Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չի կարելի քվեարկել նրանց օգտին ոչ մի դեպքում

Դեկտեմբեր 04,2018 22:00

Ընտրարշավը մոտենում է իր վերջնագծին, եւ դեկտեմբերի 9-ին քաղաքացիների քվեով կորոշվի, թե ով է լինելու մեր երկրում իշխանություն, ով՝ ընդդիմություն։ Թերեւս իշխանության հարցը հեղափոխությունից հետո կարելի է կանխորոշված համարել, որքան էլ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցները կոչ անեն, որ նման հայտարարությունները կարող են բթացնել հասարակության զգոնությունը եւ կեղծ տպավորություն ստեղծել, որ հաղթանակը կարող է տեղի ունենալ «ինքնըստինքյան»։

Ո՛չ, դրա մասին չէ խոսքը, ոչ էլ թող կեղծ տպավորություն ստեղծվի, թե ընտրություններին «կարելի է եւ չգնալ»։ Հակառակը՝ ընտրություններին մասնակցելը հրամայական է, դա քաղաքացու ոչ միայն իրավունքն է, այլեւ մեր պարագայում եւ մեր օրերում՝ պարտավորություն եւ գոնե սեփական զավակների նկատմամբ պատասխանատվության կարեւորագույն դրսեւորում։ Միայն լայն մասնակցությամբ է ապահովվում լեգիտիմ եւ գործունակ իշխանության ձեւավորումը Հայաստանում այս պատմական խաչմերուկում՝ թե՛ ժամանակային, թե՛ տարածական իմաստներով։

Այո՛, գնալ եւ քվեարկել։ Պարզ է, որ ընտրարշավի բացահայտ առաջատար լինելը հարաբերական է այնքանով, որքանով ձայների որոշակի տոկոսը չի ստանալու, այն հասնելու է այլ ուժերին, որոնք իշխանություն չլինելով՝ լինելու են ոչ միայն ընդդիմություն, այլեւ քաղաքական համակարգի կարեւորագույն բաղկացուցիչ՝ շատ դեպքերում եւ մեծ հաշվով սեփական որակով արդեն այսօր կանխորոշելով, թե ինչ որակի է լինելու վաղվա իշխանությունը։

Եթե վաղվա իշխանությունը ստիպված լինի Արցախում ամենօրյա ռեժիմով հերքելու, որ Արցախը չի «ծախելու», ինչպես պնդում է «ընդդիմությունը», եթե ստիպված լինի ամենօրյա ռեժիմով Մոսկվայում հերքելու, որ մտադիր չէ հարաբերությունները փչացնելու, ինչի մասին ճչալու եւ աղմկելու է նույն այդ «ընդդիմությունը», միեւնույն ժամանակ Արեւմուտքին «ապացուցելով», որ սա «ամենառուսամետ իշխանությունն է, որն ունեցել է Հայաստանն իր անկախության օրոք», ապա իրոք սա ընդդիմություն չէ, այլ «ընդդիմություն», որի քաղաքական արժեքը զրո է։ Խոսքը վերաբերում է նախկին իշխանությանը եւ նրան սատարողներին։ Սա ընդդիմախոսություն չէ, այլ պարզունակ թրոլինգ, որը բացի դաշտն ապականելուց, հասարակության զգացմունքները եւ բանականությունը վիրավորելուց՝ ուղղակի այլ էֆեկտ չի կարող ունենալ ի սկզբանե։

Նրանք շատ կցանկանան, որ իրենց հակադարձեն նույն հարթության վրա, որ «դուք հանցագործ բանդա եք», «դուք թալանչի եք», «դուք քաղաքական աղբ եք», «դուք ներսից ամրոցի դուռ բացող եք ու դրսից թշնամուն ներս բերող» եւ այլն։ Դա այն էր, ինչ անում էր հեղափոխական թիմը մինչեւ վերջերս, ինչից անմիջապես հետո նրանց «ընդդիմություն» դառնալու հավակնորդներն ուրախությամբ մատնացույց էին անում. «Ահա՛, տեսա՞ք, նրանք հայհոյում են, նրանք ատելության մթնոլորտ են ստեղծում, մեզ հետապնդում են, քանզի մեզանից վախենում են, դիտորդնե՜ր, դատարա՜ն, Վլադիմիր Վլադիմիրովի՜չ, Մոսկվա՜, պրիյո՜մ, հասե՜ք…» եւ այլ զարմանահրաշ «մեղադրանքներ» եւ «ահազանգեր»։ Չէ՞ որ թրոլինգի կամ դասական սադրանքի նպատակը հենց դա է՝ հանել հավասարակշռությունից, դրդել սխալ խոսքի, սխալ գործողության, որից հետո վարկաբեկել՝ «մեջբերելով», «փաստերն արձանագրելով», բերել եւ իջեցնել իրենց հարթության վրա։ Ո՛չ, ոչ մի դեպքում։ Միայն խորը արհամարհանքն է, որ նրանց թույլ չի տա հասնել իրենց նպատակին եւ պայթել սեփական անզորությունից։

Բարեբախտաբար, առաջատար թիմը հընթացս սկսեց սրբագրել իր մարտավարությունը՝ դադարելով տրվել սադրանքներին եւ ներքաշվել սկանդալային «բանավեճերի» մեջ, որոնք նրա համար չեն, որ ճշմարտություն ծնվի, այլ նրա համար, որ ճշմարտությունն ապականվի եւ խեղաթյուրվի, արդյունքում էլ՝ չծնվի, այլ լղոզվի։

