղղակի կլռի։ Այնպես, ինչպես ս.թ. ապրիլին-մայիսին։ Դա լավագույն դեպքում… դիմացը ձմեռ է։

Այո, Ազատությունը եւ Անկախությունը գին ունեն, հեշտ չի լինելու։ Բայց հետդարձի ճանապարհ էլ չկա եւ չի լինելու։ Անխուսափելիորեն գալիս է վճռական մենակի ժամանակը։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

20.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այո, հաճիք այս տիպականօրէն ինքնասպանական ընթացքով մի քիչ ել շարունակեցէք, որպէսզի ամէն բան վերջանայ (այսինքն՝ յստակ դառնայ որ իսկական բան մըն ալ չկար արդէն, ամբողջ այդ կարծեցեալ «երկիրը» լոկ երազային միջադէպ մըն էր), մենք ալ այլեւս հանգի՜ստ մեր գործերուն նայինք, Սփիւռքի մէջ, ուֆ…

    • ominac says:

      Ինչքան գիտեմ Սփիւռքի միակ գործը կամաց կամաց ձուլուիլն է, եթէ Հայաստանցիին պայքարը ճակատը բաց ապրելու համար, քեզի կը խանգարէ, փորձէ Պեթովեն մտիկ ընել եւ ուրիշ բան կարդալ։ Փորձէ չէս գիտեր, կրնայ ըլլալ Եօկան ալ կօգնէ։

      • Հ.Շ. says:

        Ձուլուած Սփիւռքահայութեան մէջ (= ի սկզբանէ սփիւռքահայերը, ոչ թէ իրենց երկիրը շարան-շարան լքած հայաստանցիները), տակաւին, շատ աւելի հայու ազգային գիտակցութիւն կայ, քան թէ Հայաստանի մէջ, եւ նոյնիսկ Արցախի մէջ: Հայաստանցիի «պայքարը» անձնական բարօրութեան համար է, միայն, էականօրէն հիմնուած՝ անհատապաշտութեան եւ նիւթապաշտութեան վրայ:

        Օտարութեան մէջ ձուլուիլը բնական է, հասկնալի է: Սակայն Հայաստանի հողի վրայ տեղի ունեցած, այդտեղի բնիկներու այլասեռումը, այո, խանգարիչ երեւոյթ է:

        Օտար ազդեցութիւնները, համեմատաբար, շատ աւելի ազդու, ազդեցիկ եւ խորտակիչ են Հայաստանի մէջ, քան թէ դասական Սփիւռքի հայկական շրջանակներուն մէջ, այն հայերուն մօտ որոնք սերունդներէ ի վեր, ի գին անձնական զոհողութիւններու, կը պայքարին ու կը դիմանան, պահպանելու համար իրենց ազգային նախնական ինքնութիւնը, տարրական գիտակցութիւնը:

        • Հ.Շ. says:

          Ըստ գործածութեան, այդ բառին իմաստը այլազան երանգներ ունի, 0minac: կրնայ նշանակել՝  կատարում,  ներկայացում (performance musicale), արդիւնատւութիւն,  արտադրողականութիւն (rendement-ի, yield-ի իմաստով), քաջագործութիւն (exploit-ի իմաստով), եւայլն.
           
          Երկար ժամանակ, մեծ յոյսերով եւ խանդավառութեամբ, ես ալ մօտաւորապէս քու այդ միտքերդ եւ կարծիքներդ ունէի: Սփիւռքը ընդհանրապէս «վար կը զարնէի», մինչ Հայաստանը կ’իտեալականացնէի: Կը հաւատայի թէ Հայաստանը Սփիւռքի փրկութիւնն է, կամ պիտի ըլլայ:
           
          Այժմ աչքերս բացուած կը համարեմ: Սփիւռքը փառաբանողը չեմ, լաւապէս ծանօթ եմ անոր թերութիւններուն եւ խնդիրներուն: Սակայն ազգայնական/ազգասիրական ակնոցով դիտուած Հայաստանի մեր նախկին ու նախնական պատկերացումները կը տանին միայն դէպի յուսախաբութիւն, ցաւ, դառնութիւն:
           
