Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տեղը պատկերացնում է ինչ-որ մեկի գրպանում տեղավորվելը»

Դեկտեմբեր 01,2023 14:30

«Առավոտի» զրուցակիցն է ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը

-ԱՄՆ նախագահը նոր աշխարհակարգ հիմնելու մասին է խոսում, Հայաստանը կարո՞ղ է, արդյոք, իր տեղը գտնել նոր աշխարհակարգում:

– ԱՄՆ նախագահն առաջիկա 4-5 տարվա մասին էր խոսում եւ եթե մենք 2020 թվականի պատերազմում չպարտվեինք, ապա այդ աշխարհակարգը կերտողներից մեկը կլինեինք: Այժմ անհրաժեշտ է ակտիվ գործունեություն ծավալել, որպեսզի կարողանանք մասնակից դառնալ. դրա համար պետք է փոխել Հայաստանի ապագայի մասին այս իշխանության տեսլականը՝ խաչմերուկներ, սպառող հասարակություն եւ այլ անհեթեթություններ: Հայաստանը պետք է հայտ ներկայացնի տարածաշրջանում դերակատարություն ստանձնելու համար: Այդպիսին դառնալու համար պետք է ժամանակ չկորցնել, առանց այդ էլ վերջին տարիներին ժամանակն անարդյունավետ վատնել ենք: Առանց հապաղելու, արագ պետք է դուրս գալ ռուսական ծիրից եւ սկսել սեփական խաղը, տարածաշրջանային, մերձավորարեւելյան եւ եվրոպական ուղղություններով: Հայաստանի դիրքը, ազգի մտավոր կարողությունը եւ բնական հարստությունները բավարար են, որ Հայաստանը լուրջ հայտ ներկայացնի դերակատարություն ստանձնելու համար: Սակայն դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ ազգային իշխանություն, որի համար բոլոր նախադրյալները կան:

– Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս, Նիկոլ Փաշինյանը որեւէ էական առաջարկություն չարեց Արցախի հարցում, Հայաստանի ապագա տեղի եւ դերի մասին, այլ առաջ տարավ իր այն տեսակետը, թե Հայաստանը պատրաստ է դառնալ տրանսպորտային խաչմերուկ:

– Այս իշխանությունը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ինքը հայ ժողովրդի, Հայաստանի հետ որեւէ առնչություն չունի: Անհնար է պատկերացնել, որ Հայաստանի ղեկավարը այդպիսի ամբիոնը կօգտագործի ընդամենը դատարկաբանության համար: Նախ տրանսպորտային կամ ինչպես իրենք են անվանում՝ «խաղաղության խաչմերուկի» մասին. դա այս իշխանության հերթական աճպարարությունն է հայ ժողովրդին մոլորեցնելու նպատակով, որպեսզի կարողանա քողարկված ճանապարհ տալ եւ ապահովել թուրք-ռուսական անխափան, անվերահսկելի կապը՝ Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան՝ Հայաստանի տարածքով, դրանով իսկ Հայաստանի մոտակա ապագայի առաջընթացի համար անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելով:

Որպեսզի Հայաստանը համաշխարհային դերակատարության մաս կազմի, պետք է իր մասնակցությամբ արագացնի իրականացնել միակ եւ գործնականում հնարավոր աշխարհաքաղաքական ծրագիրը. դա Հնդկաստան-Իրան-Հայաստան-Սեւ ծով-Եվրոպա երթուղին է, որը Արիական առանցքի կազմավորման առաջին քայլն է լինելու:

Խաչմերուկ, «խաղաղության խաչմերուկ», ինչ անուն էլ դնես, խնդրի էությունը չի փոխվում, նշանակում է Հայաստանի կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հերթական հանցագործությունն է ուզում կատարել Հայաստանի դեմ՝ Մեղրիով անվերահսկելի ճանապարհ տալ թուրք-ռուս երկվորյակին, մեր ոխերիմ թշնամիներին: Այդ ճանապարհը մեզ ոչինչ չի տալու եւ մենք դրանից օգտվելու որեւէ շարժառիթ չենք ունենալու, քանի որ Ռուսաստանը երկար ժամանակով՝ տասնամյակներով մեկուսացվելու է համաշխարհային տնտեսական փոխհարաբերություններից: Երկրորդ, որպեսզի իր հակապետական ծրագիրը իրականացնի, վարչապետը Հրազդան-Դիլիջան-Իջեւան երկաթուղային ճյուղին վերագրում է շատ թանկ վերականգնելի հատված, իբր թե սողանքների պատճառով գրեթե անհնար է այդ հատվածը վերականգնել: Այդ մարդը պետք է օր առաջ հեռանա վարչապետի պաշտոնից: Եթե ՔՊ կոչվող կուսակցությունում կան մարդիկ, որոնց համար թանկ է հայոց պետությունը եւ ազգային արժանապատվությունը, ապա սթափվեք եւ հեռացրեք այդ մարդուն վարչապետի պաշտոնից, հանուն Հայաստանի, հանուն մեր ապագա սերունդների:

Եթե Հայաստանը այդ ճանապարհը տա ռուս-թուրքական զույգին, այդ պարագայում Հայաստանը կրկին մենակ է մնալու, ոչ ԱՄՆ-ը եւ ոչ էլ Եվրոպան չեն աջակցելու Հայաստանի համար կարեւորագույն ծրագրին՝ Հնդկական օվկիանոս-Պարսից ծոց-Սեւ ծով Հայաստանով անցկացվելիք տրանսպորտային երթուղուն:

