Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունն ու եկեղեցին չպետք է խնդիր ունենան. «Հրապարակ»

Ապրիլ 28,2020 11:56

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ

-Տեղեկություն ունենք, որ ԱԺ իշխող ֆրակցիան մտադրություն ունի հանձնաժողով ձեւավորել՝ եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները քննելու նպատակով։

– Դա իմ իդեան է, որը ես ընդամենը հրապարակ եմ նետել, ասել, որ լավ կլիներ, եթե նման բան լիներ, որտեղ եկեղեցի-պետություն հարաբերությունները․․․ օրինակ, պատգամավորների հետ ավելի ինտենսիվ կապով հաճախ շփումներ լինեին, որպեսզի հետագայում նման հարցեր չառաջանան։ Ես ընդամենը ասել եմ Մակունցին, բայց որ ասեմ՝ մեծ քննարկում է եղել, եւ կարող ենք ասել՝ հանձնաժողով է ստեղծվելու եւ այլն, նման բան չկա։

– Մեզ լուրեր հասան, որ Դուք էլ լինելու եք հանձնաժողովի նախագահը։

– Ես՝ պարզապես երկու կողմի լավ ծանոթ մարդ, եկեղեցականների հետ լավ հարաբերություններ ունեցող եւ իրենց հետ աշխատող, կարող էի այդ պատասխանատվությունն ինձ վրա վերցնեի, ու կապն ուժեղացնեինք, ամրապնդեինք։ Բայց, կրկնում եմ՝ սա ընդամենը առաջարկ է։

– Իշխանություն-եկեղեցի հարաբերությունները բավարարո՞ւմ են ձեզ, նկատի ունեմ հեղափոխությունից հետո պարբերաբար բռնկումներ են լինում, իշխանականների կողմից արշավ է իրականացվում Մայր Աթոռի դեմ, այս պարագայում ի՞նչ շփումների, հարաբերությունների մասին կարելի է խոսել։

– Ես չէի ասի՝ պարբերաբար․․․ երբեմն-երբեմն էմոցիոնալ ֆոն է ստեղծվում, հիմա անցավ-գնաց, մի պահ էր, այնպես չէր, որ ամբողջ ֆրակցիան ագրեսիվ վարք դրսեւորեց։

– Բայց վարչապետի մակարդակով է պարբերաբար անդրադարձ կատարվում, վերջին «լայվում» էլ իր խոսքը, որ քաղաքական ինտրիգներ է եկեղեցին հյուսում․․․

– Վարչապետը խոսեց՝ շատ չափավոր խոսեց, խոսեց քրիստոնեական արժեքներից, որ ասեմ՝ եկեղեցուն բան են արել՝ ոչ։

– Դեռեւս Իտալիայում նա բավականին կոշտ արտահայտվեց, ու դրանից հետո տեղի ունեցան զարգացումներ վեհափառի դեմ, ու եթե վարչապետն այդպես է խոսում, չե՞ք կարծում, որ մյուսներն էլ կարող են առիթավորվել։

– Դրանից հետո, բայց, մենակ ես եմ խոսել, ու ճիշտ հակառակը՝ շատ ավելի բարիդրացիական կոչ անելով, ես կարծում եմ, որ այդպես էլ պետք է լինի, պետությունն ու եկեղեցին չպետք է խնդիր ունենան։

– Բայց կարծես թե չի ստացվում, ընդամենը վեհափառը մարդասիրական կոչ էր արել, գոնե իրենք այդպես էին բնութագրել, տեսանք, թե ինչ արձագանք ունեցավ։

– Եթե այդ կոչի մեջ չլիներ Ռոբերտ Քոչարյանի անունը, շատ տրամաբանական էր այդ կոչը լինելու, բայց քանի որ կոչում անուններ էին հնչել․․․ երբ նախկինում անուններ չէին հնչում, դրա համար նմանատիպ էմոցիոնալ շեշտադրումներ ունեցանք։

Ընդհանրապես, իշխանությունը երբեւէ վեհափառի փոփոխության հարց չի դրել իր առջեւ եւ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը կապել իշխանության հետ, դա էլ էր անհիմն ու ինչ-որ կողմերի ձեռնտու քայլ։ Եվ այդ փորձերը կապել իշխանության հետ, անհիմն էր։ Իշխանությունը երբեւէ չի աջակցել նման շարժումների։

– Մինչդեռ իշխանության, վարչապետի կողմից որեւէ դատապարտող հայտարարություն չեղավ, նույնիսկ այն պարագայում, երբ հարձակվում էին կաթողիկոսի վրա։

– Դե, ես իմ անունից բարիդրացիական կոչ եմ արել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930