Ինչու երբեւէ չի ցուցադրվել «Երազողներ» բացառիկ ֆիլմը
Ըստ ժողովրդական ասացվածքի. «Աստված, որ ուզում է աղքատին ուրախացնել, էշը կորցնում է, հետո գտնել է տալիս»: Վերջին երեք տասնամյակում բազում փորձություններով անցավ մեր մշակութային կյանքը: Երկար թվարկելիք ցանկից բերենք միայն 1990-ականներին Ռադիոյի եւ հեռուստատեսության ոսկե ֆոնդից անհետացած, ինչպես ասում են՝ «ցրտից փչացած», «տեխնիկապես մաշված», «կորած» ու «թրջված» կամ ուղղակի անհասկանալի պատճառներով անհետացած շատ ձայնա ու տեսագրություններ, որոնք բացառիկ էին եւ որոնք, ցավոք, հիմա չկան ու չեն կարող այլեւս վերականգնվել: Շատերը ժամանակի վրա են գցում մեղքը, շատերը՝ ինչ-ինչ հանգամանքների, իսկ որոշ մարդիկ էլ մեղքը գցում են պարզապես գործի հետ կապ չունեցող անմեղ մարդկանց վրա:
Անհետ կորածների թվում էր նաեւ խորհրդային երկրում առաջինններից մեկը մեզ մոտ ձեւավորված «Երազողներ» վոկալ գործիքային անսամբլի, 1969թ. «Երեւան» կինոստուդիայում նկարահանված (կինոռեժիսոր՝ Անատոլի Մոկացյան) ֆիլմը: Եվ կես դար հետո միայն՝ վերջերս, այն հայտնվեց, ինչն իրարանցում է առաջացրել սոցցանցերում: Օգտատերերի գերակշիռ մասը ֆիլմում հանդես եկող երաժիշտներին որակելով հայկական բիթլեր, ուզում է անուն առ անուն իմանալ իրենց ժամանակի այդ հինգ խիզախներին: Վերջիններից ճանաչել են միայն կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանին:

Կարդացեք նաև

Մեր զրուցակցին՝ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ավելի քան 30 տարիների գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին խնդրեցինք տեղեկացնել, թե ինչ ընթացք ունեցավ «երազող երաժիշտների» կյանքը. «Երջանկահիշատակ Հակոբը տարիներ շարունակ ԱՕԿՍ-ի լուսանկարիչն էր, Հրայրը լրագրող է, ներկայում ապրում է Սան-Դիեգոյում, Արմենը երկար տարիներ էստրադային սիմֆոնիկ նվագախմբի «ուդառնիկն» էր, այժմ Լոնդոնում է, իսկ Զավենը, որը հիանալի լուսանկարիչ է, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենն է»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝
Զավեն Սարգսյանի արխիվից:
«Առավոտ» օրաթերթ
29.08.2019


















