          Վրայ-վրայի գումարելով այն ամիսները որ, տարիներէ ի վեր շարունակաբար, ընտանիքիս հետ, անցուցած եմ Հայաստանի եւ Արցախի մէջ, ցարդ, գրեթէ երկու տարի այդտեղ ապրած եւ (գործած) ենք:
          http://www.shoushisummercamp.org/page2.html
          https://www.facebook.com/AramManoukianJampar/
          Կը կարծեմ թէ բաւական մօտէն ծանօթացած եմ երկրին ալ, անոր բնիկներուն ալ:

          Պիտի շարունակենք օգնել անշուշտ, առ ի պարտականութիւն. հիմնականօրէն մարդասիրական մղումներով, եւ այլեւս ոչ՝ ազգասիրական ինքնախաբէութեամբ: Քաջ գիտնալով որ դեռ իրենք ալ պիտի շարունակեն շահագործել մեր այդ զգացումները: Մահ իմացեալ…
           

          • ominac says:

            Յուսախաբութեան պատճառը քու կողմին սխալն է ոչ թէ դիմացինին։
            Կեանքը բարդ բան է, հասկնալու համար ենթադրութիւններ կընես,
            եւ յաճախ աւելի հեշտացնելու համար աւելի լայն ենթադրութիւններ կընես
            որը հետագային կուգայ կը խածնէ քեզի։ Ես Հայաստան ուսանած եմ որպէս
            սփիւռքահայ ուսանող, եւ 6 տարի ապրած եմ Երեւան։ Դեռ չի գացած,
            երազիս մէջ Լենինի հրապարակը կը տեսնէի, գացածիս պէս յուսախաբուեցայ,
            Լենինի հրապարակի մօտն էինք, խանութ մը կար որ օտար երկիրներէ եկած
            ապրանքներ կը ծախեր, եւ պատուհանին վրայ երկաթէ վանդակ դրած էին,
            ազգականս տեղացի էր եւ հետս կը գալեր, ըսաւ որ գողութեան համար է որ դրած
            են, դեր կը յիշեմ վայրկեանը որ ինչպէս շոգի մէջ էի որ հայերը կըլլայ մը
            որ իրար գողնան։ Երրորդ տարին էր որ օդանաւով երեւան կուգայի իջած ատենը
            պատուհանէն կը նայէի, եւ Հայաստանը իմս զգացի։ Պատկերացուր, երեք տարի
            առաւ որ այդ մտային պատկերացումներու ցնցումներէն վերջ, որ ես բոլոր կեանքս
            երազած երկիրս իմս զգամ։ Վստահ եմ որ փոփոխութեան պատճառը ես էի ոչ թէ
            հայաստանը փոխուեցաւ։ Իմ կեանքի փորձես գիտեմ որ, սփիւռքէն Հայաստան
            անցնիլը տարիներու վրայ երկարող գործընթաց է, ոչ թէ կերթաս կը համակերպիս
            եւ կը վերջանայ։ Դեռ ես երիտասարդ էի, դուն վստահ եմ եթէ ընտանիքով գացած
            ես շատ աւելի մեծ տարիքիդ գացած ես եւ ոչ թէ ուսանողական հայաստանը տեսած
            ես ալ իրական հայաստանը եւ քու սեփական երկիրը գտնելը շատ աւելի դժուար
            պիտի ըլլայ։ Նոյնիսկ եթէ Հայաստանը դրախտ ըլլար նորէն պիտի յուսախաբուէիր,
            որովհետեւ յարմարուելու փոփոխութիւնը ներքին գործընթաց է, եւ ոչ մէկս մեր
            սիրած ու կապուած երեւակայական ներաշխարհը դիւրին դիւրին կը ձգենք որ երթայ
            եւ տեղը իրական աշխարհ գայ։ ( մանաւանդ որ աշխարհը այսքան դժուարութիւններով եւ գռեհկութեամբ լեցուն է)

  2. ominac says:

