Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում դարձյալ աշխատատեղ է փակվում․ Փաշինյանին սատարած բուժաշխատողները նեղված են

Նոյեմբեր 11,2019 21:44

«Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի հակատուբերկուլյոզային բաժանմունքը կառավարության որոշմամբ լուծարվել է․ մինչև դեկտեմբերի կեսերն այն կդադարեցնի իր գործունեությունը։

Հակատուբերկուլյոզային բաժանմունքի վարիչ Գայանե Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 19 աշխատակիցներ աշխատանք են կորցնում։ Ըստ նրա, թեև հետևողական պայքարի արդյունքում ամեն տարի պակասել է հիվանդների քանակը, հիվանդացությունը՝ նվազել, մահացությունը համարյա զրո է, սակայն այն վերջնական հաղթահարված չէ․ այս պահին էլ բաժանմունքում կան հիվանդներ։

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր տարածաշրջաններից ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդները ուղեգրվելու են Աբովյանի տուբդիսպանսեր բուժվելու, սակայն Գայանե Մելքոնյանը վստահ չէ, որ Գյումրիից հիվանդները կհասնեն Աբովյան։

Ըստ նրա, կա հիվանդության մի տեսակ, որի դեպքում հիվանդին պարտադիր ուղեգրում են Աբովյան, սակայն երբ հիվանդների մոտ հայտնաբերվում է տուբերկուլյոզի այդ տեսակը, շատ մեծ դժվարությամբ են կարողանում նրանց ուղարկել․ շատերը հրաժարվում են գնալ, տանն են բուժվում։ Շատ քչերին են կարողանում ուղեգրել, շտապօգնության մեքենայով տեղափոխել։

«Խնդիրը նույնն է մնում, այդ հիվանդների թվին ավելացան ռեգուլյար տուբերկուլյոզով հիվանդները, որոնք գոնե իրենց տարածքում կարող էին ստացիոնար բուժում ստանալ, հիմա նրանց պիտի կարողանանք կոպիտ ասած համոզել, եթե հիվանդը ունի դժվարություններ և՛ ֆինանսական, և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, ուղեգրող բժիշկը նրանց Աբովյան ուղարկելու դժվարությունը հաստատ կունենա։ Հիվանդի իրավունքն է՝ կգնա, թե չէ, իր որոշելիքն է, չգնալու դեպքում այդ հիվանդները նորից կբուժվեն պոլիկլինիկայում, այսինքն՝ տանը։ Իսկ եթե վարակիչ հիվանդը հրաժարվեց ստացիոնար բուժումից ու գտնվեց տարածքում, կշփվի բնակիչների, իր ընտանիքի անդամների հետ, վարակի տարածման մտավախությունը կա, ու որևէ մեկը չի կարող հերքել»։

Բժշկուհին նշում է, որ կառավարության՝ խնայողություն անելուն միտված որոշումը կարող է խնդիրներ առաջացնել։

«Ծրագիրն այնպիսին է, որ կարողանան խնայողություն անել․ ծախսարդյունավետություն հաշվարկներում փակելով մի քանի բաժանմունքներ՝ խնայողություն անեն, բայց կարծում եմ մահճակալների թիվը պակասեցնելով, ծառայությունն ամբողջացնելով մի տեղում՝ մենք ավելի լավ արդյունք կունենայինք, հիմա ոնց, որ կեսից կարող ենք խնդիր ունենալ։

Բավարար վիճակում գտնվող և ոչ վարակիչ հիվանդները պիտի սպասարկվեն պոլիկլինիկաների տուբկաբինետներում, ինչը մինչև հիմա էլ արվում էր։

Մեզ մոտ ու ընդհանրապես ստացիոնարի ցուցումով հիվանդները վարակիչ հիվանդներն են ու ծանր հիվանդները, այսինքն` բարդություններով, կողմնակի այլ հիվանդություններ ունեցող հիվանդներ են, ավելացրած դրան դժվար ախտորոշվող հիվանդներ են, այսինքն՝ պոլիկլինիկան հնարավորություն չուներ աշխտորոշում անելու, աշխտորոշման նպատակով ուղեգրված հիվանդներ են։

Հիմա այս հիվանդները նորից կան, իրենք ուղղակի կուղեգրվեն Աբովյան, որն ամբողջ հանրապետության համար բաժանմունք է, միշտ գործել է, եթե կարիքն ունեցել ենք իրենց օգնության, դիմել ենք հազվագյուտ, բայց հիմա, իհարկե, ավելի հաճախակի պիտի հիվանդներին ուղեգրենք»։

Ըստ մեր զրուցակցի, եթե բաժանմունքի երեք բժիշկները համատեղության կարգով աշխատում են նաև պոլիկլինիկաներում, բուժանձնակազմի մնացած մասը կորցնում է աշխատանքը, նրանց ոչ մի այլ տարբերակ չի առաջարկվել։ Բժիշկներն էլ մի քանի տեղ աշխատելով՝ հազիվ կարողանում էին նորմալ աշխատավարձ ապահովել, հիմա ֆինանսական խնդիրներ կունենան։

