Լրահոս
Օրվա լրահոսը

Ում հետքերն է որոնում մահը (պատմվածք)

Փետրվար 18,2023 20:53

Յոթանասունութ տարեկան էր Վիրջինիա Ավոնցը, երբ սեփական գերեզմանը փորելու միտքն ունեցավ: Նա հատ-հատ շոշափել էր իր այգու ծառերը, որ արթնանում էին մեծագույն քմահաճույքով, երբ գարնան անձրևներն էին վարար, արյուն էր թողել մասրենիների վրա՝ ալ կարմիր պտուղներ քաղելիս, շոշափելով էտել էր սև խաղողի վազերն ու հողն էր փխրեցրել՝ ի վերջո շոշափելով այն հողակտորը, որտեղ ապագա գերեզմանը պիտի լիներ: Սա այգու հյուսիսային անկյունն էր, նեղլիկ մի տարածություն, որտեղ արև չէր ընկնում թերևս, և ոչ ոք չգիտեր առ այս, թե անտեր հողակտորը երբևէ ինչով կարող են իմաստավորել:

Վիրջինիա Ավոնցն իր տան կահ-կարասին էր շոշափում արդեն քառասունութ երկար ու ձիգ տարիներ, քանզի տոհմական անեծքների մատյանը թերթելու հանդգնությունն էր ունեցել, և չարքը կուրացրել էր նրան: «Արդյոք ի՞նչ կար այնտեղ, ի՞նչ կար մատյանում»,- ժամանակ առ ժամանակ խորհրդածում էր Վիրջինիան՝ հիշողությամբ վերականգնելով ցաքուցրիվ նախադասություններ, որոնք չէին կապակցվում, սակայն հարափոփոխ պատկերներ ծնելու զորություն ունեին: Բանականության մեջ վխտում էին գութ աղերսող մարդիկ, որ նյութեղեն ձայներ էին սոսկ, և նրանց շղթայակապ տանում էին, որպեսզի գլխատեն հրապարակավ:

Բանականության մեջ անտանելի բարձր ղողանջում էր պղնձե հսկայական զանգը՝ տարածելով համայնական մահապատժին մասնակցելու հրավեր, և մարդիկ աճապարում էին ուրախությամբ, որպեսզի կենաց զորություն կորզեն ուրիշի մահից և օտարի չարչարանքով հարստանալու հաճույքը ճանաչեն: Քունքերն ափերի մեջ սեղմելով՝ ծեր կինը խելապատառ փախչում էր իր բանականության մեջ բանական պատկերներից, և մտքերը պապանձվում էին առժամանակ՝ թողնելով մերկ ճշմարտություններ, որոնք մաս-մաքուր ոսկորներ էին հիշեցնում. կարծես գիշակեր բազեներն էին բզկտել դրանք բազմիցս: «Ափսոս,- փսփսում էր Վիրջինիան՝ ինքն իրեն կշտամբելով,- չկարողացա կարդալ մատյանում գրվածը, որովհետև դուռը բաց էի թողել հիմարաբար, իսկ միջանցիկ քամիներն անպակաս են անիծյալ այս տնից»:

Նա հստակ հիշում էր աստիճանների ճռճռոցն ու խուլ հարվածներ, որ նկուղից էին հառնում՝ դողէրոցք փոխանցելով հնամյա պատերին, հիշում էր դեղին ծուխն ու հնչեղ ոտնաձայներ, որ ինչ-որ մեկի ներկայությունն էին վկայում և եղել էին սենյակում այնժամ, երբ բեկվել էր բոցը՝ քամու հոսանքին հնազանդվելով:

Քրքիջներ…

Կինը խելագարության կհասներ անշուշտ՝ հեգնախառն ծիծաղն ընդունելու նյարդը չգտնելով, բայց անտեսանելի մեկը լռություն էր բերել իր հետ, և գարշահոտ էր բերել՝ թերթերը շրջելու հնարավորությունը կանխելով:

– Այլևս երբեք չի բացվելու այս մատյանը:- Ձայնը հասունանում էր անձայնությունից, և կրակե լեզվակներ էին խաղում վարդերի վրա, և կուրանում էր կինն իր ննջասենյակում:- Լսո՞ւմ ես, Վիրջինիա: Նա՝ ով անեծքի զորությանը մոտենալու հանդգնությանն է հասնում, պիտի վճարի անշուշտ՝ փոխարենը ստանալով բառեր, որոնք խորհուրդ ունեն և իշխանություն կարող են շնորհել: Ահա կույր կլինես, կխոսես հետայսու, իսկ քո խոսքերը ճակատագրեր կկառավարեն:

Եվ ապա, կինը պառկած էր փայտե գունաթափ հատակին՝ կատարվածը թերևս չհասկանալով, իսկ աչքերից տեսողության վերջին արցունքն էր ծորում:

Մի բուռ երկինք՝ մութ ապակուց անդին…

Աստղեր էին գլորվում հորիզոնն ի վար, և Վիրջինիան ատում էր իր այգու վրա ծանրացող մթնշաղը՝ սև ստվերներ նշմարելով այնտեղ, ուր չկան առասպելներ և լույսի մեջ թևածող թիթեռներ չկան:

Կիջնի երեկոն, և խավարի որդիները կբանտարկեն կնոջ մարմինը՝ այս իրականությունից անսահման հեռացնելով, իսկ զավակները կհիշեն հին-հին պատմություններ՝ հանկարծ մտաբերելով մանկության պատառիկներ, հանկարծ կարևորելով անցյալում անիմաստն ու հանկարծ հասկանալով եղելություններ, որոնք իհարկե բացահայտվում են հետո՝ երբ մարդն է խելամիտ: Նրանք կտարակուսեն՝ տարօրինակ նախանշան տեսնելով մոր բացակայության մեջ, և երկյուղ կիջնի նրանց սրտերի վրա ննջասենյակի դուռը կոտրելուց հետո ու հատակին կուչուձիգ կնոջ մարմինը հանկարծ գտնելուց հետո…

– Այստեղ է…

– Աստված իմ…

– Քեզ հետ ի՞նչ են արել, մայր…

– Ովքե՞ր, ովքե՜ր…

– Բայց մի՞թե ինչ-որ մեկը եղել է այստեղ, եթե դուռը ներսից էր կողպված…

Բոլոր այս հարցերից սերունդների եղերերգն էր սկզբնավորվում, և հասունանում էր Ավոնց ցեղի առասպելը, որ վերջին էջն էր դառնալու տոհմական նզովքների մատյանում և իր ավարտն էր ունենալու հեռավոր ապագայի մեջ:

Այնտեղ՝ իմացության և անգիտության բոլոր սահմաններից անդին, միակ իրականը կնոջ աչքերն էին: Բիբերը տարրալուծվել էին սպիտակուցների մեջ, և երկինքն էին արտացոլում այնժամ, երբ կինն իր այգու ծառերն էր շոշափում և շոշափելով հասնում էր այնտեղ, ուր սեփական գերեզմանը պիտի լիներ:

* * *

Յոթանասունութ տարեկան էր Վիրջինիա Ավոնցը, երբ բահն առաջին հողակոշտն էր շրջում, իսկ արևը թեքվել էր սարերի վրա՝ վաղնջական գագաթներ ոսկեզօծելով:

– Գնանք տուն:- Բեղ-մորուսով տղամարդը խոսում էր կատարյալ մեղմությամբ, դեմքն արևից փախցնելով: Նա ծնվել էր քառասունյոթ տարի առաջ, ու հայրը Վիլհելմ անունով էր կնքել իր երրորդ զավակին: Այնինչ Վիրջինիան չէր տեսել որդու դեմքը, բայց ճանաչում էր նրա դիմագծերը, քանզի բազմիցս շոշափել էր կրծքով կերակրելիս:- Գնանք տուն, մայր, արարքդ մեզ չի վայելում:

Նա օղակեց մոր մեջքը՝ աննշան ուժ գործադրելով, բայց կինը չէր ենթարկվում: Նրա զառամ մարմնի մեջ կորով կար և, իհարկե, կար վճռականություն, ինչը հստակ տեսանելի էր կտրուկ շարժումների մեջ: Հայացք չունեցող աչքերը ձայնին ի պատասխան շրջելով, նա խեթեց որդուն.