    Ճիշտ է ըսածդ որ Սփիւռքի մէջ որոշ շրջապատի գիտակցական մասը բարձր է, բայց նոյնը կրնաս ըսել Հայաստանցիին համար։ Որոշ քանակութեամբ մարդ միշտ միջինէն աւելի վեր կըլլայ։ Բայց օրուան վերջը, հարիւր տարի ազատութեան մէջ ապրելէ վերջ, մէկ հատ ժողովրդավար կազմակերպութիւն մը չի կրցանք կառուցել։ Վերջում, տասնամեակներով սովետական կարգերու մէջ եփելէն վերջ, Հայաստանէն ելաւ Նիկոլը, ոչ թէ սփիւռքէն։ Նոյնիսկ չօգնեցինք իրենց ժողովրդավարութեան երթալու։ Հեռուէն նայեցանք։ Գիտես ինչքան վատ կզգամ որ ոչ մէկ բան կրցանք ընել իրենց համար։ Այս դրամը որ կը ղրկենք հոգեկան գոհունակութեան համար է, գործնականին մէջ ոչ մէկ տարբերութիւն կընէ բնիկներուն կեանքին մէջ։ Իրենք ինչ յոյսեր դրած էին Սփիւռքին վրայ։ Իրենք դէպի վեր կը նայէին սփիւռքին անոր համար չի տեսան, պէտք է դէպի վար նայէին, ուր որ ենք, շատ աւելի արագ կը գիտնային ինչ ըլլալնիս։ Ինչ հասկնանք եթէ հարիւր տարի աշխարհի ամէնայ ժողովրդավար երկիրները ապրելէ վերջ, օրինակ Հբըմ-ը վերածուեց abgu-ի, առաջ չեմ գիտեր քանի տարին անգամը ընդհանուր ընտրութիւն կընէին, փոխեցին համակարգը, հիմա նեղ թիւով մարդիկ իրար կընտրեն( եւ ասոնք դեր հայաստանցիներուն գլխուն վրայ լեկցիա կը կարդան Միւս կողմէն Դաշնակցականները դեր կը կարծեն որ իրենք օրէնքէն վեր ինչ որ բան մըն են։ Դաշնակցութիւնը մոնոպոլի ըրած է Կիլիկիայի աթոռը իսկ Ռամկավարները Էջմիածինը, մինչ այդ Նիկոլը մոնոպոլին վերջացաւ կըսէ Հայաստանի մէջ։ Հիմա ասի ինչպէս մեզի հետ սեղան պիտի նստի չեմ գիտեր։ Սփիւռքը նոյնիսկ կորուստի սպառնալիքի տակ անգամ մէկ քայլ չի կրցաւ ընել ժողովրդավար կազմակերպութիւն մը սարքելու ճամբուն վրայ։ Ես քեզի հետ համաձայն եմ որ մենք զգացական շատ զօրաւոր կողմ ունինք Հայաստանի համար, բայց եթէ այդ զգացումները երբեք չի գումարուեցան մասնաւոր կազմակերպչական կառոյցի, այդ բոլորը ում էր պէտք։ Կռիւներու ատեն, բոլոր Հայաստանով մէկ, ամէն գիւղ իր հաշիւը ըրաւ որ ինչպէս ջոկատներ կազմեն եւ Արցախ կռիւի երթան։ Այդ կը նշանակէ որ բաւական բարձր գիտակցութիւն ունին որ այդպիսի բան ըրին, անշուշտ, այդ ձեւի մարդիկ միշտ ալ թիւով քիչ կըլլան եւ դժուար թէ դուն պատահական իրենց հանդիպիս։ Վերջում ասանկ ըսեմ, մեզ մօտ նեղ շրջապատ մը կայ որ հայաստանի հանդէպ գիտակցութիւնը բարձր է, բայց այդ նաեւ կայ Հայաստանցիներուն քով, պարզապէս պատահական դէմդ չելլար։ Եթէ կուզես որակով մարդու հանդիպիս, հաւանաբար միայն համացանցի վրայ հանդիպիս։
    Ի միջի այլոց աղուոր հայերէն կը գրես, եթէ գիտես կրնաս հաճիս ըսել performance բառին հայերէնը ի՞նչ է։ Ոչ թէ ուղղակի թարգմանութիւն այլ հայերէնի մէջ իմաստը պարունակող բառ մը։

  3. Ռուբեն says:

    Հարգելի ominac, կարդալով Ձեր մեկնաբանությունը, մեծ բավականություն ստացա Ձեր առողջ դատողություններից՝ Սփյուռքի պատկերը դիպուկ գույներով ներկայացնելու և մեր երկրի անցուդարձը ճիշտ գնահատելու վերաբերյալ: Ձեր այս մեկնաբանությունն իր կարևորությամբ և բովանդակությամբ մի ամբողջ հոդվածի անգամ չի զիջում: Այնպես որ, Ձեզ խորհուրդ եմ տալիս, որ մի վերլուծական հոդված գրեք՝ Սփյուռքում հայապահպանության խնդիրների լուծման և Հայաստան – Սփյուռք համագործակցության արդյունավետ ձևերը գտնելու Ձեր տեսակետների մասին: Փորձեք դա անել յուրովի, կարծում եմ կկարողանաք: Դա շատ կարևոր թեմա է և լավ քննարկում կծավալվի:

    • ominac says:

      Մտքերս գրեցի, բայց ժամանակ պիտի առնէ որ սրբագրեմ, վերջում , քիչ մը մշակելէ յետոյ հոս կը տեղադրեմ։ Չէի պատկերացներ որ այսքան ժամանակ պիտի առնէ մի քանի պարբերութիւն գրելը։

    • ominac says:

      Սփիւռք Հայրենիք յարաբերութեան մոդելի վրայ, ես ինծի բաւական կը մտածեմ, բայց մասնաւոր մոդելի մը վրայ չեմ կրցած հանգիլ։ Կրնամ այդ մոդելի յատկութիւններուն մասին խօսիլ քան թէ մոդելին մասին։
      1- Սփիւրքահայութիւնը երկու մասի պիտի բաժնես, 10% աւանդական սփիւռքահայ կազմակերպութիւններն են, իսկ միւս 90 գրեթէ ոչ մէկ բանով հայաստանի հետ կապուած հայութիւնն է, որ իր բաղդին ձգուած կը ձուլուի։
      2- այդ տասը տոկոսէն միայն դրամա կուգայ քեզի համար, օդակայանը կը դիմաւորէն դասախօսական սրահ կը տրամադրեն, խրախճանք, եւ ամենա կարեւորը նկարներ ուր խումբ մը մարդ շարուած քեզ կը ծափահարէն։ Մէկ խօսքով էկոիդ հետ կրնան խաղալ բայց այդկէ աւելի բան չեն կրնար ընել, գրեթէ բոլորն ալ շատ նեղ պիւտճէի վրայ կաշխատին, կամաւոր աշխատողները մեծամասնութիւն են։ Լինելով մեծամասնութեամբ մանր վաճառականներ, շատ աղուոր գիտեն ամեն ինչին դէմ բան մը ուզելը, եւ ուզածնին միշտ ծուր բաներ կըլլան, սկիզբէն գիտես որ խօսակցութիւն տեղ պիտի չերթայ, օրինակ դաշնակցութիւնը կուզէ որ իրեն նայիս որպէս արեւմտահայութեան ներկայացուցիչը, կը հաւնիս թէ ոչ պէտք է ինչ որ տեղ համաձայնիս իրենց հետ եթէ հետերնին ճամբայ պիտի ելլես, գաջ գիտնալով որ պիւտճէ չունին եւ հետեւաբար մասնաւոր գործունէութիւն չէս կրնար ծաւալել։ Մէկ խօսքով 10 տոկոսը 90-ի պէս պիտի ծախեն։
      3- Իրական կեանքում այս 10 տոկոսին հատ յարաբերութիւնը միշտ նոյն ձեւով կը վերջանայ։ Հայաստանցիները ով որ հոս գայ կուզեն տեղական կապեր հաստատել իրենց անձնական գործերուն համար, ըլլայ դրամատուներու մէջ հաշիւ բանալ կամ գործարքներու եւայլն։ Իսկ սփիւռքի կազմակերպութիւնները կսպասեն որ իրենց անունը պատուանդանի վրայ դրուի հայաստանի մէջ։
      Այսինքն մենք ձեզի դրամատան հետ կապեր հաստատել պիտի տանք, դուք ալ մեզի պիտի ներկայացնէք որպէս ինչ որ ապագայ ունեցող կազմակերպութիւն որուն հետ կրնաս սեղան նստիլ, քաջ գիտնալով որ նաւը տեղ մը պիտի չերթայ։
      4- Վերջերս կարծես թէ պատուանդանի վրայ դրուիլէն անցան եւ հիմա պատուանդանէն զատ ուրիշ աղուոր կտոր մըն ալ կուզենք Հայաստանէն։ Անունը Ամուլսար։ Գիտես որ երեք գանատահայ են։ Ոչ մէկը գաղութին մէջ ճանցուած է որպէս Ամուլսարի հետ կապուած անձ մը։ Մէջերնէն մէկը միայն գիտեմ որպէս շենքեր ծախող անձ որ անձնական հաջողութեան հասած է, շատ պարկեշտ մարդ ըլլալը գիտեմ, եւ նաեւ ցեղասպանութեան հարցերով զբաղուող անձ, իսկ միւսներուն մասին լսած եմ։ Ինչքան հասկցայ Նիկոլին Ամուլսարի մարդը եկած այս մարդկանց հետ խօսելու։
