Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» նախատեսում է ժամկետից շուտ Արծվանիկի պոչամբարի շահագործումն ավարտել

Նոյեմբեր 11,2019 21:21

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» նախատեսում է Արծվանիկի պոչամբարի շահագործումն ավարտել ժամկետից շուտ: Այս մասին լրագրողների համար կազմակերպված մեդիա-տուրի ժամանակ ասաց կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը: Նրա խոսքով, Արծվանիկի պոչամբարը շահագործվում է խորհրդային տարիներից, այժմ շահագործման վերջին փուլն է: Նշենք, որ այն Հայաստանի ամենամեծ պոչամբարն է: Պարոն Պոլոսկովի խոսքով, պոչամբարը կարող են շահագործել առաջիկա 10-11 տարիներին, սակայն շահագործումը կավարտեն նախատեսված ժամանակից շուտ՝ 5 տարում:

Ըստ նրա, պոչամբարի հետ կապված ամենակարեւոր հարցերից մեկն այս կառույցի կայունությունն ապահովելն է, որպեսզի կառույցը փակելուց հետո կոմբինատը կարողանա նախագծին համապատասխան ռեկուլտիվացիա իրականացնել:

«Մեր պրոյեկտով նախատեսվում է մոտ 40 մետր ավելացնել պոչամբարի բարձրությունը՝ հասցնելով վերջնական 960 նիշի: Պրոյեկտից շեղումներ չենք ունեցել: Նախագիծը գտնվում է շահագործման վերջնական փուլում»,- ասաց Մհեր Պոլոսկովը՝ նշելով, որ ապագայում նախատեսում են պոչամբար ունենալ հանքից ոչ հեռու, ավելին՝ այդ տարածքում:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի»-ի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանի խոսքով, ամեն տարի Արծվանիկի պոչամբարում ռեկուլտիվացիա է կատարվում: Նախ՝ հողի բերրի շերտը՝ սեւահողը հանվում է եւ պահեստավորվում է, ապա ռեկուլտիվացիան կատարելիս սկզբում հողի ոչ բերրի շերտով են փակում, հետո՝ սեւահողով. «Խախտված հողային տարածքները բերվում են այն վիճակին, որը եղել է բնության մեջ։ Արվում է հատուկ մշակում եւ կանաչապատում: Վերջին 3 տարվա մեջ մենք ռեկուլտիվացրել ենք մոտ 35 հեկտար տարածք։ Այս տարի հանել ենք 1 մլն 200 հազար խորանարդ բերրի հողի շերտ եւ պահեսատավորել հետագա ռեկուլտիվացիայի համար։ Բացի այդ ամենը, շրջակա միջավայրի դրամագլխին վճարում ենք գումար, որպեսզի պետությունը ռեկուլտիվացնի տարածքներն այն պարագայում, եթե մենք չկատարենք այն: Բայց, ինչպես նշեցի, մենք ինքներս դա անում ենք»:

Aravot.am-ի հարցին՝ այսօր հանքարդյունաբերության ոլորտում ամենալուրջ խնդիրներից մեկը պոչամբարների անվտանգությունն է, կոմբինատի պատասխանատուներն ի՞նչ են անում, որպեսզի պոչամբարը լինի անվտանգ, պատվարները լինեն ամուր՝ աղետներից խուսափելու համար, Մհեր Պոլոսկովը պատասխանեց՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհով մեկ, ամենալուրջ խնդիրը ե՜ւ հողատարածքների օգտագործման ե՜ւ ջրի ե՜ւ այլ մի շարք հարցերի հետ կապված՝ պոչամբարների տեղակայումն է, նրանց կայունությունը եւ այլն:

Թե ինչ են անում պոչամբարի կայունության եւ անվտանգության առումով, Սամվել Ալեքսանյանն ասաց. «Համագործակցում ենք միջազգային մեծ հեղինակություն ունեցող ընկերությունների հետ, որպեսզի ունենանք այլընտրանքային կարծիք եւ հենված չլինենք մի ընկերության կարծիքի վրա: Այս պահին իրականացնում ենք պիզոմետրերի տեղադրում, հորատում, պոմպերով ջրի մղում պատվարի միջից, որպեսզի մենք ապահովենք նրա կայուն ստաբիլությունը: Դա անընդհատ գործընթաց է»:

Մանրամասները` տեսանյութում

Ըստ պարոն Ալեքսանյանի, իրենք անընդհատ կատարում են մոնիթորինգ ու մաքսիմալ թվայնացնում են այն. «Թե′ օդի մոնիթորինգը եւ թե′ ջրինը կատարվում է սարքերով, որոնք ինֆորմացիան օնլայն ուղարկում են մեր օպերատորներին, որոնք էլ վերահսկում են այդ ամենը: Մենք ունենք թույլատրելի սահմանային արտանետումների կոնցենտրացիա՝ օդի, ջրի, փոշու համար: Մենք այս պահին աշխատում ենք գերմանական մի ընկերության հետ, որը մեզ մոտ տեղադրելու է բավականին առաջադեմ կայաններ, որոնք տեղում չափելու են ջրի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Եթե լինեն շեղումներ՝ անմիջապես իմանալու ենք»:

Լրագրողները եղան նաեւ Արծվանիկի պոչամբարի այն հատվածը, որտեղ զտված ջուրն է: Այս մասում ջուրը փիրուզագույն երանգ ունի, պարզ է, սակայն օգտագործման ենթակա չէ։ Տարածքում փակցված ցուցանակներն էլ զգուշացնում են՝ «տարածքում լողալն» ու «ձուկ որսալն» արգելվում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930