– Հայրդ որտե՞ղ է:

Այս հարցը պատահական չէր կարող լինել, քանզի օրեր առաջ վիճաբանել էին՝ խեղճ զայրույթի մեջ միմյանց ոչնչացնելով:

– Չնայած արդեն յոթանասունութ տարեկան ես,- ասել էր ամուսինը,- բայց հիմար մնացիր: Չես հասկանո՞ւմ, որ անհեթեթ այդ փոսը փորելով՝ կպատվազրկես ինձ էլ, որդիներիդ էլ: Կարծում ես տղաները հետևելո՛ւ են խոսքիդ, անգամ՝ եթե կտակով կամ երդումով պարտավորեցնես նրանց: Ախր ո՛ր հիմարն իր մորը կթաղի սեփական այգում, որտեղ մեր թոռներն ու ծոռներն են վազվզելու: Խայտառակությո՛ւն: Էլ չեմ ասում, որ դիակը քայքայվեց թե չէ՝ ծառարմատները թույն են ծծելու, իսկ ջրհորից ջուր խմելն անհնար կդառնա: Միշտ էլ մի փոքր ցնդած ես եղել, ի՞նչ ասեմ:

Այս խոսակցությունից հետո Վիրջինիան թախծում էր: Երեք զավակներն ազատվել էին մորը խղճալու տանջանքից դեռ շատ տարիներ առաջ, բայց հիմա կրկին և իսկապես կարեկցում էին ծեր կնոջը երբ նա ժամեր շարունակ կորչում էր տնից և այգում էր անցկացնում օրը՝ նվիրական հողակտորից չբաժանվելով: Տիկին Ժանետան, որ հասակակից էր և բնակվում էր մոտակա ագարակներից մեկում, նրան խելքի բերելու փորձեր էր արել քանիցս:

– Երբեք այլևս չես մոտենա այս հողաթմբին,- օրերից մի օր բացականչել էր Վիրջինիան՝ Ժանետայի խորհուրդներից իսպառ զզվելով:

Ճիշտ վեց ամիս անց, երբ մշուշը սարերի փեշերն էր լիզում, իսկ քամին կյանք էր խլում ծառերից, մի խումբ մարդիկ Ժանետայի դագաղը գերեզման էին հասցրել՝ մի կերպ դիմակայելով մինչև իսկ խոշոր քարեր տեղահանող փոթորիկը, որ հետո չոքել էր պարաններից կախ դագաղի վրա և խորտակել էր հանգուցյալ կնոջ մարմինը՝ փոսի հատակում մածուցիկ ցեխաջրին ծեփելով: Թողել էին հենց այդպես՝ դագաղը մարմնի վրա իջեցնելով, իսկ Արշակ անունով մեկը, որ ընտանիքի բարեկամն էր երկար տարիներ և Ժանետային անկողին էր դրել շատ անգամներ, իսկ ավելի ճիշտ՝ ավելի շատ անգամներ քան սեփական ամուսինը, ահա Արշակ անունով այս մարդը կուլ էր տվել լեզուն, և նրան հազիվ փրկել էին լիմոնադի շիշ բացելու երկաթով, բայց ծնոտները հեռացնելիս կոտրվել էր վերին ատամներից մեկը՝ պարոնին ի դժբախտություն:

Սա մի ժամանակահատված էր, երբ մարդիկ ձգտում էին իշխանափոխության և հավատում էին, թե կլուծվեն իրենց խնդիրները՝ եթե երկիրը նոր վարչապետ ու նոր նախարարներ ունենա: Քաղաքում հասունանում էին խժդժություններ, ինչը զանգվածային անկարգությունների և մեկ զորավոր բռունցք ձևավորելու պատճառ էր դառնալու հետո: Այս ամենը անտաղանդ բեմադրություն էր, համայնական տրագիկոմեդիա, որ մարդ ներծծելու զորություն ուներ, և պարոն Հեկտորը, որ քաղաքականությամբ չէր զբաղվել երբեք, նույնպես հայտնվեց այս ծուղակում: Նա ութանասունն անց էր և հիսունյոթ երկար ու ձիգ տարիներ էր կիսել սիրելի կնոջ՝ Վիրջինիա Ավոնցի հետ: Հարաբերությունները լարվել էին սոսկ կնոջ տարօրինակության և կամ՝ արտասովոր ցանկության պատճառով: Վիրջինիան օրեր շարունակ փշուր չէր դնում բերանը, իսկ ամուսինը չէր զիջում և թույլ չէր տալիս, որ նա սեփական գերեզմանը փորի: Բայց տղամարդը քաղաք գնաց օրերից մի օր ու չվերադարձավ այլևս:

Գարուն էր:

Լրանում էին մարտ ամսվա վերջին օրերը՝ ետևում թողնելով տեղատարափ անձրևներ, որոնք կյանքի կորով են կորզում դարչնագույն հողից և հույս են ներարկում ծառարմատների մեջ:

– Ձեր հայրը կվերադառնա:- Ուշ երեկոյան, երբ որդիները քննարկում էին Հեկտոր Ավոնցին բանտից ազատելու տարբերակներ, սևաթույր մի սերմնագռավ իջել էր լուսամուտագոգին և չէր կռնչում, և չէր հեռանում ոչ մի կերպ: Նրա փետուրները պսպղում էին դեղին ճառագայթներից, որ լուսամփոփն էր ցրում, իսկ հատակի վրա սև ստվերն էր երկարել: Վիրջինիան նստած էր դեմքով դեպի պատուհանն ու կապվել էր ագռավի հետ հրաշալի մի զգացողությամբ: Նրա անբիբ, զուտ սպիտակ աչքերի մեջ ծփում էին դեղնավուն ծովեր՝ իրականության պատկերն արտացոլելով, իսկ շուրթերի անկյուններին բազմել էր ժպիտը:- Ձեր հայրը կվերադառնա անշուշտ,- կրկնեց կինը,- բայց դա կլինի այն բանից հետո, երբ ես իմ գերեզմանը փորած կլինեմ:

Այս միտքը ռումբ էր, որ պայթեց սենյակի կենտրոնում, և երկու ագռավ պոկվեցին կնոջ աչք կոչվող հայելիներից ու սլացան կտրուկ՝ երկնքի մեջ մխրճվելով: Կրծքի տակ ինչ-որ բան կոտրվեց խուլ թնդյունով, և կինը հիշեց, որ լուսամուտագոգին նստած թռչունը չկա արդեն, իսկ սիրտը դեռ հրաշալի զգացողությունն էր փնտրում:

– Լինելու բան չի, մայր,- առաջինը խոսեց Լուիջի Ավոնցը՝ ավագ եղբոր իր իրավունքից օգտվելով:- Եվ ի՛նչ է սա. փոս փորելն ավելի կարևոր ես համարում, քան ամուսնուդ վերադա՞րձը:

Հրաշալի, զով երեկոն մի բուռ աստղ էր շփել՝ բյուր կրակներ նվիրելով հավիտենական գիշերներում թևաթափ կնոջը, և նա նստած էր հիմա՝ փեշի մեջ փայփայելով կայծկլտուն լուսատուներ, որ շատ պիտանի առարկաներ կարող են լինել գուշակությամբ զբաղվողի համար: Վիրջինիան ժպտում էր վիճաբանող իր որդիներին լսելիս և խղճում էր նրանց, որովհետև գալու էր մի ժամանակաշրջան, երբ նրանք չէին հանդուրժելու այս իրականությունը, բայց ապրելու էին հենց ա՛յս իրականությամբ, որտեղ ծնողներից մեկն ազատություն պիտի երազեր զօր ու գիշեր, իսկ մյուսը գերեզման պիտի փորեր՝ կենսական ուժեր զոհաբերելով:

* * *

– Կանչում են,- արդեն որերորդ անգամ կրկնում էր կինը՝ որսալով մահկանացու մարդուն անհասանելի շշուկներ, որոնք անձրևի կաթիլներն էին թողել, երբ դեռ մթնշաղն էր քսվում քնաթաթախ մանուշակներին, իսկ աքաղաղն ավետում էր հույս:

Վիրջինիան քայլում էր բզզացող մեղուների ճանապարհով և նեկտարի բույրն ուներ ռունգերի մեջ: Սա ծաղիկների աշխարհն էր: Բազմիցս շոշափել էր այս հողակտորը՝ յուրաքանչյուր թիզը մանրակրկիտ մշակելով, և գիտեր, որ սև, դեղին ու մանուշակագույն են կակաչները, և դրանց մեջ ընդամենը երկուսն են ալ կարմիր բաժակներով: Գիտեր, թե վարդագույն թիթեռներն ինչպես են խաղում կաթիլների հետ՝ վարդագույն երանգներ փոխանցելով, գիտեր, թե արևի ճառագայթներն ինչպես են մխրճվում դարչնասև հողակոշտերի մեջ՝ արարելով գոլորշի կոչվող հրաշքը, որ պսպղուն բծեր էր թողնում այգում անթիվ ծաղիկների վրա: Հետո կմերկանան ծառերը գարնան մեջ, և բյուր ծաղկաթերթեր կծածկեն հողը՝ կյանք հեկեկալով, և հողը ճերմակ կլինի ու վարդագույն կլինի հետո… Այսպես, տարեցտարի, ծեր կինը կանգնում էր բոկոտն՝ նուրբ-թրթռուն ծաղկաթերթերի վրա տարուբերվելով, և ծանր աշխատանքից կոպիտ նրա մատները շոշափում էին կենսաբույր ճյուղեր, որոնք բողբոջ պիտի երկնեին և տխրության երջանկությունը պիտի փոխանցեին ապագա պտուղներին:

-Կանչում են…

Բյուր կաթիլներ զրնգում էին օդի մեջ՝ ահազանգ տարածելով:

Ապագա փոսի չափերը պատկերացնելու համար՝ Վիրջինիան փայտե ցցեր էր գամել՝ բավական մեծ մուրճ օգտագործելով, և թել էր կապել ցցերին, որպեսզի ուղղանկյուն լինի առանձնացվող հողակտորն ու համապատասխան դիրքով լինի: Քանզի անհրաժեշտություն կար, որ գլխամասը ճիշտ հարաբերություն ունենար ծագող արևի հետ, այնպես՝ որ մայր մտնող արփին սուզվեր հորիզոնն ի վար՝ այստեղ թաղված մարդու ներբաններին քսվելով: Զառամյալն աշխատում էր ինքնամոռաց: Նա գիտեր, թե ինչ են զգում սև-վարդագույն թիթեռներն ամեն անգամ, երբ հպվելու հաճույքն են պատճառում միմյանց՝ կակաչների մեջ թողնելով սիրո սևն ու վարդագույնը: Նա գիտեր, որ կանաչ կայծեր են մորեխները, ինքնօրինակ հերոսներ, քանզի անուրջներ են գողանում քամու հետ խաղացող շյուղերից և երկնքին մոտենալու հանդգնությունն ունեն: Նրանք երկնքի կապույտն են լղոզում հանկարծ ցատկելիս ու երկնագույն ծվեններ են շաղ տալիս բորբ վարդերի վրա, քամու, աստղածաղիկների և մեղուների ոտքերից թափվող նեկտարի վրա:

Բահը չէր աշխատում թերևս, քանզի քարքարոտ էր հողն, ու նրա որովայնը չէր բացվել երբեք: Յոթանասունութամյա կինը չոքում էր ժամանակ առ ժամանակ, երբ ուժերն էին սպառվում, իսկ քրտնքի կաթիլները մե՛րթ անհայտանում էին կնճիռների մեջ, մե՛րթ կատարյալ փայլում էին արևից՝ամեն անգամ՝ բարձր բլուրներ հիշեցնող կնճիռների վրա հայտնվելիս:

Ապրիլ ամիսն էր:

* * *

Իշխանությունները Հեկտոր Ավոնցին տեսակցելու արտոնագիր շնորհեցին, բայց Վիրջինիան չօգտվեց դրանից: Նա մի երկտող գրեց, բայց առավել պերճախոսը վարդի թերթերն էին, որ կցել էր թղթին ու սոսնձել էր խնամքով: Ծնկները հողոտ էին, մաշկը՝ պլոկված, իսկ ձեռնափերի մեջ նշմարվում էին կարմիր օղակներ, որտեղ միսն էր բաց: Նա կանգնել էր մեկուսի ու ծրարը հանձնեց որդիներին՝ թերևս աղերսելով, որ ճիշտ հասկանան իր արարքը: Սենյակում ճանճեր կային, վաղ գարնան միջատներն առաջին, որ բզզում էին անդադար ու պտտվում էին լռության վրա և անձայնության մեջ ծավալվող այս իրադարձությունների վրա: Որդիները կարեկցեցին իրենց մորը, բայց զուսպ էին միմյանց հետ հաղորդակցվելիս, քանզի գիտեին, որ կինը գողտուկ հայացքներն էր ճանաչում անգամ և գիտեր, թե ինչ կարող են նշանակել ծածուկ ժպիտն ու ծամածռությունը: Կանայք տանը մնացին՝ առօրյա գործերին տրվելով: Որդիներն ամուսնացած էին, իսկ երեք հարսները կարողանում էին ընդհանուր լեզու գտնել շնորհիվ այն բանի, որ երկհարկանի այս տան մեջ ութ ննջարան կար, երեք զուգարան՝ կից լոգասենյակներով, ու բավական խոշոր մի խոհանոց, որտեղ երկու գազօջախ էր դրված հակընդդեմ պատերի տակ: Վիրջինիան ճաշ չէր պատրաստում արդեն շատ վաղուց: Նա դեղաբույսեր էր չորացնում ձմեռվա համար՝ իր տան անդամների առողջությամբ մտահոգվելով, պատրաստում էր այլևայլ թուրմեր, քսուքներ ու ցավ դարմանող միջոցներ, որոնք ժողովրդական բժշկությունից ու Ամիրդովլաթ Ամասիացու թղթերից էին, բայց հարստացված էին տոհմական իմաստությամբ ու փոխանցվում էին սերնդեսերունդ:

Հողը կարծր էր առավել, քան թվում էր առաջին հայացքից: Մեծագույն դժվարությունը քարերն էին՝ մանր ու մեծ, կպչուն կավով շերտ առ շերտ սոսնձված: Անտանելի հոգնածությունից նվվալով՝ Վիրջինիան իսկապես անիծում էր իր կյանքը, որ սկսվել էր անչափ հեռու ժամանակներում, որտեղ օտար էին մարդիկ, օտար էին հոգատարությունն ու գորովանքը, և ծնողներն անգամ օտար էին: Թերևս ոչ բնական այս զգացողությունը երբեք չէր նահանջել, այլ նման էր կոկորդի մեջ կոշտ այն արցունքին, որ չի հոսում, չի տարրալուծվում ու չի հեռանում երբեք: Երբեմն ամբողջական օր էր պահանջվում ընդամենը մեկ քար տեղաշարժելու համար, բայց լուսաբացը ծնում էր նոր հույսեր, և Վիրջինիան ավարտին էր հասցնում հենց այն, ինչը ընդմիշտ անհնար էր համարվում երեկ: «Չկա անցյալ,- երբեմն շշնջում էր կինը՝ ինքն իր հետ անկեղծանալով,- ու չի կարող լինել, որովհետև յուրաքանչյուր նորածին ինքը անցյալն է՝ այս աշխարհ մտնելու առաջին րոպեներից իսկ»:

– Այսպես երկար չի կարող շարունակվել,- ժամանակ առ ժամանակ կրկնում էր Ալեն Ավոնցը, որ միջնեկն էր ու ամենահաղթանդամը:

Նա հաճախ էր կանգնում պատուհանի առաջ՝ անթարթ հետևելով մոր աշխատանքին, ու ժամանակ առ ժամանակ տնքում էր յուր անզորության մեջ:

– Շուտով կհոգնի,- հուսադրում էր կինը՝ երկնագույն աչքերով Անժելան, որին սիրել էր ինքնամոռաց ու հիմա մխիթարություն էր ստանում նրանից, երբ չափազանց ծանր էր Ավոնց ցեղի խայտառակությունը, քանզի շշուկներ էին պտտվում, թե խելագարվել էր Վիրջինիան իր ծերության մեջ, իսկ որդիները չէին խոչընդոտում նրան, այլ գժությունն էին խրախուսում՝ հույս փայփայելով, թե կուժասպառվի զառամյալն օր առաջ ու կմահանա քար ու հող քանդելիս:

Ծանր էր տան մթնոլորտը, իսկ չասված բառերը կուտակվում էին օրըստօրե՝ չարության ամպեր կուտակելով արդեն հարյուրամյա այս տան տանիքի վրա, և համերաշխության վրա, ինչը Ավոնց ցեղի այցեքարտն էր:

– Սթափվիր, մայր,- պարբերաբար թախանձում էր Լուիջին, բայց սա խնդրանք չէր որոշ ժամանակից ի վեր, այլ պարզ սպառնալիք, որտեղ հոր բացակայությունն էր կարևորվում իբրև վերջին հաղթաթուղթ:- Վաղվանից չես մոտենալու հողակտորին, որոշվա՛ծ է: Եթե հայրիկը տանը չի, դա դեռ չի նշանակում, թե կարող ես անցնել ամուսնուդ խոսքի վրայով:

Ապա ստվերներ էին երկարում պատուհաններին մերձ առարկաներից, և մթնշաղն էր կախվում պտղատու ծառերի վրա, և պապանձվում էին անավարտ խոսակցություններ, որոնք դուրս չէին գալիս նրանց ուղեղներից նույնիսկ այնժամ, երբ լռում էր գիշերահավքը՝ անուրջների մեջ անէանալով, երբ երկինքն ազատ էր ուշացած թռչուններից, երբ լուսինը մեկ այլ գույն էր ավելացնում փակ բաժակներով կակաչների թերթիկներին՝ սև, դեղին ու մանուշակագույն երանգների վրա արծաթ սփռելով, երբ լեռներում արձագանք չկար, և մշուշն էր մոտենում գաղտագողի, որպեսզի վերմակ լինի պատյանների վրա և իրենց պատյաններում խխունջի պես զուսպ մարդկանց վրա: Որդիները չէին քնում դեռ շատ երկար ու չէին կենակցում իրենց կանանց հետ, քանզի հառաչում էր Վիրջինիան ժամանակ առ ժամանակ, և նրա սրտաճմլիկ ճիչը բազմապատիկ զարկվում էր տան պատերին՝ խլելով նուրբ երազներ, որոնք կախվում էին թոռների թարթիչներից ու չէին նահանջում գիշերն ի լույս:

Տարօրինա՜կ, տարօրինա՜կ ժամանակներ…

Աշնան առաջին օրերը անձրևներ բերեցին՝ հողն առավել փուխր դարձնելով, իսկ հետո կարճ ամառ սկսվեց, և Վիրջինիան ավարտեց աշխատանքը, որ չորս ու կես ամսվա չարչարանք խլեց նրանից: Գերագույն ճշգրտությամբ փորված փոսը զարհուրանք էր հարուցում: Հոկտեմբերյան արևշատ օրերն օգտագործելով՝ Վիրջինիան մագլցող վարդեր տնկեց փոսի հատակին՝ չորս պատերի երկայնքով, ու նուրբ պարաններ կախեց վերևից, որպեսզի տարածվեն ծաղիկները՝ դեպի վեր և բոլոր ուղղություններով:

– Ես կմեռնեմ մյուս տարի,- տուն մտնելով՝ հայտարարեց զառամյալը:- Երբ վարդեր կտեսնեք փոսի եզրերին, իմացեք, որ ինձ տրված ժամանակը սպառվել է:

– Մեր հայրը չգիտի սրա մասին,- մոր աչքերին նայելով՝ ասաց Ալենը:- Նա շուտով կվերադառնա հավանաբար:

* * *

Ձմեռը բանտարկեց մարդկանց, բայց առավել սարսափելին քաղաքացիական պատերազմն էր, որ հասունացավ հունվար ամսվա մեջ, իսկ հետո անկառավարելի էր այլևս: Լուիջին, Ալենն ու Վիլյամը տնից դուրս չէին գալիս թերևս, քանզի գործադուլն ու նորօրյա գործազրկությունը բազմաթիվ դռներ էին գոցել, և տղամարդիկ հիմա մեկ այլ աշխատանք էին մտմտում՝ քանի դեռ չէին սպառվել տան պաշարներն ու չէր հասունացել նողկալի այն ակնթարթը, երբ մարդն ապրում է չքավոր լինելու գիտակցությամբ ու կենսական ողջ ուժերն է ներդնում, որպեսզի բարձրանա կյանքի հատակից ու իր սերունդը բարձրացնի: Երեկոները անսպառ-անվերջ էին, բայց այս իրականությունը դրական կողմ ուներ անշուշտ: Նրանք համախմբվում էին՝ միմյանց ջերմություն բաժանելով, իսկ Վիրջինիան երջանիկ էր իր յոթ թոռների հետ: Տղամարդիկ  փայտամշակման արհեստանոց հիմնադրելու նախագիծ ունեին, իսկ նրանց կողակիցները անխոնջ գործում ու կարում էին՝ պարապության ժամեր լրացնելով և կիսելով երեխաներին հագցնելու հոգսը:

Քաղաք գնալու տարբերակ չկար, և հայտնի չէր, թե դատարանն ինչ վճիռ էր կայացրել և թե ինչ էր սպասվում Հեկտոր Ավոնցին: Ոչ ոք չէր հիշում գերեզմանափոսն ու լռում էին դիտավորյալ՝ անխոս արհամարհանք դրսևորելով այս անմիտ և հրեշավոր նախաձեռնության հանդեպ: Վիրջինիա Ավոնցը չէր խոսում նույնպես: Ահա հալվեցին ամենապնդերես սառույցներն անգամ, և վտակներ հոսեցին սարերի գագաթներից, և դուրս եկան մարդիկ, թափվեցին վաղ գարնան բույրերի մեջ՝ որ համբուրվեն հողից բարձրացող գոլորշու հետ: Մի կտոր ձյուն կար այգու անկյունում, փոքրիկ մի կղզյակ, և երգում էր կարմիր պոչով թռչունը՝ սեր դայլայլելով, մի պտղունց կարմիր թողնելով արդեն սևացող ձյան վրա: Արև կար ամենուրեք, անգամ՝ ստվերների մեջ, անգամ՝ ճնճղուկի չանչերից մնացած սուր-սուր ոտնահետքերի և լռության մեջ: Վիրջինիան կանգնել էր՝ լիաթոք ներծծելով գարնան բույրը, իսկ բռաչափ ձյան վրա բեկվող ճառագայթները ցրել էին կայծեր, որ թափառում էին կնոջ անբիբ աչքերի մեջ ու վառ դեղին հետագծեր էին թողնում սպիտակուցների վրա: Թվում էր՝ գերբնական խորհուրդ կա լեռների սիրտը լիզող մշուշի մեջ, իսկ անտառները անմեկնելի գաղտնիքներ ունեն:

Մարդը չի հասկանա այս երկուսը և չի կարող ըմբռնել, թե իր մարմնում թաքուցյալ ո՛ր ուժերով էր աշխատում յոթանասունութամյա կինը՝ քարքարոտ հողի մեջ հսկայական փոս փորելով: Հատակը չէր երևում, քանզի գոլորշու թանձր քուլաները կախվել էին ուղղանկյուն պատերից ու խճճվել էին այնտեղ, ուր վարդերը դեռ չէին փթթել ու չէին պարզաբանել կուսական շշուկներ: Կանցնեն ամիսներ, և ոմն պաշտոնյաներ տուն կբերեն բանտում գազանաբար սպանված տղամարդու`Հեկտոր Ավոնցի դիակը: Սա կլինի ամռան վերջում, երբ մահվան մահճում անգիտակից կինն այլևս չի հասկանա իրականությունը, չի ճանաչի բզկտված ամուսնուն ու չի փշաքաղվի սուր գարշահոտից: Արդյոք ո՞ւմ բաժին կհասնի մեծ ճշգրտությամբ փորված գերեզմանը, որ լեփլեցուն էր ալ կարմիր վարդերով, ու երբեմն չէր երևում բնավ, քանզի գույնզգույն բյուր թիթեռներ խաղում էին ծաղիկների հետ՝ ամենուրեք ցանելով վարդագույն ծվեններ ու երկնքին վերադարձնելով այն ամենը, ինչը բյուր տարիներ շարունակ գաղտնագրվել էր աչք չունեցող կնոջ տեսողության մեջ:

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Պատմվածքը` «Նկուղ իջնելու հրավեր» գրքից (վաճառվում է «Բուկինիստ» գրախանութներում)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728