Ըստ Գայանե Մելքոնյանի, բարձր աշխատավարձ չեն ստացել, բայց դրա դիմաց հանրօգուտ աշխատանք են կատարել, օրինակ՝ բուժքույրը ստացել է 50 հազար դրամ աշխատավարձ, բայց վտանգելով իր առողջությունը՝ համբերատար, հոգատար աշխատել է ծանր, վարակիչ հիվանդների հետ։

Բաժանմունքի վարիչը նաև նշում է, որ տուբերկուլյոզը ՄԻԱՎ-ի հետ համընթաց քայլում է, ՄԻԱՎ-ով վարակված բոլոր մարդիկ ռիսկային խումբ են, իսկ Շիրակի մարզում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց թիվն ամենաշատն է ողջ հանրապետությունում, այն առաջին տեղում է։

Նա նաև նշում է, որ տուբերկուլյոզով կարող են վարակվել ցածր իմունիտետ, կենցաղային վատ պայմաններում ապրող, վատ սնվող մարդիկ, իսկ Շիրակի մարզն ամենաաղքատն է։

«Հատկապես Ռուսաստանի Դաշնությունում շատ տարածված է տուբերկուլյոզը, Շիրակի մարզից, հատկապես Արթիկի տարածաշրջանից արտագնա աշխատանքի գնացողների թիվը մեծ է, ամեն երկրորդն իր հետ կարող է տուբերկուլյոզ բերել, պատկերացրեք ում մոտ հայտնաբերում ենք տուբերկուլյոզ, երբ հարցնում ենք Ռուսաստանում եղել ես, պարտադիր Ռուսաստանից վերադարձած են լինում։ Մի ժամանակ բանակում, բանտում կար, բայց հաղթահարվեց լավ աշխատանքի շնորհիվ, այս խնդիրը հիմա չունենք ո՛չ բանտերում, ո՛չ բանակում, բայց արտագնա աշխատանքից վերադարձած մարդկանց ամեն երկրորդի մոտ կարող է լինել»,-ասում է Գայանե Մելքոնյանը։

31 տարվա աշխատանքային փորձ ունեցող բուժքույր Թամարա Ալեքսանյանն էլ ասաց, որ աշխատավարձը 50 հազար դրամ էր, ինչպես բոլորը, այնպես էլ ինքը վարկեր ունի։

«Չէինք սպասում, չէինք պատկերացնում, որ այս բաժանմունքը կարող է փակվի, մի հիվանդը կարող է բազում առողջ մարդկանց վարակել։ Մենք շատ-շատ նամակներ ենք հղել վարչապետին, ոչ մի նորմալ պատասխան չենք ստացել, շատ արհամարհական են վարվել մեզ հետ, գոնե մեկն ու մեկը թող խորհրդակցեր մեզ հետ, իմանային մեր կարծիքն ու կարիքները»,- ասաց Թամար Ալեքսանյանը։

Աղունիկ Ենգոյանն էլ հավելեց․ «Առաջին նամակում խնդրել էինք բաժանմունքը չփակել, երկրորդ նամակում գրել էինք՝ եթե բաժանմունքը կփակեք, գոնե մեզ աշխատատեղով ապահովեք, երրորդ նամակով խնդրել էինք ոչ թե փակել, այլ քիչ թվով մահճակալներ թողնել։ 35 մահճակալից գոնե 15-13 թողնեն, 13 մահճակալին հասնում է մեկ բուժքույր, այդ ժամանակ ոչ մեկը չի կրճատվի, բոլորը կմնան իրենց տեղում, կաշխատեն։

Ես չգիտեմ վարչապետը կարդացել է, թե չէ, բայց ինքը մեր նամակները հղել էր առողջապահության նախարարությանը, որտեղից և եկել է պատասխան, թե հիվանդների քիչ լինելու պատճառով հիվանդանոցն օպտիմալացվում է։

Շիրակի մարզի բնակիչների հետ այսպես վարվել չի կարելի, մենք շատ վատ պայմաններում ենք ապրում, մեկը ես այնքան վարկ ունեմ, որ չեմ կարող վարկեր մուծել, ես հիմա եմ արդեն ընկել սև ցուցակ, ուր մնաց չաշխատելու դեպքում։ Մենք ուզում ենք հիշեցնել, որ Փաշինյանի կողքին էինք, ուզում էինք, որ նա վարչապետ դառնար, մտածում էինք, որ պետք է լավ լինի։

Այս ծրագիրը, որը նոր կառավարությունն իրագործում է, հին կառավարության ծրագիրն է, բայց կարելի էր վերանայել, ներկա դրությամբ մենք տուբերկուլյոզ ունենք ու վարակիչ հիվանդ ունենք, ինչպե՞ս կարելի է փակել բաժանմունքը։ Ըստ նախորդ կառավարության ծրագրի՝ 2020 թվականին այլևս տուբերկուլյոզ չէր լինելու, ու բաժանմունքը փակվելու էր, բայց փաստացի տուբերկուլյոզը վերացած չէ»։

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930