      օրինակ գանատայի մէջ apearance of conflict of interest կայ, այսինքն եթէ ես քեզի հանրութեան մէջ ձեղասպանութեան անունով ճանցած եմ, եւ դուն Ամուլսարի պէս գործով զբաղուած ես, դուն պէտք է հանրութեան տեղեկացնէս որ այդպէս է։ Այսինքն չէս կրնար ձեղասպանութեան հարցով իմ աջակցութիւնս քեզի օգտագործես ուրիշ գործի։ Այս մէկը ինկած է հայաստանցիին վրայ, ենթադրենք սփիւրքի նախարարութեան ինկած է հայաստանցիին ներկայացնելու սփիւրքի կազմակերպութիւնը եւ անձերը ոչ թէ ձեւական յայտարարութիւններով, այլ այնպէս մը ներկայացնէ որ հանրութեան գիտակցութիւնը արթննայ կողմնակի գործաքներու վրայ։ Այսինքն սփիւրքի նախարարութեան ինկած է որ ՀԲԸՄ-ը ներկայացնէ ոչ թէ միայն սփիւրքի բարեգործական կազմակերպութիւն այլ նաեւ ամուլսարի հանքի գործերը դասաւորող կազմակերպութիւն։ Դաշնակցոււթիւնը ոչ թէ արեւմտահայատանի մասին խօսող կազմակերպութիւն այլ նաեւ շուկայական կազմակերպութիւն որ կուսակցութեան անդամները ուղղակի կօգտուին սփիւռքի հետ կապուած գործարքներէն, օրինակ գանատացի այդ երեքէն մէկը դաշնակցական է։ Այսինքն սփիւռքը չունի անկողմնակալ լրատուական կազմակերպութիւն, իսկ հայաստանեան թերթերն ալ այդ դրամը չունին որպէսզի կրնան հետազօտելու երթան աշխարհով մէկ, անշուշտ թէ լրատուական կազմակերպութիւն չէ սփիւռքի նախարարութիւնը բայց պէտք է սփիւռքի հետ կապրուած բանալի անձնաւորութիւնները եւ կազմակերպութիւնները պէտք է ներկայացնէ հայաստանի ժողովուրդին ինչպէս որ կը գործակցին իրականութեան մէջ ոչ թէ ինչպէս իրենք ինքզինքինն կը ներկայացնեն։
      5- Ինքզինքդ կամ կազմակերպութեան մը Աստուած կարծելը մեծ սխալ է։ Մարդուն ուղեղը որոշ բարդութեան խնդիրներ կան որ չի կրնար լուծել, միայն կը ձեւացնէ որ կը լուծէ։ Օրինակ, 1930-ին այսինքն 15 տարի ցեղասպանութիւնէն վերջ դէպքեր կան որ գանատայի կառավարութիւնը պզտիկ օդանաւովներով կը շրջէր եւ երբ ամերիկացի բնիկներուն կը բնտրեր եւ երբ օդէն երեխայ տեսներ որոնք յաճախ լիճերու շուրջ կը խաղային, լիճին վրայ կիջնեն, երեխան կառնէն եւ կերթան յաճախ նոյնիսկ ծնողքին չէին ըսէր որ երեխան տարին։ տասը տարի գիշերօթիկ դպրոցի մէջ կը պահէին որպէսզի բնիկներուն մշակոյթը փոխէն, մէյ մէկ միացեալ նահանգներ ալ տարած են։ եւ երբ իրենց լեզուն կը խօսէին ծեծ կուտէին ինչպէս հայ երեխեկը թուրքիոյ մէջ։ Խելքը գլուխը որ անձը ասոր կը համաձայնի, դուրս եկաւ որ հռչակաւոր մի քանի հոգեբան եւ դասախօսներու կազմ մը ընդունած է այս ձեւը որպէս ճիշտ ձեւը է բնիկները ձուլելու։ Դեռ վրան ալ դէպքեր կան այդ երեխեկէն քիչ թէ շատ հիշած են թէ իրենք որտեղէն եկած են, երբ 18 