ՀՀ առողջապահության նախկին նախարար, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հաջողության պատմությունը
«Միշտ խուսափել եմ, որ իմ անձնական կյանքը դառնա հանրամատչելի»
Արմեն Մուրադյանը հետ շատ անկեղծ զրույց ունեցանք, թեեւ ինքն այն կարծիքին է, որ ողջամիտ եւ ժամանակակից մարդը չպետք է շռայլի անկեղծությունը: Ասում է` դա էլ պետք է դոզավորված լինի, որովհետեւ անհարկի անկեղծության համար սովորաբար մեծ գին ես վճարում: «Տարիքը, պաշտոնը, գործունեության ոլորտը ստիպում են ավելի ձիգ լինել…Շատ ավելի ազատ կարող են իրենց զգալ ստեղծագործ դաշտի մարդիկ՝ նկարիչները, երաժիշտները»,-ասում է մեր զրուցակիցն ու ընդունում է, որ այնուամենայնիվ, անկեղծությունն ավելի բարձրացնում է ճանաչելիության չափը, ազդում մարդու վարկանիշի վրա: Բայց ինքը կողմ չէ հանրային դաշտ` անձնական կյանքից ճչացող «արտանետումներին»:
«Միշտ խուսափել եմ, որ իմ անձնական կյանքը դառնա հանրամատչելի, որովհետեւ թե ես, թե իմ ընտանիքը այդքան հակված չենք ընտանեկան գաղտնիքները բացահայտելու, առավել եւս, որ վերջին տարիներին այդքան շատ ժամանակ չեմ կարողանում հատկացնել երեխաներիս եւ ընտանիքիս»,- նշում է Արմեն Մուրադյանը:

Ինչ վերաբերվում է հանրային մարդկանց` անընդհատ աչքի առաջ լինելուն, ասում է. «Բոլորն էլ մարդ են… Պաշտոնյաների դեպքում էլ կարող են լինել ինչ-ինչ պոռթկումներ լինել: Չեմ կարծում, թե որեւէ մեկի համար պետք է զազրելի կամ մտահոգիչ լինի, որ այսինչ գերատեսչության ղեկավարը պարեց, երգեց, հուզվեց կամ բարձր ծիծաղեց: Մարդկային կյանքի դրսեւորումներ են դրանք, առանց որոնց կյանքը գորշ եւ անհետաքրքիր է»:
Beatles լսող, ֆուտբոլ խաղացող ու Բրյուս Լիով տարված տղան
«Երբ երեխա էի, ինձ բակից չէին կարողանում տուն բերել, ես բակում եմ մեծացել… Քաղցր մանկություն եմ ունեցել, Beatles էի լսում, երկրպագում էի, շատ մեծ հավաքածու ունեի, ոչ միայն երաժշտությունը, այլեւ իրենց լուսանկարներն էի հավաքում, իրենց հետ կապված հուշեր, հրապարակումներ: Այն ժամանակ ինֆորմացիոն դաշտն այդքան մեծ չէր, ֆոտոները վաճառում էին հատուկ տեղերում»,- հիշում է Արմեն Մուրադյանը:
Չի թաքցնում, Մոնումենտի «հայաթում» մեծացած երեխային չեն շրջանցել ոչ հնդկական ֆիլմերը, ոչ էլ Բրյուս Լիի մասին առասպելական պատմությունները, «կասետներով» ֆիլմեր դիտելը, տղայական կռիվները: Ասում է` հաճախ են բախվել Մոնումենտի երիտասարդության կոլորիտն ու բժիշկների շենքում մեծացած եւ բժիշկների տոհմից լինելը: Հայրը դասական երաժշտության մասնագետ էր, մայրը, տատիկները` բժիշկ, քույրը գնաց հոր հետքերով` դառնալով կոնսերվատորիայի պրոֆեսոր:
Արմեն Մուրադյանն ինքն էլ է երաժշտական կրթություն ստացել, ասում է. «Նոտաներով Մոնումենտում երաժշտական դպրոց գնալը միշտ զուգակցվում էր որոշ իրավիճակների հետ: Օրինակ, կարող էին ասել` հլը մի հատ բաց տեսնենք, էս ինչ ես տանում պապկայով… Այդ տղաների մեջ ոչ պակաս լավ մարդիկ կան ու իրենց մարդկային տեսակով շատ ու շատ կիրթ մարդկանցից կարող են ավելի բարձր կանգնել: Չնայած ես կրթությունը միշտ համարում եմ բարձրագույն արժեք, բայց կրթություն չունենալը չի նշանակում մարդկային տեսակ չունենալ: Կրթություն ունենալը պարտավորեցնում է` այդ տեսակը լուսավորչական նպատակով օգտագործել»:
Ծնողների եւ ընտանիքի մասին
Արմեն Մուրադյանից հետաքրքրվեցինք` կա՞ որեւէ արտահայտություն, որ ժամանակին արել է իր հայրը, եւ որը մինչեւ հիմա չի մոռանում: Ի պատասխան` մեր զրուցակիցը նշեց, որ հարցն ինտիմ է, բայց որոշ «փակագծեր» բացեց:
«37 տարեկան էի, երբ հայրս կոմայից դուրս եկավ, ու առաջինն ինձ դիմեց: Դա ինձ համար շատ խորը ու ցավոտ հիշողություն է…Երբ հնչեցրեց առաջին նախադասությունը, այդտեղ կանգնած բժիշկներից մեկն այնքան ազդվեց, որ դուրս եկավ սենյակից…Հիմա, երբ հայրս չկա, ծնողներս կողքիս չեն, հայրական խրատների, խոսքի կարոտը շատ եմ զգում, վերաարժեւորում եմ նրանց հետ ունեցած պահերս»,-հիշեց նա:

Նախկինում շոուն քիչ էր, հիմա հակառակն է
Արմեն Մուրադյանը հավաստիացնում է, որ ինքը լավ ուսանող է եղել: Բայց բոլորին նման որոշ առարկաներ չի սիրել: Ասում է . «Հիմա էլ կան նման «չսիրված» առարկաներ, նաեւ այնպիսիները, որոնք հետաքրքիր են: Երիտասարդ տարիներս համընկան երկրաշարժի, պատերազմի հետ…Ես ավելի շատ կապված էի հիվանդանոցների հետ, դրա համար էլ կլինիկական առարկաներն ինձ համար հետաքրքիր էին, թեեւ առանձին տեսական առարկաներ էի հավանում: Կան առարկաներ, որոնց պարագայում բովանդակությունից բացի՝ էական է, թե ով է այն հրամցնում, դրանք կապված են վարպետ դասախոսի հետ, որը ոչ միայն գիտի, այլ նաեւ կարող է մատուցել…Տարիների ընթացքում ավելի շատ ոչ թե առարկան ես հիշում, այլ դասախոսին: Ինձ բախտ է վիճակվել լավագույն դասախոսների հետ աշխատել` թե որպես ուսանող, եւ թե որպես գործընկեր ու ղեկավար: Մի մտահոգություն ունեմ` ցավոք, այսօր հաճախ դեռեւս չենք կարողանում կրկնել այն նվիրվածությունը, որ նրանք ունեին… Այսօր ոմանք ոչինչ չանելով` սոցիալական ցանցերի դաշտում ինֆորմացիոն հոսքեր են ապահովում… Մեծ վտանգ կա հիանալու եւ հիասթափությունների, որոնք բերում են կոնֆլիկտների` երիտասարդ եւ ավագ ընկերների միջեւ: Նախկինում քիչ էր շոուն, շատ էր իրականը, հիմա` հակառակն է: Մտահոգիչ է, որ ֆասադը երբեմն գերազանցում է բովանդակությունը, դա նման է շքեղ կազմերով դատարկ բովանդակությամբ գրքերին»:

Նա հիշում է, թե ինչպես է ստիպողաբար երաժշտական դպրոց հաճախել . «Ես ուզում էի երաժշտական դպրոց գնալ, որովհետեւ քույրս ֆլեյտայի էր գնում: Սակայն առաջին դասից հետո հայտարարեցի, որ այլեւս չեմ գնալու: Ու 7 տարի տառապանքով գնացի դաշնամուրի: Միայն վերջին տարին էի հաճույքով նվագում: 3 դասատու եմ ունեցել, առաջինի` Տատյանա Արտավազդովնայի հետ գերազանց հարաբերություններ ունեի, երկրորդը խփում էր մատներիս, ինչի պատճառով սկսեցի ուղղակի կորել դասերից: Վերջին երկու տարիներին էլ ֆանտաստիկ դասատու ունեի …Ավարտական քննությանն էլ Բաբաջանյան նվագեցի, բայց արդեն բժիշկ դառնալու որոշում ունեի»:
Արմեն Մուրադյանը պատմեց դրոշմանիշների, դրամների իր հավաքածուների մասին, նաեւ այն մասին, թե որքան էր տարված կերպարվեստով, եւ ինչպես էր մայրը ինչ-որ Բորիսից թանգարանների հավաքածուները ներկայացնող ալբոմներ գնում իր համար` դիմորդների վրա պարապելուց վաստակած ողջ գումարը ծախսելով իր եւ քրոջ գեղագիտական զարգացման վրա:
Պաշտոնը գործիք է, բայց կարող է նաեւ վնասել
Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչ է պաշտոնը` Արմեն Մուրադյանը շեշտեց. «Գործիք է նախագծեր, ծրագրեր իրականացնելու համար: Եթե չունես նախագծեր, հստակ գործողությունների շարք, որը պետք է իրականացնել ինչ-որ նպատակի հասնելու համար, ուրեմն պաշտոնը բեռ է դառնում` պատասխանատվության ձեւով: Չպետք է մոռանալ, որ այդ գործիքը շատ սուր է եւ պետք է լինի հմուտ ու պատասխանատու ձեռքերում, ինչպես վիրաբույժի ձեռքերում նշտարն (ланцет) է … Կարծում եմ` չի կարելի պաշտոնը սիրել, պետք է պատասխանատվությամբ վերաբերվել դրան, ստանձնելուց առաջ հստակ իմանալ` ինչ ես անելու…»:
Նա տպավորիչ օրինակ բերեց. «Բժշկության մեջ երկու տեսակի պաշտոն կա` վարչական եւ բուժական նշանակություն ունեցող: Օրինակ կարող է բաժնի վարիչը լինել վիրահատարանում, բայց վիրահատող վիրաբույժն իրենից ավելի հմուտ լինի եւ այդ պարագայում ինքը պատասխանատվություն վերցնի մարդու կյանքի համար… Բժշկություն մեջ հստակ երեւում է, որ պաշտոնը չի նշանակում, թե այն կրողը պատասխանատվություն ստանձնող եւ փրկող է»:
Բարոյականության, արժեհամակարգի ու կանանց մասին
Ո՞ւմ կուզենար երբեւէ հանդիպել: Արմեն Մուրադյանն ասում է….Ալեքսանդրա Պախմուտովային, քանի որ շատ է սիրում նրա երգերը, ափսոսում է, որ նրա սերնդի արվեստագետները մարում են` վերջերս իրենց մահկանացուն կնքեցին Յուրսկին, Էտուշը….Ասում է` արվեստագետների նոր սերնդին դեռ չի կարողանում իր արժեհամակարգի մեջ «տեղավորել»:

Արմեն Մուրադյանը նշում է, որ եթե հարցնեին, թե երբ կուզենայի ապրել, միանշանակ կպատասխաներ` հիմա, քանի որ սա ամենահետաքրքիր դարաշրջանն է` միջուկայինից մինչեւ տելեկոմունիկացիոն հեղաշրջում, այնպես որ, իրեն համարում է ամենաերջանիկ սերունդներից մեկի մասնիկը
Մեր զրույցի ժամանակ կանանց էլ անդրադարձ եղավ: Ընդհանրապես իրեն կնամեծար մարդ է համարում. «Կանանց մարդկության համար կարեւորում եմ ոչ պակաս, քան մարդկության նշանակությունը` երկրագնդի վրա: Փաստացի ամբողջ զարգացումները կապված են կնոջ հետ, կանայք կարեւորագույն սյունն են յուրաքանչյուր իրադարձության` պատերազմ լինի, թե հայտնագործություն կամ մշակութային գլուխգործոց… Պատկերացնում եմ, թե ինչ տխուր կլիներ, եթե մեր գիտխորհուրդներում, վիրահատարաններում եւ ամենուր միայն տղամարդիկ լինեին…Նաեւ չեմ կարծում, որ ֆեմինիզմը բարձրացնող ուժ է, ֆեմինիզմի մրցավազքի մեջ կանայք կորցնում են հմայքի, գեղեցկության եւ մայրանալու առավելությունը: Կանացի գեղեցիկ ժպիտը, կեցվածքը քայլվածքը տեսնելիս՝ անգամ ամենաանկիրթ, անդաստիարակ, ոչ բարեպաշտ տղամարդը կարող է փոխվել»:

Նշում է, որ երբեք չի ների դավաճանությունը, չի սիրում փոքրոգի տղամարդկանց, մարտնչող տգիտությունը եւ ոչ կոմպետենտությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից եւ անձնական արխիվից:






















































