Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց ժողովրդի հանրաքվեի՝ Ադրբեջանին տարածք փոխանցելը համարվում է ծանր հանցագործություն»․ Արծվիկ Մինասյան

Ապրիլ 09,2024 17:28

«Այսօր ընդդիմության պահանջով գումարվեց ԱԺ նիստ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրը» հարցով։ Հերթական անգամ ապօրինություն տեղի ունեցավ, երբ 8 ընդդիմադիր պատգամավորներ ուղղակի զրկվեցին այդ նիստին մասնակցելու հնարավորությունից։ Նիստը որոշվեց անցկացնել փակ, թեեւ այդ փակի շրջանակներում որեւէ գաղտնիք չի հրապարակվել»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ փորձ է արվում ընդդիմության առաջարկությունը հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկել եւ կեղծ թեզեր վերագրել իրենց առաջարկություններին։ Մինասյանը նշեց, որ միջազգային իրավունքի համաձայն՝ որեւէ ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի ներքո չի կարող կնքվել որեւէ համաձայնություն։ «Այս դրույթը՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, անտեսվում է Հայաստանի իշխանությունների կողմից, եւ այս ամբիոնից, ըստ էության, չի հայտնվում պատրաստակամություն, որ բոլոր գործիքները պետք է գործադրվեն՝ ագրեսոր Ադրբեջանին, որը զավթել է Հայաստանի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքները, միջազգային պատժի արժանացնելու ուղղությամբ։ Հակառակն է կատարվում, փորձ է արվում հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին ներարկել անզորության զգացողություն։ Մեր հայտարարությունն այն մասին է, որ ՀՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ունի բոլոր իրավունքները, որ իր ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքները չեն կարող որեւէ կերպ առեւտրի առարկա լինել»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը հավելեց․ «Առանց ժողովրդի հանրաքվեի՝ Հայաստանի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որեւէ տարածք չի կարող փոխանցվել Ադրբեջանին։ Որո՞նք են այդ ինքնիշխան իրավազորության տակ գտնվող տարածքները, դրանք ոչ միայն այն տարածքներն են, որտեղ այսօր ՀՀ օրենքները գործում են, այլ նաեւ այն տարածքները, որոնց տիտղոսի իրավունքը Հայաստանինն է՝ Արծվաշեն, բազմաթիվ այլ բնակավայրեր, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Հետեւաբար, ցանկացած փոփոխություն տարածքների մասով ենթակա է բացառապես հանրաքվեով հաստատման։ Առանց դրա Հայաստանի որեւէ իշխանության կողմից իրականացվող քայլը համարվում է ծանր հանցագործություն»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930