տարեկանին դպրոցը աւարտելէ վերջ, են երկու երեք հազար քիլոմեթր գալելով ետ տուն գացած են։ Այսինքն միտքն այն է որ կառաւարութիւնը խումբ մը գիտնականի կարծիքը կառնէ կոր որպէսզի իր գլխէն մէծ հարց լուծէ։ Պարզ մարդ մը շատ հեշտութեամբ կրնայ ըսել որ այս ծրագիրին մէջ հոտած բան կայ, առանց կարելնալու մատը դնէ որ ճիշտ ինչ է բայց կրնայ ըսել որ այստեղ բան մը ծուռ է։ Այսինքն գիտնականին չէս կրնար որոշ բարդ խնդիրներ վստահիլ։ Ուրիշ օրինակ, այդ օրերէն 90 տարի անցաւ եւ գանատայի կառավարութիւնը այսանգամ որոշեց որ տղամարդը եւ կինը իրարմէ կը տարբերին միայն սեռական օրկաններով, եւ հետեւաբար երեխայի հոգեբանութիւնը ոչ մէկ ձեւով կը փոխուի եթէ երկու հայր կայ տունին մէջ թէ երկու մայր կամ ալ մէկ հայր եւ մէկ մայր, տարբերութիւն չի ըներ եղեր եւ այս բոլորը կը պաշտպանուին համալսարններու դասախօսներու կողմէ։ Ես պէտք չունիմ դասախօս ըլլալու որ այստեղ հոտած բան մը կայ։ Կամ ալ Ամուլսարը, հսկայ շրջան մը հողը դուրս պիտի դարձնէն որ սեւանա լիճի ուղութեամբ ջուր պիտի հոսի, լիճ մը որ մեր ամենաթանկ հումքն է, եւ ես ինժիներներու պիտի սպասեմ որ ինծի ըսեն որ թիւերը ինչ կըսեն։ միջավայրը շատ բարդ համակարգ է որ դուն երթաս կտոր մը մէջէն հանէս եւ տեղը ուրիշ բան դնես յետոյ ալ ըսես որ ես կապացուցեմ որ տարբերութիւն պիտի չընէ այս համակարգին վրայ։ Ինչքան հասկացայ Նիկոլը գացեր է խումբ մը ինժիներներու կարծիքին վրայ պիտի վստահի եղեր։ Ասոնց բոլորին վիզէն պիտի բռնէս եւ տանիս 5 սմ հեռու պիտի բռնէս ղափանի մէջ քաղցկէղով տարապող հիւանդին որ տունը առանցին նստած լալաով պատերուն հետ կը խօսի կոր որ աստուած այս ապտակը ինծի ուրտեղէն եկաւ։ Այս գիտնական կամ ինժիներ ըսուած սրիկաներն պէտք է մօտեն լաւ մը նային այդ աչքերուն եւ զգան որ ինչքան անզօր ենք բնութեան ուժերուն դէմ պայքարելէ։ Եւ եթէ կրնայ նէ թող այդ հիւանդին ըսէ որ ինքը գիտէ որ այդ բարդ համակարգը ինչպէս կաշխատի։ Միայն կրնաս այդ աչքերուն մէջ նայիլ բայց ոչ մէկ ձեւով բուժել իրեն։ Որ ապուշը այս դարին մէջ կընդունի որ մեծ շրջանի մը ընդերքը դուրս դարձնելէ վերջ բան մը չի փոխուիր համակարգին մէջ եւ որ ես պէտք է իժիններին կարծիքին սպասեմ որ եզրակացնեմ։ ի
      6- նոյն միտքը շարունակելով, սփիւրք հայրենիք հարաբերութիւնը շատ բարդ կարոյց է, լիբանանցին եւ գանատացին տարբեր միջավայրերու մէջ կապրի, չես կրնար նոյն կառոյցով երկուքին հետ կապնուիս։ Ոչ ալ կրնաս մտքիտ մէջ հետաքրքիր կառոյց մը հղանալ եւ կարծել որ իրականութիւն կրնայ ըլլալ։ Որեւէ մէկը որ կեանքին մէջ իրական գործեր իրականացուցած է կրնայ վկայել որ կարելին իրական դարձնելու համար կեանք մը կը կուզէ։ Անանկ որ աւելի լաւ է զկսբունքներով առաջնորդուիլ եւ ոչ թէ մօդելներով։