Հերթապահ հայտարարությունները, թե նախկին իշխանությունն «ընդունել է իր սխալները» եւ մնում է «պետականամետ»՝ երկու ռուսական կոպեկ չարժեն, քանզի «միջուկը»՝ շարժառիթները եւ ռեֆլեքսները նույնն են եւ անփոփոխ։

Նրանք թավշյա հեղափոխությունն անվանում են «չարիք», անվանում են քսանամյա սեփական «բարիքից» հետո, որն այլ կերպ, քան ազգային խայտառակության քսանամյակ, չի կոչվելու ապագայի դասագրքերում։ Այս կարգի հայտարարություններն ինքնին խոստովանություն են, բայց, իհարկե, ոչ գործուն զղջում։ Հեղափոխությունը ցանկացած երկրում տեղի է ունենում մի դեպքում՝ երբ իշխանությունը ցածր ինտելեկտի, մեծագույն ագահության, տգիտության, «կլյուչնիկի» հոգեկերտվածքի, ցինիզմի, ինչպես նաեւ նարցիսիզմի հասնող ինքնահավանության պատճառով զմռսում է բնականոն՝ էվոլյուցիոն զարգացման բոլոր հնարավորությունները։ Երբ կաթսան եռացնում են՝ զմռսելով փականներն ու կափարիչը, ապա անխուսափելիորեն եռման կափարիչով ստանում են ճակատներին, եւ սա օբյեկտիվորեն ոչ բարիք է, որ էլ չարիք, այլ ուղղակի կանխորոշված օրինաչափություն։ Ուստի, հեղափոխությունն անվանելով «չարիք», ինքդ չես դառնում ինքնըստինքյան «բարիք», այլ բխեցնում ես մի պարզ բան, որ եթե դա «չարիք» է, ապա դրա աղբյուրը եւ ծնողը դուք ինքներդ եք, ընդամենը։ Նույն «ինքնահաստատման» տեխնոլոգիաներով է գործում ռուսական եւ ադրբեջանական պրոպագանդան, եւ դա արդեն մեծ պրոբլեմ է, երբ «ընդդիմության» գլխավոր թեզերը եւ հռետորաբանությունը սկսում են զարմանալիորեն համընկնել Մոսկվայի եւ Բաքվի ամենազազրելի նառատիվների հետ, որոնք «հիմնավորվում» են՝ հաճույքով մեջբերելով «ընդդիմության մտահոգությունը»։

Իհարկե, եթե 1995-96 թվականներին ընտրությունները չկեղծվեին, մենք 1998 թվականի պետական հեղաշրջում եւ խրոնիկ ոչ լեգիտիմ իշխանություն չէինք ստանա՝ Հոկտեմբերի 27-ի արյունոտ խարանը ճակատին, Արցախը բանակցությունների ձեւաչափից դուրս չէր մնա, օլիգարխիա չէր ձեւավորվի, գողապետություն եւ գողատնտեսություն չէր ձեւավորվի։ Եթե 2003-ի ընտրությունները չկեղծվեին, քաղաքական դաշտի տոտալ ձեւախեղում չէինք ստանա, խորհրդարանը պսեւդոքաղաքական աղբով չէր լցվի։ Եթե 2008-ի ընտրությունները չկեղծվեին, մարտի 1-ի սպանդը չէինք ստանա, տասնամյա գաղջությունն ու գարշահոտ ճահիճը, որը թյուրիմացաբար «իշխանություն» էինք կոչում՝ չէինք ստանա, Քառօրյա պատերազմ չէինք ստանա, եթե Սահմանադրության հանրաքվեն եւ խորհրդարանական ընտրությունները 2016-17թթ. չկեղծվեին, երկու ժամկետից հետո ձեր առաջնորդն ընդօրինակելով Ռուսաստանին եւ Ադրբեջանին՝ չկառչեր ղեկավարի պաշտոնին երրորդ անգամ, թքած ունենալով, թե ինչ են մտածում քաղաքացիները, հեղափոխության կարիք էլ հաստատապես չէր լինի… եթե… Քսան տարի այդ եւ բազմաթիվ այլ «եթե»-ների մասին մտածելու ժամանակ կար… Բայց խոհեմությունը պահանջում է, որ չընկնենք այդ՝ այլեւս անիմաստ «եթե»-ների գիրկը, այլ առաջ նայենք եւ անենք ամեն ինչ երկիրն աղբից մաքրելու համար՝ թե՛ ֆիզիկական, թե՛ քաղաքական։ Մենք ուրիշ հայրենիք չունենք, ուրիշն ունենալու կարիքն էլ չունենք։

Ասված է. «Մի փնտրեք ողջերին մեռելների մեջ»։ Եվ ուրեմն՝ ո՛չ մի ձայն քաղաքական հանգուցյալներին։ Նրանք ինչ որակի «իշխանություն» էին, ավելի վատ որակի էլ «ընդդիմություն» են լինելու՝ ընդամենը շարունակելով ապականել քաղաքական միջավայրը։ Բոլորս դեպի ընտրատեղամասե՛ր։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

04.12.2018 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ընտրութեան օրուան մի քանի օր մնացած է, եւ ահա Դուք ալ ամբողջ, երկարաշունչ յօդուած մը շարադրեցիք, հիմնականօրէն… հանգուցյալների դէմ !

    Մեռնիլը որքան դժուար է եղեր, ձեր այդտեղ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31