Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք սոցցանցերով իրենց ինտիմ լուսանկարներն ուղարկում են կալանավայրում գտնվող տղամարդկանց ու «շանտաժի» զոհ դառնում

Դեկտեմբեր 06,2019 16:38

«Հանցագործությունները համացանցում կատարվում են հիմնականում այն կանանց նկատմամբ, որոնք ծանոթություն հաստատելով որեւէ անձի հետ, ուղարկում են իրենց անձնական տվյալները, տեղեկատվությունը, մերկ լուսանկարները կամ սեռական կոնտեքստ պարունակող որեւէ տեսահոլովակ, որը հետագայում օգտագործվում է նրանց դեմ՝ հիմնականում գույքային եւ որեւէ այլ օգուտ ստանալու համար»,-այսօր ԵՊՀ գենդերային հետազոտությունների եւ առաջնորդության կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սասուն Գրիգորյանը:

Նրա խոսքով, այդպիսի ծանոթությունները հիմնականում լինում են կալանավայրերում գտնվող անձանց հետ: Քննիչ Գրիգորյանը նշեց, որ շատ դեպքերում կանայք տեղյակ են լինում, որ իրենց ինտիմ լուսանկարները կամ այլ տեղեկատվություն ազատազրկվածի են ուղարկում:
Մանրամասները՝ տեսանյութում

Կիբերհանցագործությունների զոհ դառնալուց խուսափելու համար Սասուն Գրիգորյանը նաեւ խորհուրդ տվեց ժամանակ առ ժամանակ փոխել սոցցանցերի գաղտնաբառերը, կատարել բոլոր այն թարմացումները, որոնք սոցցանցի ադմինիստրացիան է առաջարկում:

Քննչական կոմիտեի ներկայացուցիչը նաեւ խորհուրդ տվեց բջջային հեռախոսները եւ համակարգիչները չտանել այնպիսի վերանորոգման սրահներ, որոնք վստահություն չեն ներշնչում:


Ըստ պարոն Գրիգորյանի, դրանցում առկա տեղեկատվությունը կարող է նրանց տիրապետության տակ հայտնվել՝ հետագայում խնդիրներ առաջացնելով բջջայինի եւ համակարգչի տերերի համար: Ըստ նրա, կիբերհանցագործությունների թիվը գնալով աճում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:

 

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները հաճախ են նշում, որ մեր երկրում սեռական բռնության թեմաներն արդիական չեն, որ կեղծ օրակարգ է եւ խնդիրն ուռճացվում է, Եվրոպայից թելադրված է եւ այլն, ԵՄ պատվիրակության Քաղաքական բաժնի ղեկավար Օդի Հոլուեյը ասաց, որ սեռական բռնության, սեռական ոտնձգության խնդիրը մի տարածքի կամ մի երկրի հարց չէ, ամբողջ աշխարհում տարածված խնդիր է: «Համաշխարհային տվյալները ցույց են տալիս, որ ամբողջ կյանքի ընթացքում յուրաքանչյուր տասը կանանցից երեքն իրենց կյանքի ընթացքում ենթարկվում են սեռական բռնության: Որոշ երկրներում կարող է միջինացվածից ավելի բարձր լինեն այդ ցուցանիշները՝ յուրաքանչյուր 10-ից 4 կամ՝ 5-ը ենթարկվի սեռական բռնության: Որոշ երկրներում էլ՝ հակառակը, բայց խնդիրը կա բոլոր երկրներում՝ կապ չունի լինի Նորվեգիան, Հարավային Աֆրիկան, Ռուսաստանը, Գվատեմալան թե Հայաստանը»:

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության ուսումնասիրությունները փաստում են, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որը մասամբ՝ միայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքում ներառել է սեռական ոտնձգությունների մասին կարգավորումները: Սոցիոմետր հետազոտական կենտրոնի հարցման համաձայն Հայաստանում յուրաքանչյուր 5 կանանցից մեկը ստիպված է եղել լքելու իր աշխատանքը՝ սեռական ոտնձգության արդյունքում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031