      մի քանի սկզբունքներ որ միտքս կուգայ գրեմ
      1- ընդունուած օրէնքներով պէտք է հարաբերիս։ այսինքն ամէն մարդ պէտք է գիտնայ խաղին օրէնքը եւ կեանքին մէջ տեսնէ այն։ արդէն Նիկոլը առաջին ամենակարեւոր քայլը սկսաւ։ օրէնքով իրար հետ յարաբերիլը։ Մէկը հատ սփիւրքահայ կազմակերպութեան հետ աշխատիր եւ ինծի ըսէ որ ասոնք թափանցիկին ինչ ըլլալը գիտեն։
      2- յարգանքի համատեքստին մէջ մէկը միւսին տկարութիւնները պէտք չէ ծածկենք։
      3- պէտք է կարգին մեր խնդիրները պարզող եւ բացատրող դաստիարակչական հեռուստատեսութեան ալիք մը ունենանք։ ուր կարգին մաքուր հայերէն խօսին։ որ ոչ թէ կուսակցութեան մը ապրանքը ծախէ այլ մտքեր քննէ, ժամանակակից մեր կեանքի մէջ եղած խաղերը պարզէ։ միջազգային իրականութիւնը կառոյցներով հասկնանք։
      4- Սփիւրքը մոնոբոլիաներու խուրց մըն է։ երեւի մոռնանք այս խուրձը քակելը, աւելի շուտ նորը կառուցենք։ Ասոր ամենէ լաւ օրինակը Bitcoin-ն է։Փոխանակ ամերիկյան տոլլարին դէմ կռուիս եւ բոլոր կեանքտ պայքարիս որ միջազգային շուկայէն դուրս ելլայ, աւելի դիրիւն է նորը կառուցես։
      5- Երբ մտքերու փոխանակման առողջ միջավայր կայ, նոր կառոյցները իրենք իրենց ծնունդ կարնեն։ Մէկը չի ճոկեց ինչպէս Նիկոլը մէջտեղ ելաւ, երբ նկատեցին արդն ուշ էր։ Սուրիացիներուն ներգաղթելը դեկուզ մի քանի հազարով ինչքան բան փոխեց հայաստանի մէջ։ Սփիւռքը Հայաստանին , իսկ հայաստանն ալ սփիւռքին պէտք է նոր արիւն տան իրար։ Հայաստանը թափանցիկ երկիր ըլլալու սկսաւ, ատենն է սփիւռքին հրէք որ մենք ալ թափանցիկ դառնանք։ Հայաստանը պէտք է կրնայ սփիւռքէն հազար ու մէկ տեսակ մէնէջրներու հայաստան բերէ եւ ընկերութիւններու ղեկավարման մշակոյթը փոխէ, ասի սփիւրքի ամենակարեւոր օգնութիւնը կրնայ ըլլալ հայաստանի։
      6- Եթէ դուք այդ 10 տոկոսին պիտի երթաք որ 90-ին կապուիք, քիթէդ բերնէդ կը բեռէն։ Ամէնէ լաւ ձեւը որ այդ 90 տոկոս համայնքին կապուիք ապակեդրոն յարաբերիլն է։ Այսինքն դուք օրինաւոր երկիր սարքէք, երբ հայերը իրենք իրար մէջ խօսիլ սկսին ովվր երկիրը օրինաւոր է, արդէն այդ ժողովուրդը շարժիլ կսկսի, ինչպէս այդ ամերիկացի բնիկները որ այդչափ տարի անցնելէ վերջ քալելով վերադարձան իրենց համայնքներուն։ Այո այդ թիւը միլիոններու չի հասնիր, բայց գոնէ 5 – 10 հազար մէնէջըր եթէ կրնաս հայաստան տանիլ, երկրիը արմատապէս կը փոխէս։ Ատկէ վերջ մասնաւոր սփիւռքի կարիքը չես զգար։
