Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց այն, ինչն արդեն չկա (էսսե)

Մայիս 27,2023 22:10

Երազներն անրջում են ավելին, քան մենք նրանց թույլատրում ենք։

Բայց երազները վատ սովորություն ունեն։ Նրանք հաստատում են  իրենց չարքաշ կամ պանծալի գոյությունը` ծնելով մտապատկերներ, որոնք բանականության փորձությունն են դառնում հետո։

Եվ մարդը գայթում է։ Քանզի անհաս է աննյութեղեն նյութը, որ հոգևոր ոլորտում բնակվելու իրավունքը նվաճեց` պատառոտելով ադամորդու ցանցկեն ներաշխարհը։

Այդպես ֆանտազիաներն են ծնվում։ Խելահեղ մեղեդիներ, որոնք հնչեցնելու համար մարդուն պակասում է իր իսկ կշռադատված խելագարությունը։

Այո. մեզ տրված կյանքը մեր ծնողների ֆանտազիաներն է բովանդակում, և մեր գոյության առաջին իսկ ակնթարթը մեր բախումն է աննյութեղեն անուրջների նյութավոր պատին։

Աղբամանում հայտնված ընկեցիկը… Գնդակահարված զինվորը… Մոր ստինքներից ծորուն կաթը… Համբույրից առաջ բառ ձևավորող շշուկը… Պոեզիան։ Հրճվանքը։ Հայրենիքը։ Հառաչանքը, որն ապա մնում է սեր վայելող կնոջ շուրթերին… Անութների տակ` քրտնքի հետ միախառն… Եվ` արյան մեջ` իբրև մարմնից չլվացվող հիշողություն… Չէ՞ որ ֆանտազիաներ են…

Եվ դրանք բոլորը, հանց անուրջներով շաղախված մեղր, կաթիլ առ կաթիլ և անտանելի ձգողականությամբ լցնում են հոգևոր այն խոռոչները, որոնք մենք հոգեկերտվածք ենք անվանում։

Մա´հն է, որ ձգողականության ուժը պատռելու զորություն ունի։

Եվ ձգողականություն հաղթահարող յուրաքանչյուր ոք մի պտղունց կյանք է զոհաբերում իր գոյության ճանապարհներին։ Ձգողականություն հաղթահարող յուրաքանչյուր մարդ ինքն իրենից զատվելու տանջանքն է ճաշակում, բայց իր էության ակունքին մոտեցող յուրաքանչյուր ոք տառապում է նույնպես։ Ուստի և` ամենախոժոռ մահախոսականները արտասանվում են թռիչքներ հուղարկավորելիս։ Գուցե չեն բարձրաձայնվում, բայց հնչում են դեռ շատ առաջ` երբ դեռ չէր մահացել մարդը, այնինչ հոգին չկար այլևս։ Զի մարդն արգելքով էր բռնացել իր երազների վրա, որպեսզի դրանք երբևէ չունենան անրջելու համարձակությունը։ Բայց անթև թռիչքներն անգամ օժտված են վերածնվելու զարմանալի զորությամբ։ Քանզի ցանկացած թռիչք մարդուն հրամցնում է ֆանտազիաներ, որոնք  հոգեհացն են օծում` դառնալով մաշված հագուստ, ապահարզան, կիրակնօրյա հայրիկ, զուգարանակոնքի մեջ օղու ավելցուկ փսխող տղամարդ, մեռելածին երեխա…

Մուրացկան է հոգին, գոց դռների առջև խեղճացող մեկը։ Նրան ոչ ոք ցվերջ չի ճանաչում, որովհետև մարմինն է մարդկանց չափանիշը։

Հոգին սեր է մուրում այնժամ, երբ մարմինը լլկում են անկողնում։

Հոգին իր հայրենիքն է սիրում անգամ անպատվաբեր պատերազմից հետո, երբ իր հայրենիքն են լլկում պարտության մարտադաշտերում։

Նախ` հոգին է մայրանում, ապա` մարմինը, և յուրաքանչյուր երեխա, իհարկե, հոգու ֆանտազիան է։

Հոգին ծերացող մարմնի բանտարկյալն է, անատամ բերանից դուրս նայող հույսն է, հավերժ երիտասարդն է, որն ամեն օր պարտվում է ծերության խոպանում, բայց մնում է հավերժ երիտասարդ։

Հոգին սիրերգ է, ասպետական ոգեշնչում։

Հոգին տիեզերական հյուլե է, որին ինչ-որ Մեկը ամփոփել է մարմին գերեզմաններում։

Հոգին է անկյալ հրեշտակը, բանականության ծննդատանը թողնված ընկեցիկ, որին մարդ կոչվող խելագարության բանականությունն է վստահված։

Վերջին հույզն է, հետին ամոթն ու ափսոսանքը, որ այցելում են հանկարծ` երբ ժամանակն է անցյալ, և ուժերն են վհատ, և կողակիցը չկա այլևս, և օրերն են ծամծմված, իսկ անավարտն ավելին է, քան ապրված ողջը։

