Խորհրդարանում այսօր 2018թ.-ի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հետեւյալ հարցադրումներն ուղղեց. «Արտաքին հարաբերությունների մասով ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ, իսկ Ֆինանսների նախարարությանը՝ 20 միլիարդ դրամ: Ո՞րն է եղել այդ գումարի նպատակը, Ֆինանսների նախարարությունն արտաքին հարաբերություններում ի՞նչ մեծ արդյունքի է հասել: «Անլիազոր» նախագահն ի՞նչ արտաքին հարաբերություններ է հաստատել այդ ընթացքում»:
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ ըստ հաշվետվության՝ Ֆինանսների նախարարությանը նախորդ տարի 101 միլիոն դրամ է հատկացված եղել, որից արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար օգտագործվել է մեկ միլիոն դրամ, իսկ արտասահմանյան գործուղումների վրա՝ 19 միլիոն դրամ. այսինքն, մոտ 20 միլիոն դրամ: «Կդժվարանամ ասել, թե ինչ 20 միլիարդ դրամի մասին է խոսքը: Իսկ նախագահի աշխատակազմի առնչությամբ աշխատակազմի ներկայացուցիչը պետք է պատասխանի»,-պարզաբանեց Ատոմ Ջանջուղազյանը: Ճշգրտումների արդյունքում պարզվեց, որ հաշվետվության մեջ ոչ թե 20 միլիարդ է գրված, այլ 20 միլիոն դրամ, պարզապես թվերի ճշգրիտ ընթերցման խնդիր է առաջացել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև



















































