Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենամեծ խնդիրը՝ պրոֆեսիոնալ, նվիրյալ եւ անշահախնդիր խորհրդատուներ ու օգնականներ տեսնել Նիկոլի կողքին». Ալիս Դուրյան. «Հայկական ժամանակ»

Մայիս 05,2020 10:35

«Սա այն սկիզբն է, ինչ տարիներ շարունակ երազում էր ողջ հայությունը, եւ առաջին հերթին՝ Մաեստրոն». ՀԺ-ին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում ներկայումս առկա իրավիճակին՝ այս մասին ասել է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի կինը՝ երգչուհի Ալիս Դուրյանը:

– Հարգելի տիկին Դուրյան, ծնված եւ երկար տարիներ ապրած լինելով Ֆրանսիայում, 1991 թվականին Ձեր ամուսնու հետ եկաք եւ հիմնավորապես հաստատվեցիք հայրենիքում: Շուրջ 30 տարի Հայաստանում եք, բայց միայն վերջերս դիմեցիք իշխանությանը՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու խնդրանքով: Ինչու՞ հիմա: Ձեր նամակում նշել էիք, որ առիթը սպասվող հանրաքվեն է (որը Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվեց): Այդքան շա՞տ եք կարեւորում այդ հանրաքվեն:

– 1991 թ. Մշակույթի նախարար Պերճ Զեյթունցյանից Օհանը ստացավ նամակ-հրավեր: Շատ էր հուզվել ու ալեկոծվել, որովհետեւ հայրենիքի կարոտը, ժողովրդին ու նորանկախ Հայաստանին ծառայելու մղումը շատ զորեղ էին: 20 տարի ողջ Եվրոպայում աշխատելուց եւ հռչակվելուց հետո պատրաստ էր ընդհատել ամեն ինչ ու վերադառնալ Հայաստան: Ես մի քանի անգամ եղել էի Խորհրդային Հայաստանում, Երեւանի օպերայում հանդես էի եկել Անուշի դերերգով: Իմ շրջապատը, անգամ հարազատներս ինձ խենթի տեղ դրեցին ու խնդրեցին մորս՝ ինձ համոզել Հայաստան չգնալ (բժիշկներս նույնպես խորհուրդ չէին տալիս, քանի որ ծանր վիրահատության էի ենթարկվել): Մայրս, որ ամենից շատ էր ինձ հետ կապված եւ ամենաշատն ինքը չէր ուզենա ինձանից կտրվել, քաջալերեց, որ Օհանի հետ վերադառնանք Հայաստան: Ի դեպ, ողջ կյանքը Ֆրանսիայում ապրած մայրս փափագեց իր վերջին ամիսներն ապրել ու մահկանացուն կնքել Հայաստանում:

30 տարի ապրում եմ Հայաստանում, չեմ պատկերացնում իմ կյանքը Հայաստանից դուրս, անգամ իմ ծննդավայր Մարսելում: Երբեք չեմ ձգտել իմ անձի վրա այսքան ուշադրություն հրավիրել, այն էլ հիմա, այս օրերին, իշխանության գերծանրաբեռնված վիճակին եւ բարոյական չեմ համարում այսօր անդրադառնալ իմ անձնագրի հարցին: Ուղղակի պատասխանեմ՝ ինչու հիմա դիմեցի. որովհետեւ այսօր իշխանությունը պայքարող ժողովրդինն է, իմ ու Օհանի իշխանությունը: Նախորդ իշխանություններին նույնպես դիմել ենք, բայց անձնագիր եւ պարգեւներ հետ վերադարձնելու հարցով: Զգացված եմ արագ արձագանքելու համար, շտապելու խնդիր չունեմ, հուսով եմ իրավիճակի կարգավորումից հետո կմասնակցեմ սպասվելիք հանրաքվեին՝ քվեարկելու մեր հեղափոխության օգտին: Այս հանրաքվեն ես համարում եմ հեղափոխության շարունակությունը՝ դատարանները մաքրելու իմաստով:

– Բոլորին է հայտնի, որ մաեստրո Օհան Դուրյանի հետ միասին հայրենիքում անասելի  վիրավորանքների ու տառապանքների արժանացաք, սակայն մնացիք Հայաստանում, երբեք ու երբեք չհուսահատվեցիք եւ մշտապես եղաք պայքարի առաջին շարքերում: Ինչպե՞ս եք գնահատում այժմ Հայաստանում ստեղծված իրավիճակը, տեսանելի՞ են փոփոխությունները, սա ա՞յն էր, ինչ ուզում էր տեսնել Մաեստրոն:

– Սա այն սկիզբն է, ինչ տարիներ շարունակ երազում էր ողջ հայությունը, եւ առաջին հերթին՝ Մաեստրոն: Հեղափոխությամբ ամենաոգեւորվածն ինքը պիտի լիներ, ամենից շատ պահանջներ էլ ինքն էր ունենալու: Նիկոլին ամենաշատ ինքն էր մեծարելու ու հպարտանալու, բայց մյուս օրը ամենաշատ ինքն էր քննադատելու եւ նկատողություններ անելու սխալների ու վրիպումներին համար:

Փոփոխություններն, անշուշտ, տեսանելի են, վերջապես սովորեցինք ընտրել ու ընտրվել (ինչն անհնարին էր թվում), խաբեության ու կաշառքի համար պատժել ու պատժվել, ժողովրդին չխաբել, ապրել ազատ ու առանց վախի, զգացինք աշխարհի հարգանքը մեր հեղափոխության եւ ժողովրդի հանդեպ:

– Կխնդրեի անդրադառնալ եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի վերջին շրջանի պահվածքին: Վստահաբար տեղյակ եք, որ Գարեգին Երկրորդը վերջերս հայտարարեց, թե կորոնավիրուսի տարածման այս օրերին կարեւոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխել, ինչը հանրության մեջ դժգոհության եւ իշխանություն-եկեղեցի փոխադարձ մեկնաբանությունների առիթ տվեց: Ի՞նչ դիրքորոշում ունեք այս ամենի վերաբերյալ:

– Ճիշտ չեմ համարի քննադատել, առավել եւս դատապարտել հոգեւոր առաջնորդին, սա ցավոտ ու նրբագույն հարց է, բայց նաեւ ազնիվ չեմ լինի, եթե չխոստովանեմ, որ քանիցս սպասել ու չեմ լսել (իմ միլիոնավոր հայրենակիցների հետ միասին) դատապարտման, ցավակցական խոսքեր Մարտի 1-ի զոհերի, Պողոս Պողոսյանի սպանության, ավազակ ռեժիմի կողմից բյուր ոճրագործությունների իրականացման դեպքում, երբ  երկրի այն ժամանակվա առաջին դեմքը, այսօրվա թիվ մեկ բանտարկյալը գռեհկաբար վիրավորում էր կառավարական պարգեւները հետ վերադարձրած Սիլվա Կապուտիկյանին, երբ ամեն ինչ արեցին՝ Օհանին պարտադրելով չաշխատել եւ հեռանալ Հայաստանից. նրա կողմից չլսեցինք ամոթանքի եւ անարգանքի խոսքեր, նա լուռ էր…

Վերջապես, ինչու՞ միջնորդություն միայն մեկի համար, մնացած բանտարկյալների համար վիրուսը վտանգավոր չէ՞:

– Ի՞նչ մտահոգություններ եւ խնդիրներ եք տեսնում, որոնց վրա կցանկանայիք հրավիրել իշխանության եւ հասարակության ուշադրությունը:

– Մտահոգություններս շա՜տ-շատ են, որովհետեւ խնդիրները բազում են, պահանջում են ահռելի ջանքեր ու զրկանքներ, նախորդներն այնպես են հիմնովին ապականել ու ավիրել, ու հիմա էլ չարախնդում ու թունավորում են: Ամենամեծ խնդիրը՝ պրոֆեսիոնալ, նվիրյալ եւ անշահախնդիր խորհրդատուներ ու օգնականներ տեսնել Նիկոլի կողքին (փնտրել, գտնել եւ համախմբել), դուրս նետել հեղափոխությունից շահ ակնկալող, հարմարվող անձերին: Հեղափոխության շունչը չզգացի դատարանների եւ հեռուստաալիքների աշխատանքի մեջ, վերջերս միայն ուշացումով մաքրվեց Հանրայինը, հանրաքվեից հետո սպասենք դատարանների մաքրմանը: Հասկանալի է, որ այս ամենը միանգամից իրագործելն անհնարին է:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031