Այնժամ հոգին ճամփորդն է հավիտենության։ Հիշո՞ւմ է արդյոք նա իր մարմինը։ Չգիտե´մ։ Եվ արդյոք կա մի բան, որն այս աշխարհում իսկապես կարևոր է եղել այնժամ, երբ հոգին էր մարմնում բնակվողը։ Երբ հոգին սեր էր, իսկ մարմինը` սիրո դիակառք, երբ հոգին լույս էր, իսկ մարդը խարխափում էր խավարում` մեռցնելով հոգու պոեզիան։

Ուրեմն մենք ի՞նչ ենք խոսում ընդհանրապես։ Եվ այդպես համառորեն մենք ի՞նչ ենք ապացուցում միմյանց։

Զուտ լռության մեջ են կենսագոյում կորուստները։ Սրանք դառնահամ մեղրահացեր են, ո´չ այլ բան։ Բայց դրանք չկան և իհարկե չեն կարող  լինել` քանի դեռ չգիտենք, թե ինչպես են լռում լռության մեջ։

Մարդն այդպես էլ չհասկացավ Բառն ի սկզբանե և չգիտակցեց լռությունը, որ եղել է իբրև ի սկզբանե երկունք։

Ձեն աղանդի առաջին պատրիարք Դարուման ինը տարի նստել էր քարանձավում`պատին դեմ առ դեմ։ Նա ի՞նչ էր որոնում, եթե ոչ` այն լռությունը, որտեղ գոյության ֆանտազիաներն են զրնգում։ Եվ ո՞վ է այն մարդը, որ ինը տարի անց դուրս եկավ մենության քարանձավից` իր հետ աշխարհ բերելով ինը տարվա մեդիտացիաների իմաստությունը։ Բայց նա ժամանակի հետ կապված աղերսներ չուներ, քանզի հոսել էին տարիներն այնպես, կարծես չէին էլ եղել։ Քանզի մարդու հոգեկերտվածքում պարփակված տիեզերքն ավելին է, քան երկնային անեզրությունը, որտեղ պետք է որ աստվածներ լինեն։ Ակուտագավան ասում է. «Սոսկ աստվածներին պատկանող առանձնաշնորհումներից մեծագույն ափսոսանք և մեծագույն կարեկցանք է հարուցում ճշմարտությունն առ այն, որ աստվածները չեն կարող ինքնասպան լինել»։ Այս բառերի մեջ, նախ և հետո, առկա է  կարեկցանքը, որովհետև այս միտքն աշխարհին պարգևող Ակուտագավան հետո ինքնասպան եղավ` ազատության արժեքը բացահայտելով։ Բացահայտելով խորհուրդն առ այն, որ ազատ մարդը կարող է լինել շատ ավելին, քան գերության մեջ գոյատևող աստվածը։

Ինքնասպանությունը ֆանտազիա է նույնպե´ս։

Այս ամենն ի մտի ունենալով, ես հասկացա, որ անպատվաբեր զբաղմունք է գութ բաժանելը։ Խղճահարությունը փլուզում է ֆանտազիաներ։ Խղճահարությունը հեռացնում է` ինքնասպանության հնարավորությունից զուրկ աստվածներին երկրպագելու խեղճություն ծնելով։  Խղճահարությունից ազատվելու միակ ճանապարհը լպիրշ մարդուն  արհամարհելն է։ Եվ, արդյոք, արհամարհանքը չէր մեկն այն պատճառներից, որ մեծն Դարումային առաջնորդեց դեպի քարանձավ։ Ինը տարվա կամավոր բանտարկության։ Ճգնախուց, որտեղ թափանցիկ էր լերկ ապառաժը, իսկ միտքը ազատության ֆանտազիաներ էր հավաքում տիեզերական փոշուց։

Մա´դն  է մեծագույն խոչընդոտը, և այն անցնելու համար մարդուն պետք է տրորել։

Այսպե´ս խոսեցի, որովհետև ծնկել էի եդեմական պարտեզում, և Աստված մահանում էր ձեռքերիս վրա։

Նա´ էր…

Հինավո´ւրցը…

Տիեզերքի մեծագույն Մանուկն ու Զառամյալը միաժամանակ։

Նա´ էր…

Երկու քերովբե պահապանում էին դրախտի դարպասները։ Նրանց ձեռքերում պտտվում էին բոցեղեն սրեր` մուտքն արգելելով։ Հետո նրանք վռնդեցին ինձ եդեմական պարտեզից, և ես կորցրեցի հայրենիքս։

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Նման գիրն է այն նշաձողը, որ կուղղորդի Հայ Գրականությունը դեպի առաջընթաց ու գեղագիտական բարձունքներ ։ Այսպիսին պիտի լինի հայ գրողի այցեքարտը համաշխարհային գրականության մեջ։ Շնորհակալ եմ հեղինակին։

    • Սմբատ says:

      Շնորհակալություն մեկնաբանության հեղինակին` գիրս այդպե´ս գնահատելու համար։ Կուզենայի ճանաչել մեկնաբանության հեղինակին։

    • Սմբատ says:

      Շնորհակալություն մեկնաբանության հեղինակին` գիրս այդպե´ս գնահատելու համար։ Կուզենայի ճանաչել մեկնաբանության հեղինակին։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031