Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պատրաստվում եմ լրագրող դառնալ, այլ ոչ թե փրկարար». ուսանողները լուծարքի խնդրին են անդրադառնում

Սեպտեմբեր 09,2019 13:30

«Ես պատրաստվում եմ լրագրող դառնալ, այլ ոչ թե փրկարար». ուսանողները լուծարքի խնդրին են անդրադառնում

«ԵՊՀ քաղաքացիական պաշտպանության ամբիոնը ե՞րբ վերջապես կհասկանա, որ երկրում իրավիճակ է փոխվել, որ այլեւս երբեք ուսանողը որեւէ հավելյալ 10 000-ական դրամների շարք իրենց չի վճարելու, ինչո՞վ են առավել ԵՊՀ մյուս ամբիոններից: Ինչու՞ օրինակ հայոց լեզու կամ այլ՝ մասնագիտական առարկաների համար ոչ մի լումա չվճարենք, իսկ քաղպաշտպանություն առարկայի համար, ինչը ոչ թե երկրորդական, այլ չորրորդական առարկա է, ամեն լուծարքի համար վճարենք 10 000 դրամ»,-երեկ այս մասին «Առավոտի» հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Մանե Փիլիպոսյանը, որը բազմիցս տուժել է վերոնշյալ ամբիոնի պատճառով, վճարել ավելի քան 30 000 ՀՀ դրամ: Նրա խոսքով՝ լուծարքի համար նախատեսված 40 րոպեն շատ քիչ է անթերի աշխատանք կատարելու համար: «Երկու հարց + 40 րոպե+ անթերի աշխատանք = լուծարք»,- այս բանաձեւն է գործում՝ ըստ Մանեի պնդման: Նրա խոսքով՝ ստուգարքը չի ստացել ընդամենը մեկ կետադրական նշանի եւ մի քանի նախադասության բացակայության պատճառով։ Մանեի խոսքով՝ դասախոսական կազմը մեկ բառի տարբերությամբ (գրքային չլինելու դեպքում) ուսանողին անմիջապես լուծարքի է թողնում՝ առանց որեւէ խղճի խայթ զգալու։

Դա տեղի է ունեցել նախորդ տարի: «Հույս ունեինք, որ հեղափոխությունից հետո որեւէ բան կփոխվի, եւ այս անարդարությունների հոսքը կդադարի, սակայն պատկերը նույնն է, անգամ նոր ռեկտորն այս ուղղությամբ որեւէ քայլ չարեց»,- ասում է նա, հավելելով, որ նախորդ տարի ուսանողները գրավոր դիմում են ներկայացրել նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին: Նրանք խնդրել էին, որ ժամանակը գոնե փոքր-ինչ երկարացվի՝ 40 րոպեն 60 դարձնեն, սակայն, ժամեր չանցած, մերժում էին ստացել:

«Գոնե եկող սերունդը չճաշակի այն, ինչ մենք ճաշակեցինք» ,-ասում են զրուցակից ուսանողները, ովքեր դիմել են ՀՀ ԿԳՄՍ-ի նախարարի մամուլի խոսնակին: Վերջինս լսել է ուսանողներին, պատասխանելով, որ ինքը հետ կզանգահարի եւ ամենը կկարգավորվի: «Մինչ օրս զանգահարում է»,- հավելեց Մանեն։

Ապագա լրագրողների տպավորությամբ՝ քաղպաշտպանության ամբիոնն առանձնակի բացասական վերաբերմունք է ցուցաբերել իրենց՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նկատմամբ։ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհիներից մեկն էլ, ով իր անունը չցանկացավ նշել, քանի որ մինչ օրս չի ստացել ստուգարքը, մի քանի բացակայության պատճառով զրկվել է ստուգարքին մասնակցելու իրավունքից: Ամբիոնից պնդել են, որ ուսանողուհին կորցրել է առարկայական կրեդիտները, ինչը վերականգնելու համար նա պետք է վճարի 30 000 ՀՀ դրամ, ինչից հետո նորից մասնակցի դասապրոցեսին, ապա նոր միայն իրավասու կլինի մասնակցել ստուգարքին: Շեշտում եմ՝ ստուգարքին, սա քննություն չէ: Ուսանողուհին 30 000 դրամը վճարելուց հետո ստացել է եւս երկու լուծարք, ինչի համար վճարել է եւս 20 000 դրամ:

«Գիտեք վատը ի՞նչն է, որ էլի չստացա, ու էլի եւս 50 000 դրամ պետք է վճարեմ»,-ասում է նա: Ըստ զրուցակցիս՝ ամբողջ տարին տքնաջան աշխատում է ուսման վարձը վճարելու համար եւ ահա եւս հավելյալ 100 000 դրա՞մ. «Ինչի՞ համար, ես ընդունվել եմ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ես պատրաստվում եմ լրագրող դառնալ, այլ ոչ թե փրկարար, ինչի՞ս է պետք էդ քաղպաշտպանությունը»:

Ուսանողներից մեկի տեղեկությամբ՝ մնացյալ բուհերում, օրինակ, մանկավարժական համալսարանում, ուսանողը երբեք նման խնդրի առջեւ չի կանգնել: «ԵՊՀ-ում ստեղծված վիճակը եղել է նախկին լավ իշխանության եւ անաչառ ռետորի մտահղացումը»,- հեգնում է զրուցակիցս։

Նշեմ, որ փոքրիկ ուսումնասիրության կատարեցինք եւ պարզվեց, որ մի քանի տասնյակ ուսանողներ համալսարանից դուրս են մնացել վերոնշյալ ստուգարքը չստանալու համար։ Ուսանողները պնդում են, որ իրենք այլ հաշվեհամարի վրա են լուծարքի համար նախատեսված գումարները փոխանցել, ինչը կապ չունի ԵՊՀ-ի հետ։ «Առավոտը» փորձեց պարզել՝ ի՞նչ հաշվեհամարի մասին է խոսքը, եւ ինչո՞ւ են ուսանողները պնդում, որ դա այլ հաշվեհամար է, սակայն ԵՊՀ լրատվական բաժնից մեր զանգին պատասխանեցին, ասելով, որ իրավասու չեն որեւէ հաշվեհամար տրամադրել։ «Ի՞նչ է սա՝ օրինական կաշա՞ռք»,- հարցնում են ուսանողները։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ


«Առավոտ» օրաթերթ
7.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30