Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակից շուտ անհիմաստ է խոսել բյուջեի եկամուտների գերակատարման մասին. «168 ժամ»

Մարտ 30,2019 10:50

«Վերջին երեք ամիսների ընթացքում ամփոփելով մեր գործունեությունը, եկել ենք այն եզրակացության, ավելի ճիշտ՝ համոզման, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով, սա մոտավորապես 90 մլն դոլար է։ Այսինքն՝ 2019 թվականին պետական եկամուտները կլինեն առնվազն այսքանով ավելի, քան նախատեսված է ԱԺ-ի կողմից ընդունված պետական բյուջեով»,- իր գլխավորած նախորդ կառավարության գործունեության ծրագրի կատարման հաշվետվությունն Ազգային ժողովում ներկայացնելու ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ բերված ցուցանիշը վերջին 9 տարիների համար աննախադեպ երևույթ է, քանի որ նախկինում չի եղել իրավիճակ, երբ բյուջեի եկամուտները գերակատարվեն։

Վարչապետն այնպիսի ոգևորությամբ է խոսում այս ամենի մասին, որ քիչ է մնում հավատաս, որ իսկապես գործ ունենք աննախադեպ երևույթի հետ։ Իրականում ոչ մի աննախադեպ երևույթ էլ չկա` այդպես է եղել ամեն տարի։ Պարզապես վարչապետը որոշել է հերթական չհիմնավորված հայտարարությունն անել` հասարակության վրա տպավորություն գործելու նպատակով։

Բայց մինչ դրան անդրադառնալը՝ մեկ ճշտում. հայտարարված 40 մլրդ դրամը դեռ 90 մլն դոլար չէ, ինչպես ասում է վարչապետը։ Այն համարժեք է 82-83 մլն դոլարի` կախված, թե ինչքան կլինի դոլարի փոխարժեքը։

Հիմա անցնենք բուն թեմային։ Վարչապետի հայտարարած 40 մլրդ դրամ ավելացումը վերաբերում է ընդամենը բյուջեի եկամուտների ճշգրտմանը։ Այդպիսի ճշգրտումներ` պայմանավորված տարբեր գործոններով, ամեն տարվա սկզբին էլ արվում են։ Խոսքն ինչպես՝ եկամուտների, այնպես էլ՝ ծախսերի մասին է։ Հենց նման ճշգրտումների հետևանք էր, որ անցած տարի թերակատարվեց բյուջեն, իսկ Պետեկամուտների կոմիտեին չհաջողվեց ապահովել նախատեսված հարկային եկամուտները։ Հակառակ դեպքում կստացվեր, որ դրանք մի բան էլ գերակատարվել են։

Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է, մի փոքր բացենք փակագծերը։

Այսպես` Ազգային ժողովի կողմից հաստատված, ասենք` 2018թ. պետական բյուջեով եկամուտների գծով նախատեսված էր 1 տրիլիոն 308 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը տարվա ընթացքում կառավարությունը ճշգրտեց։ Արդյունքում` բյուջեի եկամուտներն ավելացվեցին ևս 32 մլրդ դրամով։ Հարկային եկամուտները նախատեսված 1 տրիլիոն 248 մլրդ դրամից հասցվեցին շուրջ 1 տրիլիոն 262 մլրդ դրամի։

Հասկանալի է, որ ճշգրտումներն օդից չեն վերցվում` դրանք կապված են, առաջին հերթին՝ տնտեսական գործընթացների և հարկային վարչարարության հետ։

Այնպես չէ, որ բյուջեի եկամուտների և ծախսերի ճշգրտումներ կատարվել են միայն անցած տարի և այն էլ՝ իշխանափոխությունից հետո։ Այդպես է եղել նաև մինչ այդ։

Բյուջեի եկամուտների իսկապես աննախադեպ ճշգրտման ժամանակին գնաց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը։ Ազգային ժողովում հաստատված 1 տիլիոն 210 մլրդ դրամից 2017թ. պետական բյուջեի եկամուտները հասցվեցին 1 տիլիոն 321 մլրդ դրամի։ Այլ կերպ ասած, ճշգրտման արդյունքում այն ավելացվեց 111 միլիարդով։ Դրա համար հիմք ընդունվեց մի կողմից՝ տնտեսական իրավիճակը, մյուս կողմից` բյուջեի եկամուտների հավաքագրման դինամիկան, առկա դրական ազդակները, իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը և մի շարք այլ գործոններ։

Այնպես որ, իրականում ամենևին էլ որևէ արտառոց կամ աննախադեպ երևույթի հետ գործ չունենք, ինչպես հայտարարում է վարչապետը։ Դա սովորական գործընթաց է, որ մշտապես արվում է։ Այլ հարց է, թե տարեվերջին որքանով է հաջողվում կատարել բյուջեի ճշգրտված պլանը։ Ժամանակից շուտ ընդհանրապես անհիմաստ է խոսել բյուջեի եկամուտների գերակատարման մասին, ինչն անում է վարչապետը։ Հատկապես որ, ճշգրտված պլանը հիմնականում թերակատարվում է։

Ասենք` անցած տարի կառավարությանը չհաջողվեց այն կատարել։ 2017թ. ևս բյուջեի ճշգրտված պլանը թերակատարվեց։

Ու դեռ հարց է, դա կհաջողվի՞ անել այս տարի, թե՞ ոչ, չնայած հայտարարված 40 մլրդ դրամը շատ մեծ գումար չէ։ Համեմատության համար ասենք, որ 2017թ. առաջին կիսամյակում բյուջեի ճշգրտված պլանով նախատեսված հավելյալ 48 մլրդ դրամից հավաքվեց 27 միլիարդը։ Հիմա կառավարությունը նախատեսում է տարվա կտրվածքով հաստատված բյուջեի համեմատ՝ ավելի հավաքել 40 մլրդ դրամ։

Դա բյուջեի գերակատարո՞ւմ է, թե՞ ոչ, այնքան էլ միանշանակ չէ։ Եթե կառավարությունը որոշել է հրաժարվել ճշգրտումներից, գուցե։ Բայց այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում կստացվի, որ առնվազն նախորդ երկու տարիներին բյուջեի եկամուտները գերակատարվել են։

 

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031