      7- երեսուն տարի անօրէն միջավայրում, միայն կէս միլիոն հայ լաւ կապրեր մնացած 2.5 մլն․ ժողովուրդը մաս չի կազմեց երկրի տնտեսութեան։ պարզապէս փորձեց գոյատեւել։ մտքով լրիւ սնանկացաւ։ Երբ այս յեղափոխութիւնը եղաւ եւ օրինաւոր ըլլալը դարձաւ առանցքը երկրին, հիմա “հայաստան” երկրին նպաստող դարձաւ 3 մլն․ ժողովուրդ։ Հիմնական միտքը օրինաւոր ըլլալուն այն է որ ապագան ծրագրաւորել կսկսիս, փոխանակ բախտին վստահիս։ Ինծի համար գոնէ ակնյայտ է որ եթէ ես դրամ ունիմ վրաստանի մէջ եւ լաւ չեմ արեւմուտքի հետ եւ եթէ ամերիկայէն կամ եւրոպայէն նամակ մը երթայ վրաստանի կառավարութեան որ ասոր նեղը ձգեէ արագ մը կենթարկուին։ Նոյնը չես կրնար ըսել հայաստանի համար։ այսինքն շրջանին մէջ հայերը միակն են որ քաղաքացու իրաւունքը առանցք դարձուցին երկրին եւ ոչ թէ արտաքին քաղաքականութիւնը առանցքն է երկրին ինչպէս վրաստանը։ Եթէ մեծ խնդիր մը ըլլայ աշխարհին առջեւ եւ հայաստանը արտաքին ուժերը դեմ դնէ պարզապէս քաղաքացու իրաւունքը պաշտպանելու համար չենթարկուի արտաքինին, եւ մի քանի օր լուրերուն վրայ տան շրջանին մէջ, այն ժամանակ շատ մը մարդկանց դրամը որ միջին արեւելքի մէջ կը կասկածին որ իրենց կառաւարութիւնը իրենց դրամը կրնայ իւրացնել, կրնայ շարժուիլ դէպի հայաստան, եւ ձեւով մը 5 – 10 մլն․ օտար մարդու դրամը նաեւ գայ եւ մտնայ հայկական դրամատուներու մէջ։ Փաստօրէն հինգ տարուայ մէջ կէս միլիոն հայ կարողութիւնով ազգը որ այսօր ենք պիտի վերածուի 20 մլն․ ազգի կարողութեան հաւասար։
      Եթէ դուք օրէնքով պիտի շարժիք միայն ժամանակէն կախուած է որ յաջողիք, եւ եթէ սփիւռքահայութիւնը օգնէ ձեզի, գործերը աւելի արագ կընդանան։ Մեյ մը որ օտարը ճանաչէ հայաստանը որպէս օրինաւոր երկիր, այլեւս դուք սփիւռքին ալ պէտք չունիք։
      150 մլն․ ռուս, 80 մլն պարսիկ, 20 մլն իրաքցի, 20 մլն սուրիացի, գոնէ 270 մլն ժողովուրդ կայ ուր հայկական գաղութ կայ եւ գործ կրնան տեսնել որ այդտեղի ժողովուրդին տեղեկացնեն որ իրենց դրամը հայաստան աւելի ապահով է քան թէ իրենց երկիրը։ Առջեւնիս շատ վարկածներ կան։

  4. Հ.Շ. says:

    կը ներես, ominac, ժամեր առաջ պատասխանեցի քեզի, բայց դեռ գրառումս չհրատարակուեցաւ այստեղ – ի տարբերութիւն, ուրիշ յօդուածի մը տակ մեկնաբանութեանս –

    երեւի, յատկապէս այս էջին վրայ, ռուսական գրաքննութիւն կայ… 🙂

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/11/20/994444/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  5. Հ.Շ. says:

    այդ քու ճանչցած Հայաստանդ ներկայի Հայաստանին հետ կապ չունի, ճանս…

    ես ալ փոքր տարիքիս մէկ անգամ մը այցելած եմ զայն… լման, լրիւ ուրիշ բան էր

    եթէ անկախութենէն ետք չես գացած դեռ այդտեղ, մեյ մը որ երթաս, այն ատեն տես դուն թէ ինչ շոգ պիտի ունենաս… այլազան մակարդակներու վրայ…

    իսկ ուրիշ ազդակ մըն ալ կայ՝ կախում ունի թէ ո՞ր երկիրը կ’ապրիս… եւ ինչպէ՞ս է կեանքդ, այդտեղ…

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930