Լրահոս
Օրվա լրահոսը

 ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցնում է 1.6 մլն եվրո վճարել Ռ. Քոչարյանի օրոք սեփականությունից զրկված Վարդանյանին

Հուլիս 25,2019 16:52

Այսօր ՄԻԵԴ-ը հրապարակել է Վարդանյանն ու Նանուշյանն՝ ընդդեմ Հայաստանի գործով դիմող  Յուրի Վարդանյանի գույքային իրավունքների խախտմամբ նրան պատճառված վնասի փոխհատուցման մասին վճիռը: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Սերգեյ Գրիգորյանը:

ՄԻԵԴ վճռի համաձայն Հայաստանի Հանրապետությունը  Յուրի Վարդանյանին եռամսյա ժամկետում պարտավոր է վճարել 1.600.000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) եվրո գումար:

Փաստաբանը որոշ մանրամասներ է հրապարակել սոցիալական ցանցում: Գրիգորյանը փոխահատուցման չափի մասին ասում է.«Սա ավելին է, քան մինչ այսօր ՄԻԵԴ կողմից Հայաստանի դեմ կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը»։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, որպես պետական կարիք, պետությունը Յուրի Վարդանյանին զրկել է իր՝  Բուզանդի 13 հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող տնից եւ  հողամասից, ընդհանուր 1385 քառակուսի մետր տարածք:

Ըստ վճռի, եւ այս գործի պատմության, Վարդանյանին փոխահատուցում է տրվել տան արժեքի մի փոքր մասը, սակայն հողամասի դիմաց որեւէ փոխհատուցում չի ստացել, պատճառաբությամբ, թե այդ հողամասն իր սեփականությունը չէր:

Փաստաբան Գրիգորյանը, հղում անելով hetq.am-ին, հիշեցնում է.«Երբ կառուցապատող ընկերության սեփականատերը ԱՄՆ-ում ՀԵՏՔ-ին մանրամասնել էր, թե ինչպես էր իր ընկերությունը հասել նրան, որ պարոն Վարդանյանին սեփականազրկելու այս՝ անհամեմատ ավելի էժան տարբերակն էր ընտրվել, նա նաեւ մանրամասն տեղեկություններ էր հաղորդել այն մասին, թե որ դատավորին, որքան եւ ինչ պայմանավորվածությունների դիմաց որքան է վճարվել այս «ծրագիրը» կատարելու համար:

Այս գործում իր ուղիղ դերակատարությունն էր ունեցել նաեւ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ (Արման Մկրտումյան), որի վարքի մասով ՄԻԵԴ-ը միաձայն եզրահանգել էր, որ իր վարքն անհամատեղելի է եղել անկողմնակալ դատարանի վարքի ՄԻԵԿ 6-րդ հոդվածով նախատեսված պահանջի հետ»:

2016-ի որոշման մեջ ՄԻԵԴ-ը նշել էր, որ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը:

Գրիգորյանը նաեւ նկատում է.«Փաստորեն, «պետական կարիքների» անվան տակ սեփականատիրոջն ապօրինաբար սեփականազրկել են՝ իր գույքի արժեքը չվճարելու համար և հիմա՝ 12 տարի անց կառուցապատող ընկերության եւ դրա հետ սերտաճած պետական պաշտոնատար անձանց եւ դատավորների հանցավոր համագործակցության հետեւանքների համար պետական բյուջեն վճարելու է շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափ գումար, որը դեռ միայն մի մասն է Յ. Վարդանյանի կրած վնասի: Հուսով եմ, որ իրավապահ մարմինները մանրամասնորեն քննության առարկա կդարձնեն այս գործով բոլոր կոռուպցիոն դրսեւորումներն ու իրավական գնահատական կտան տեղի ունեցածին»:

Փաստաբանը նաեւ հիշեցնում է, որ այս գործը 2007 թվականից ՄԻԵԴ-ում ներկայացրել է Վահե Գրիգորյանը մինչեւ իր ՍԴ դատավոր ընտրվելը:

«Յ. Վարդանյանը ոչ մի վայրկյան չի դադարեցրել իր իրավունքների համար պայքարը, եւ այսօրվա վճիռն ընդամենը մասնակի հատուցումն է այս գործով անցած իր շուրջ 25- ամյա պայքարի: Առհասարակ, սա արդեն 107 տարվա իրավական վեճ է Հայաստանում»,-նկատում է փաստաբանը:

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Բա իրան որտեղից 1385 քմ տարածք քաղաքի կենտրոնում՞ Դատախազությունը պիտի էտ տարածքի սեփականաշնորհման օրինականությունը ստուգի։Ինչ որ մի տեղ կաշառք տալով հսկայական տարածքը սեփականացրելա հիմա պետությունից 2միլիոն դոլլար փողա տանում։
    Պետության թալանը հենց էտա։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031