Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Սիրելի վարչապետ, ինչո՞ւ եք մեզ պատի տակի մուրացկան սարքում կամ էլ երկրից վռնդում»․ Գյումրու 1-ին գիշերօթիկում զայրացած են

Օգոստոս 23,2019 23:13

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու 1-ին և 2-րդ գիշերօթիկ հաստատություններում խիստ լարված իրավիճակ է․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից գրություն են ստացել այն մասին, որ սեպտեմբերի 2-ից հաստատությունները լուծարվում են։ Նախարարը նաև ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ կոչ անելով համակերպվել։

«Հայաստանում հատուկ հաստատությունները փակվելու են, որովհետև դա դեմ է ներառման սկզբունքին, ներառական և հավասար հասարակություն ունենալու տեսլականին։ Այս նպատակին հասնելու համար մենք համագործակցում ենք հասարակական կազմակերպությունների հետ երեխաներին ընտանիք վերադարձնելու համար, զարգացնում ենք խնամատար ընտանիքի ինստիտուտը, բարելավում ենք որդեգրման համակարգը և ստեղծում ենք ճգնաժամային կենտրոններ, խիստ անհրաժեշտության դեպքում երեխաների խնամքն ապահովելու համար։
Այլ ճանապարհ չկա։ Համակերպվե՛ք»-գրել  էր նախարարը։

Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության սոցիալական աշխատող Ալինա Ադամյանն ասում է, որ նախորդ նախարարների ժամանակ էլ քննարկվել է այս հարցը, բայց ոչ մեկը նման ռիսկի չի գնացել։ Ըստ մեր զրուցակցի, երեխաներին ընտանիք վերադարձնելու հարցում իրենք ևս շահագրգիռ են, այս ուղղությամբ աշխատանքներ կատարել են, սակայն անչափ կարևոր հարց է, թե ինչպիսին է ընտանիքը։ Ըստ նրա, ծնողներ կան, որոնք շահագործում են իրենց անչափահաս երեխային, ստիպում, որ նրանք 1000 դրամով աշխատեն։

«Այդ ծնողը երբեք չի մտածում, որ իր երեխան լիարժեք կրթություն պիտի ստանա, իսկ պետության խնդիրը ո՞րն է․ երեխան մինչև չափահաս դառնալն իրավունք ունի կրթություն ստանալու՝ անկախ սոցիալական վիճակից։ Իսկ այսօր, չգիտեմ ինչու, այդ խնդիրն անտեսում են։ Գիշերօթիկը ոչ միայն սոցիալական խնդիրն է ապահովում, այլ կրթությունը, դաստիարակությունը, լիարժեք խնամքը։ Երեխաներ ունենք, որ ամիսներով չեն լողացել, տուն այց կատարեք, կտեսնեք։ Արձակուրդների ընթացքում բավականին լուրջ խնդիրներ կտեսնեք, որ երեխան անխնամ փողոցներում է, շիշ է հավաքում, որ ընտանիքի հոգս հոգա»,- ասում է Ալինա Ադամյանը։

Նա նշում է, որ իրենց գերխնդիրը ևս այն է, որ երեխաները խնամվեն ընտանիքում, 2016 թվականից սկսած բեռնաթափում են արել․ 115 երեխայից հասցրել են 63, սակայն ընտանիքն են առողջացրել, որ կարողանան երեխային վերադարձնել։

«Բայց այս ռիսկային երեխաներն իրավունք չունեն ընտանիքում լինելու, որովհետև ծնողների մեծամասնությունը հակասոցիալական վարք ունի, երեխան ո՞նց կարող է այդ ծնողի կողքին օրինակելի վարքագծով ապրել, մեծանալ։ Հաշվի պետք է առնեն, չէ՞, եթե այսօր ասում են առողջացնենք ընտանիքը, կախարդական փայտիկ չունեն, որ 3 ամսվա ընթացքում ընտանիք առողջացնեն։ Եթե այսքան ժամանակ չեն կարողացել անել հ/կ-ները, թեկուզ մեր պետությունը, ուրեմն դա լուրջ խնդիր է,՞ չէ»։ Ըստ մեր զրուցակցի, եթե դուրս գան կաբինետներից ու տուն այց կատարեն, կհասկանան, որ սխալ որոշումներ են ընդունում։

«Ոչ մի նախարար այդ համարձակությունը չի ունեցել լուծարել գիշերօթիկ կառույցները, որովհետև հաշվի են առել մեր մարզի խոցելիությունը, մեր մարզի սոցիալ-տնտեսական վատ վիճակը, ո՞նց եղավ, որ մեր խորքային ուսումնասիրությունները հաշվի չեն առնում։ Բոլոր նախարարների սեղաններին եղել է, և չեն համարձակվել․․․ Վերափոխել, փորձել են վերածել ցերեկային կենտրոնների, մենք էլ ենք համաձայնել, մենք էլ ենք նպաստել, որ երեխան ծնողի կողքին գիշերի, բայց եթե ռիսկային է ընտանիքը, մենք իրավունք չունենք խաթարելու, երեխային փողոցում դուրս թողնելու։Հիմա ունենք դեպքեր, ունենք երեխաներ, որոնք փողոցում են»,- ասում է Ալինա Ադամյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ,գիշերօթիկները երբեք ավելորդ չեն և ոչ մի երկրում, իսկ Գյումրիում այս ծրագիրն իրագործելուց առաջ պիտի մտածեն ընտանիքներին առողջացնելու մասին, գոնե մի գործարան հիմնեն, որպեսզի այդ նույն ծնողներն աշխատատեղ ունենան։

Նա նաև վրդովված է, որ գիշերօթիկի բարձագույն կրթություն ստացած մասնագետներին ուղղորդում են, թե գնացեք հավաքարար աշխատեք։ Խորհուրդ են տալիս զբաղվածության կենտրոն դիմել, որտեղ մարդիկ տարիներով հերթագրվում են ու ոչ մի աշխատանք չգտնելով՝ լքում են քաղաքը։

Աշխատակիցները մտահոգ են, թե ինչպես են ապրելու առանց աշխատանքի։ Նրանց ներկայացմամբ, աշխատակիցներից չկա որևէ մեկը, որ բանկերում վարկեր չունենա, շատերը ուսանող երեխաներ ունեն, որոնք վճարովի համակարգում են սովորում։ Նրանից մեկն էլ արտասվեց, որ երկու որդի ունի սահմանում, նրանք հայրենիքն են պաշտպանում, իսկ նրանց միայնակ մորը գործազուրկ են թողնում։

Ըստ աշխատակիցների, գիշերօթիկները փակելով՝ աշխատակիցներին երկրից դուրս են վռնդում․ իրենք էլ ստիպված պիտի համալրեն արտագաղթողների շարքերը։

Գիշերօթիկ հաստատությունում աշխատող 57-ամյա հավաքարարներից մեկը, որը վարձով ու միայնակ բնակվում է տնակում, վարչապետին հորդորեց․ «Սիրելի վարչապետ ջան, ես չեմ ուզում պատի տակի մուրացկան դառնալ , քանի հնարավորություն ունեմ աշխատելու, պիտի աշխատեմ, թեև չնչին աշխատավարձ ենք ստանում, բայց աշխատում ենք, չէ՞․․․Խնդրում եմ, մի փակեք գիշերօթիկները, այստեղ բոլոր աշխատողները ծայրահեղ աղքատ են, ոչ մեկը լավ օրից չի եկել ուրիշի երեխայի դարդ  է քաշում»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031