Լրահոս
Օրվա լրահոսը

Խելամիտ քաղաքականության պարագայում Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից կնվազի

Հոկտեմբեր 22,2019 21:30

Վրաստանի համար մեծ խնդիր է դարձել ադրբեջանական նավթադոլարներից առաջացած կախվածության հարցը։ Այսօրվա պայմաններում ադրբեջանական ընկերությունների ներդրումները Վրաստանում գերազանցում են երեք միլիարդ դոլարը։ Վրաստանում գրանցված է մոտ 700 խոշոր ադրբեջանական ընկերություն։ Սակայն ամենամեծ կախվածությունը Ադրբեջանի էներգետիկ համակարգից է, որը որպես տնտեսական զենք օգտագործվում է ընդդեմ Վրաստանի։

Ադրբեջանի մենաշնորհային ներկայությունը Վրաստանի տնտեսության մեջ հաստատվել է դեռ նախորդ իշխանությունների անհեռանկար քաղաքականության հետեւանքով։ Նախորդները այնքան էին կենտրոնացած Ռուսաստանից զրո կախվածություն ունենալու գաղափարի վրա, որ երկիրը անգիտակցաբար տարան դեպի մեկ այլ կախվածության։

«Վրացական երազանքը» իշխանության գալով հրաշալի գիտակցեց ստեղծված իրավիճակը, սակայն ինչ-ինչ պատճառներով հայտնվեց նույն ազդեցության գոտում եւ այս առումով հանրությունը կրկին համարձակ քայլեր չտեսավ։ Իշխանության մեջ շատերը նույնիսկ խնդրի հետ համակերպվեցին իրենց անձնական բիզնես շահերը առաջնային համարելով։ Վրաստանի նման փոքրիկ երկրներում դեպքերը հաճախ են զարգանում նման սցենարով, երբ, ցավոք, առաջին պլան են մղվում բիզնեսի եւ ոչ թե հայրենիքի շահերը։ Սակայն ժամանակները փոխվում են եւ ինչքան հասուն է դառնում քաղաքացիական հասարակությունը, այնքան դժվար է դառնում անտեսել երկրի շահը։ Քաղաքականապես հասուն հասարակությունը սկսում է պարտադրել երկրի իշխանություններին թուլացնել կախվածությունը հարեւան երկրից։ Եւ դրա պատճառները մի քանիսն են։ Այսօրվա վրացական հասարակությունը օր-օրի սկսում է ավելի շատ գիտակցել ադրբեջանական էներգետիկ համակարգի մենաշնորհային քաղաքականության հետեւանքները Վրաստանի համար։

Նախկինում, երբ կազմվում էին գազի պայմանագրերը Ադրբեջանի հետ Վրաստանը, ըստ պայմանագրի ստանալու էր 45 դոլարով հինգ հարյուր միլիոն քառակուսի գազ, եւ 400 քառակուսի տրանզիտի համար (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան) եւ դրան գումարած երկու հարյուր միլիոն գազ էր ստանում դեպի Հայաստան գնացող ռուսական գազի տրանզիտից։ Փաստացի, եթե հաշվենք Վրաստանը ստանալու էր մեկ միլիարդ հարյուր միլիոն քառակուսի գազ ընդամենը 20 դոլարով, ինչը այսօր ինչ-ինչ պատճառներով տեղի չի ունենում եւ Վրաստանը Ադրբեջանից գազը ստանում է 130 դոլարով։ Օրինակի համար անցյալ տարի Վրաստանը օգտագործել է 2,659 միլիարդ գազ։ Այսինքն` ճիշտ քաղաքականության պարագայում հնարավոր էր օգտագործվող գազի մոտ կեսը ստանալ մի քանի անգամ ավելի ցածր գներով։ Ի դեպ, նման կարծիքի է նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, ով հստակ ծրագիր է առաջարկում իշխանություններին Ադրբեջանի հետ տնտեսական ու քաղաքական հարաբերությունները բալանսավորելու եւ Հայաստանի հետ համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ։

Վերադառնալով էներգետիկ անվտանգության թեմային պետք է նշենք, որ Վրաստանը այսօր հնարավորություն ունի Հայաստանի միջոցով ստանալու իրանական գազը շատ ավելի մատչելի գներով։ Այսինքն` հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Հայաստան-Իրան գազատար խողովակը չի աշխատում ողջ ուժով Ռուսական քաղաքական ազդեցության պատճառներով, ապա այն կարելի է լիարժեք գործարկել Վրաստանի ուղղությամբ։ Դրանից բացի քաղաքական կամքի պարագայում Վրաստանը կարող է ունենալ սեփական գազամուղը, որը հնարավոր կլինի անցկացնել հայկական գազամուղի կողքով առանց ավելորդ ծախսերի։ Այսպիսով` Վրաստանը ունի բոլոր հնարավորությունները իր էներգետիկ համակարգը ավելի անկախ ու շահավետ դարձնելու համար ու այս գործում անգնահատելի դերակատարություն կարող է ունենալ Հայաստանը։

Սա հրաշալի հնարավորություն է բնական գազ ստանալու միանգամից երեք երկրներից, ինչը մի քանի անգամ կամրապնդի երկրի ինքնիշխանությունը ու տնտեսական անկախությունը ու նոր որակ կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին։

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Էդուարդ Այվազյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031