Արցախահայության վերադարձը պայմանավորված է ռուսական զորքի դուրս բերումով Արցախից եւ ՄԱԿ մանդատով միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումով: Ռուսաստանը եւ Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որ ձախողեն Միջազգային խաղաղարար ուժերի մանդատի հատկացումը ՄԱԿ անվտանգության խորհրդի կողմից, ինչպես նաեւ ձգձգել ռուսական զորքերի դուրսբերումը Արցախից: Հայաստանը պետք է շատ կոշտ դիրքորոշում բռնի այս հարցում եւ սկսի ակտիվ գործողություններն արցախահայության վերադարձին խոչընդոտող արգելքները վերացնելու գործում: Գտնել եղանակներ ռուսական զորքը Արցախից դուրս բերելու գործում:

– Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, իսկ ռուսական «խաղաղապահ» զորքերը փաստացի գտնվում են Ադրբեջանի «տարածքում»:

– Այո, Հայաստանի վարչապետը իր հայտարարություններով ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում: Վարչապետի հայտարարությունը Հայաստանի կողմից դեռեւս ճանաչում չի նշանակում: Հայաստանի օրենսդրությունը վարչապետին այդպիսի լիազորությամբ չի օժտել: Հայաստանի կողմից ճանաչում կհամարվի, եթե ժողովրդի կողմից նոր ընտրություններով ընտրված Ազգային ժողովը ակտ կայացնի եւ համաժողովրդական հանրաքվեով այն ճանաչվի: Առ այսօր որեւէ փաստաթուղթ չկա այդ մասին: Նշանակում է, եթե վաղը վարչապետը հրաժարական տա, իսկ հաջորդ վարչապետը կամ Ազգային ժողովը հայտարարի, որ հայ ժողովուրդը՝ ի մասնավորի արցախահայությունը տեր է իր ինքնորոշման իրավունքին եւ աշխարհից պահանջում է հարգել իր իրավունքը եւ Արցախը վերամիավորել Հայաստանի հետ. համաձայն պատմական անցյալի, Ազգերի լիգայի համապատասխան փաստաթղթի եւ 1989 թվականի Հայաստանի եւ Արցախի ինքնավար մարզի պատգամավորական ժողովների որոշման: Դա կլինի միակ ճիշտ ուղին, ապա կունենանք այլ իրավիճակ:

Ռուսական զորքի Արցախից դուրսբերման համար, կարծում եմ, արագ լուծելու ամենամեծ գրավականներից մեկը Հայաստանից ռուսական զորքերը հրատապ դուրս բերելն է: Ինչո՞ւ են այսքանից հետո ռուսական զորքերը մնում Հայաստանում, Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքը մեր բարեկամը եւ դաշնակիցը չէ, այլ Ադրբեջանի: Մի պետություն, որը մեր թշնամու աջակիցն է, ուրեմն նաեւ մեր թշնամին է: Հետեւաբար, ինչո՞ւ պետք է այդ պետության զորքերը մնան Հայաստանում: Ռուսական զորքերը Հայաստանի անվտանգությանն սպառնացող ամենամեծ վտանգն են այլեւս ներկայացնում: Առանց ձգձգելու պետք է դուրս գալ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ-ից եւ դիմել Եվրամիությանը արագացված եղանակով՝ Եվրամիության անդամ դառնալու համար: Ինչպես նաեւ դիմել ՆԱՏՕ-ին՝ անդամ դառնալու համար:

Բայց, քանի դեռ Հայաստանը, ինքը, պատրաստ չէ իր անվտանգությունը ապահովել արտաքին ներխուժումից, պետք է իր անվտանգության ապահովման համար կարողանա այնպիսի փաստարկներ եւ հիմնավորումներ մեջտեղ բերել, որոնք հնարավորություն կստեղծեն ունենալ ռազմավարական այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Գերմանիան, Իրանը, Հունաստանը, Կիպրոսը, ինպես նաեւ ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացին զուգահեռ, միավորվել մեկ անվտանգային համակարգի մեջ այնպիսի երկրների հետ, որպիսիք են Հնդկաստանը, Իրանը, Հունաստանը եւ Կիպրոսը՝ հետագայում այս առանցքը ընդլայնելու հեռանկարով՝ ստեղծել Արիական առանցքը (այս գաղափարն արդեն «Առավոտի» ընթերցողներին ներկայացրել եմ):

-Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում ասաց, որ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն չի լինելու ու անմիջապես հետո, Եվրախորհրդարանում, նա առաջարկեց Եվրոպայի դռներն ավելի լայն բացել Հայաստանի առաջ ու ծափերի արժանացավ. ի՞նչ է սա նշանակում:

–Վարչապետը, թե ինչ նկատի ունի, կարելի է ենթադրել, որովհետեւ նրա պատկերացումները Հայաստանի դերի եւ տեղի մասին ժամանակակից աշխարհում այլ են, քան բխում է Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից: Նա Հայաստանի տեղը պատկերացնում է ինչ-որ մեկի գրպանում տեղավորվելը:

– Արեւմուտքում Հայաստանին համարում են ժողովրդավարության բաստիոն, ԱՄՆ դեսպանն էլ Նիկոլ Փաշինյանին տարածաշրջանում ժողովրդավարության փարոս է անվանում:

– Այո, ներկայումս մեր երկրում ժողովրդավարության տարրեր կան, սակայն Հայաստանը ժողովրդավարական պետություն չէ: Եթե մեկ կամ մարդկանց մի խումբ կարողանում է մոլորեցնել մի ամբողջ հասարակության, նշանակում է՝ հասարակությունը ժողովրդավարությունից դեռեւս շատ է հեռու:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
30.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031