Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական հասարակության վերահսկելիության տոկոսը շատ մեծ է. Սամվել Մարտիրոսյան

Մարտ 15,2019 18:26

«Ադրբեջանական իշխանությունները ստեղծել են իրավիճակ, երբ բանակցային գործընթացը դառնում է անհնարին: Մարդը պարզապես վախենում է նույնիսկ խոսել հնարավոր բանակցությունների մասին, որովհետև ենթարկվում է անմիջապես հարձակումների», -այսօր Կովկասի ինստիտուտում արցախյան հիմնախնդրի, խաղաղ կարգավորման երկխոսության մեջ հասարակաթյան ներգրավման հարցի շուրջ քննարկման ժամանակ, պատասխանելով հարցին, թե երբ Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով տարվում է հակահայական քարոզը, որքանով են իրատեսական Հայաստանից բարձրացվող այն թեզերը, որ պետք է խաղաղության մասին խոսել նաև Ադրբեջանի ժողովրդի հետ, ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Վերջինիս խոսքով՝ կան բազմաթիվ դեպքեր, երբ օրինակ ադրբեջանցին ինչ-որ թեմայով բացահայտ հակահայկական դրսևորոմներ է ունենում սոցցանցերում, հետո անձնական նամակներով գրում է հայ ընկերներին, որ կներեք, ուղղակի ստիպված եմ, լուրջ մի ընդունեք, ուղղակի պետք է այս դերի մեջ լինեմ:

«Մենք պետք է նայենք նաև կրթական գործընթացին, այսինքն՝ Ադրբեջանում դպրոցից սերմանվում է հակահայկականությունը շատ լուրջ հիմքերով: Այնպես որ խաղաղության հարցը իսկապես բարդ է, և կարծում եմ Ադրբեջանի ներկա իշխանությունների դեպքում այդ ամեն ինչը դժվար թե լինի: Այսօրվա դրությամբ՝ Ադրբեջանը բառիս բուն իմաստով նացիստական կառավություն ունի: Այսնիքն՝ հերիք է կարդալ քաղաքական վերնախավի կես կամ մի տարվա հայտարարությունները, որոնք հստակ կարելի է ասել, որ շատ երկրներում քրեորեն պատժելի են»,- նշեց պարոն Մարտիրոսյանը:

Բանախոսի դիտարկմամբ՝ այսօր տեսականորեն կա հնարավորություն, որ Հայաստանը ինչ-որ ձևով փորձի Ադրբեջանի հասարակության այն հատվածի հետ, որ իրեն շատ չի դրսևորում, բայց գոյութուն ունի և պատրաստ է ինչ-որ ավելի խաղաղ իրավիճակ պահել, առնվազն երկխոսության մեջ մտնել. «բայց դա բարդ գործընթաց է, և ակնհայտորեն խոչընդոտվելու է պաշտոնական Բաքվի կողմից: Խոսակցություններր խոսակցություններ, բայց ես լավ չեմ պատկերացնում՝ դա ինչպես է լինելու: Քանի որ Ադրբեջանում շատ կառավարելի հասարակություն և մեդիադաշտ գոյություն ունի, ցանկության դեպքում Ալիևի ռեժիմը մի տարվա մեջ կկարողանա հասարակության մի հատվածին, ոչ ամբողջությամբ, համոզել ինչ խելքին բրդի: Կառավարելիության գործակիցը այնտեղ շատ մեծ է, մենք չպետք է համեմատենք մեր հասարակության հետ»:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ քանի դեռ Ադրբեջանում չկա սոցիոլոգիա, այնտեղ դիսկուրսները պարզ չեն:

«Թե ինչ է մտածում հասարակ քաղաքացին, մենք չգիտենք, ու մենք ոչ մի մեխանիզմ չունենք դա հասկանալու, որովհետև սոցիալական ցանցը շատ առանձնահատուկ բան է: Դու չգիտես, թե ինչ է մտածում շարքային քաղաքացին, որը ապրում է օրինակ Իսմաիլիում արցախյան հակամարտության, հայերի մասին: Մենք քարոզչություն տեսնում ենք, բայց արդյունքը կարող է հակառակն է»,- արձագանքեց պարոն Իսկանդարյանը:

Պարոն Մարտիրոսյանը հավելեց, որ սոցիոլոգիան շատ կարևոր հարց է: Մեդիափորձագետի խոսքով՝ Ադրբեջանը նույնիսկ արդեն քանի տարի է փաստացի արգելում է ոչ վերահսկվող սոցիոլոգիական հարցումները, նրանք փորձում են իրենց հասարակաության մասին իրական պատկերը հնարավորինս փակ պահել:

«Ադրբեջանական հասարակության վերահսկելիության տոկոսը շատ մեծ է: Շեհիդների ինստիտուտը այնտեղ մեծ կարևորություն ունի: Փաստացի, վերջին լուրջ սրացումների ժամանակ՝ 2014 թ-ից զոհերի թիվը կտրուկ աճում էր: Իրենց հաջողվում է տարիներ շարունակ թաքցնել զոհված զինվորների անունները, շեհիդ դարձածներին ներկայացնել, որ գլխին քար է ընկել, մահացել է և այլն: Հաշվի առնելով, թե որքան է կարևորվում հասարակության մեջ շեհիդների ինստիտուտը՝ պետք է պատկերացնենք, թե որքան ուժեղ է ճնշումը հասարակութայն վրա, որ այդ շեհիդների ընտանիքները վախենում են բարձրաձայնել, որ իրենց որդին զոհվել է: 2014 թ–ից մինչև հիմա շեհիդների թիվը հարյուրների է հասնում, որը չի հայտարարվել»,- հավելեց պարոն Մարտիրոսյանը:

Ռոզա Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031