Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ մարզիչներից մինչեւ «Սասնա ծռեր»

Հունիս 06,2019 14:00

Հաճախ եմ լսում, թե 90-ականներին հայ-ադրբեջանական պատերազմ չի եղել, սփյուռքահայերին մատների վրա կարելի էր հաշվել, որ պատերազմ եղել է միայն երեք տարի առաջ՝ Ապրիլյանը:

Պատերազմի մասին կիսատ-պռատ դատողությունները վիրտուալ կեղծ «քաղվածքային» պատմագրության շարունակությունն է, արխիվային նյութերի անխնամ օգտագործման հետեւանքը: Լավ է, դեռ 90-ականների մեր անցած մարտական փառահեղ ճանապարհի վկաները կան, եւ եթե մի քանիսն էլ ազատազրկվել են, ազատազրկումը նրանց կենսագրությանը հաստատ չի վերաբերում:

Օրեր առաջ լույս տեսավ պատմաբան Աշոտ Պետրոսյանի «Սփյուռքահայ մարզիչներից մինչեւ «Սասնա ծռեր» գիրքը: Մինչ այդ՝ տասնինը տարի առաջ՝ 2000 թ-ին լույս էր տեսել «Սփյուռքահայերը մարտադաշտի վրա» գիրքը, որը պատմում է սփյուռքահայերի՝ հայրենիքում ծավալած գործունեության մասին:

Գրքի առաջաբանում հեղինակը նկարագրում է. «Ինչպիսին էր իրադրությունը Հայաստանում սփյուռքահայերի ժամանակ. 1988-91թթ., այսինքն՝ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը, դեռեւս շատ ժամանակ կար, եւ քչերն էին պատկերացնում պայքարի ուղղությունները, փորձառության պակաս կար, եւ տակավին անհայտ էին անկախության հասնելու միջոցներն ու եղանակները… …Արցախյան ազատագրական պայքարի սկզբնական շրջանում ժողովուրդը պատրաստ չէր զինյալ պայքարին եւ Ազատության հրապարակում, երբ առաջին անգամ հնչեց զինվելու կոչը, այն անսպասելի ու վտանգավոր թվաց ժողովրդին ու նրա տնաբույծ «դիվանագետներին»:

Գիրքը երեք բաժիններից է կազմված. «Սփյուռքահայ մարզիչները», «Ակնարկ Մոնթե Մելքոնյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի գործունեության» եւ «Պայքարը քաղաքական գետնի վրա. «Սասնա ծռեր»: Ի դեպ, Արցախյան պայքարի նախապատրաստական շրջանի համար տպագրվել է Ալեք Ենիգոմշյանի տեսությունից մի հատված: Խոսք է գնում 1988թ. օգոստոսին Դաշնակցության ԻԴ ժողովի «Դեպի երկիր» որոշման մասին, երբ Հայաստան եկան, Արցախը մարտնչում էր միայնակ, Ադրբեջանի բանակը համալրվում էր Թուրքիայից, Չեչնիայից, Աֆղանստանից, Պակիստանից: «Ահա այսպիսի իրադրության պայմաններում թույլ չէր տրվում սփյուռքահայ կամավորների մուտքը Հայաստան: Սրանով կարելի է բացատրել նաեւ ռազմական ու պետական մի շարք գործիչների սպանության փաստերը, ազդեցիկ դաշնակցականների՝ «Դրո» մարտական կառույցի անդամների, նաեւ Վահան Հովհաննիսյանի, Հրանտ Մարգարյանի ձերբակալությունները եւ հաղթանակից հետո Դաշնակցության կուսակցությանը օրենքից դուրս դնելը եւ նրա ղեկավարների՝ Հրայր Մարուխյանի, Խաժակ Տեր-Գրիգորյանի վտարումը Հայաստանից»,-գրում է Ա. Ենիգոմշյանը:

Տեղեկանում ենք, որ 1988-ին առաջիններից մեկը, որը Հայաստան եկավ, մարտարվեստի վարպետ Կարո Քյաբաբչյանն էր: Նա իր ընկերների հետ Հայաստանում բացեց մարզական հաստատություններ, այդ թվում՝ Արցախում:

«Իբրեւ մարզիչներ՝ առաջին անգամ Հայաստան են եկել Ժիրայր Սեֆիլյանը, Ծերուն Կարպոշյանը, Սիմոն Գալֆայանը, Խաժակ Գեթսեմանյանը: Կարճ ժամանակ անց նրանք գնացել են Շահումյան: Ապա ժամանել են Ղազարոսը, Հարմիկ Հովսեփյանը, Հենո Ամիրխանյանը, Բորիս Ղուկասյանը, Կարո Քահքեջյանը եւ այլք: Դաշնակցության մարտականի պատասխանատուն Հրանտ Մարգարյանն էր: Պատերազմի առաջին իսկ օրից փայլել է Ժիրայր Սեֆիլյանը իր նկարագրով, իր կատարած գործերով: Շահումյանում սփյուռքահայ մեկ ուրիշ պատասխանատու եւ մարզիչ էր Սիմոն Գաֆալյանը»,-գրում է պատմաբանը: Խոսվում է յոթ խմբերի մասին, որոնց նրանք մարզել են, շաբաթը երկու անգամ, իրար ծանոթանալուց հետո երեք-չորս ամիս հետո ուղարկվել են Գյուլիստան:

Ահա թե ի՞նչ է ասել սփյուռքահայ մարզիչ Սիմոն Գաֆալյանը տղաների մասին. «Պռոշյանի ջոկատի տղաներն ինծի հարազատ էին իրենց մարտունակությամբ, իրենց հասկացողությամբ եւ իրենց մոտեցումով ալ, եւ իմ պահանջս էր իրենց հետ երթալ Գյուլիստան: Ես բնականաբար մոտ էի Կարոտի, Պետոյի, Հրաչի, Երկար Արմենի, Պետոյի եղբայր Գագոյի, Ապարանի Անդրանիկի հետ: Այդ տղաքն էին, ինծի ընկերացան»:
Սիմոնը հետագայում պիտի ասեր. «Մեզի բոլորիս տպավորած էր Շահեն Մեղրյանը: Մեզ հետ էր ամեն րոպե: Ան կղեկավարեր ոչ թե նստած տեղեն, այլ ամենուրեք էր լինում»:

Գրքում մարզիչ Խաժակ Գեթսեմանյանի հիշողությունները 1975-ի մասին են, Լիբանանի քաղաքացիական պատերազմի, իրենց այդ պատերազմում ձեռք բերած փորձառությունների, որը պետք եղավ Արցախյան պատերազմում:

«Ուղղաթիռն իջավ ու դիմացս պարզվեցավ մի շատ տպավորիչ պատկեր մը՝ Շահենը եկած էր զիս դիմավորելու «Արաբո» ջոկատով եւ հրամանատար Մանվելով: Եկած էին ձիերով, բոլորովին սեւ հագած, կուրծքներուն խաչ կախված, կապարներուն տակեն կերեւեր հայկականություն ու քրիստոնեություն խորհրդանշող սպիտակ խաչ: Նոր ժամանակվա ֆետայիներն էին անոնք»:

Գրքի հեղինակը խոսել է նաեւ Պետրոս եւ Պողոս Մեղրյանների հետ, Շահեն Մեղրյանի եղբայրների, ովքեր նույնպես ներգրավված էին մարտական գործողություններին, ինքնապաշտպանական մարտերին:
Պողոսն ասել է, որ Հայաստանի մարտական ջոկատների մեծ մասն իրենց մկրտությունը ստացել են Շահումյանում, փորձության են ենթարկվել Շահումյանում. «Մարդուժի առաջին օգնությունը եղել է 90-ի սեպտեմբերի 2-ին: ՀՅԴ ջոկատն էր՝ Ծերուն Կարբուշյանի գլխավորությամբ: 29 հոգի էին, որոնց մեջ՝ Էջմիածնի Հայկը: Ծերունը չորս ամիս պարապեց իմ ջոկատի հետ, ապա տեղափոխվեց Վերին Շենի ջոկատը: Մնացին Հարմիկն ու Սիմոնը»:

Ժիրայր Սեֆիլյանը մարզումներ անցկացրել է Հայաստանի բազմաթիվ վայրերում՝ Արմավիրում, Մեղրիում, Մարտունիում, Նոյեմբերյանում……Սիմոն Գալֆայանը պատմել է. «Ես Ժիրոյին Լիբանանից ճանաչում եմ: Այո, տարիքով ինձմե փոքր է: Երբ Ժիրոն եկավ այստեղ, Հրանտ Մարգարյանն էր մեզի առաջնորդում, հրահանգներն իրենից էինք ստանում: Երեքով՝ ես, Ժիրոն, Հրանտը գնացինք Մեղրի: Ժիրոն մնաց Մեղրիի շրջանում, որպեսզի այդտեղից սկսեր պարապմունքները……Ժիրոն այն տղան է, միակ տղան, որ իրոք մնաց, դիմացավ, եւ մինչեւ վերջ մնաց պատերազմում, եւ ինչ որ պետք էր՝ արեց»:

Գրքում տպագրվել է սփյուռքահայ մարզիչներից 66-ի մասին, 7 կազմակերպիչների, 8 կանանց:

Մոնթեի կյանքի որոշ դրվագների մասին առաջին անգամ է, սկսած Լիբանանի մայրաքաղաքի վարժարաններից մեկի դահլիճից, ուր Ամերիկայից եկել էր Մոնթեն, ելույթ ունեցել, հիշատակվում է նաեւ տեղի «Սփյուռք» թերթում Մոնթեի հետ հանդիպման մասին:

Գրքում նշված էր 2002թ. հունիսի 8-ի «Առավոտից»՝ «Ազգային բանակի հարցերի շուրջ» հոդվածից հատված՝ Ժիրայր Սեֆիլյանի անդրադարձը բանակին, հրամկազմին, ներկա վիճակին:

Գիրքն ավարտվում է «Սասնա ծռեր» շարժման մասին տեղեկացմամբ, կոչերով, այդ օրերի Բերձորի դեպքերի մասին տեղեկություններով ու ծռերի մասին տեղեկատվությամբ:

Տպագրությանը զորակցել է ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Տեղեկացանք, որ գրքի հեղինակ Աշոտ Պետրոսյանը շուտով տպարան կուղարկի իր հեղինակած, ցմահ ազատազրկման դատապարտված, ազատազրկման ժամանակ մահացած Արմենակ Մնջոյանի մասին գիրքը:

«Առավոտ» օրաթերթ, 

05.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930