Լրահոս
Օրվա լրահոսը

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակն ամփոփում է Տավուշում անցկացրած աշխատարանների արդյունքները

Մայիս 27,2020 20:44

Կարևորելով ՀՀ մարզերում հայալեզու որակյալ ու անվճար կրթական նյութերի հասանելիությունը և համագործակցելով Տավուշի մարզպետարանի հետ՝  «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը 2019 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 21 աշխատարան կազմակերպեց մարզի սահմանամերձ համայնքների դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար։

Այս նախաձեռնության շնորհիվ Տավուշի սահմանամերձ գյուղերի 19 դպրոցների 5-8-րդ դասարանների 360 աշակերտ հնարավորություն ստացավ խորացնելու մաթեմատիկայի գիտելիքները, իսկ 25 ուսուցիչ՝ նոր նյութերի ու տեխնոլոգիաների կիրառմամբ բարելավելու ուսումնառության որակը։ Արդյունքում Տավուշի մարզի դպրոցների աշակերտների և ուսուցիչների զգալի մասն այսօր օգտագործում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից տեղայնացվող «Քան» ակադեմիայի հայալեզու անվճար կայքը:

«Քան» ակադեմիան Տավուշի սահմանամերձ համայնքների՝ աշխատարաններին մասնակցած աշակերտների համար կազմակերպեց նաև մրցույթ, որը նպատակ ուներ խրախուսելու աշակերտներին ավելի շատ և համակարգված սովորելու կայքում՝ հավաքելով հնարավորինս շատ միավորներ: Մրցույթին մասնակցած աշակերտներից 27 հոգի հավաքել է 150 000 և ավելի միավոր, և «Քան» ակադեմիայի կողմից նրանց սպասում են անակնկալ խրախուսական նվերներ, որոնք արդեն Տավուշի մարզպետարանում են և շուտով կհասնեն հաղթողներին:

Մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել Արարատ Սիմոնյանը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք և՛ Արարատին, և՛ նրա ուսուցչին: Արարատը սովորում է Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոցի 7-րդ դասարանում և հավաքել է 566 061 միավոր:

Շնորհավորելով ինչպես աշխատարաններին մասնակցած բոլոր աշակերտներին և ուսուցիչներին, այնպես էլ մրցանակակիրներին՝ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գայանե Արամյանը կարևոր է համարում, որ յուրաքանչյուր երեխայի համար նոր հնարավորություններ ստեղծվեն և նրանց կարողությունները բացահայտվեն:  «Շատ ոգևորիչ էր նոր տեխնոլոգիաները կիրառել կրթության մեջ  ամենահեռու համայնքներում և այսօր արդեն արդյունքներ ունենալ։ Համավարակը հատկապե՛ս ընդգծեց դրա կարևորությունը, և մենք կարծում ենք, որ 21-րդ դարի  նորարար կրթությունը սահմաններ չպետք  ունենա»,- նշում է «Քան» ակադեմիայի պատասխանատուն։

Հեռավար ուսուցումը Տավուշի սահմանամերձ դպրոցներում փորձարկվում է դեռևս 2019 թ.-ի նոյեմբերից, և արտակարգ դրության ընթացքում աշակերտները շարունակաբար օգտվում էին կայքի նյութերից, ինչը փաստում է, որ «Քան» ակադեմիայի աշխատարանները ուսուցիչների և աշակերտների համար առավել քան արդյունավետ են և նպաստում են կրթության որակի բարելավմանը:

«Քան» ակադեմիայի մասին

«Քան» ակադեմիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին և առաջնորդվում է «Ապահովել համաշխարհային մակարդակի անվճար կրթություն բոլորի համար և ամենուրեք» կարգախոսով։ «Քան» ակադեմիան տեսանյութերի ﬕջոցով կազմակերպում է առցանց կրթություն, ուսուﬓական նյութերի և վարժությունների ﬕջոցով հնարավորություն տալիս սովորելու, պարապելու և ամրապնդելու գիտելիքները տարբեր առարկաներից։

«Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2017 թվականից տեղայնացվում են «Քան» ակադեմիայի նյութերը՝ հասանելի դարձնելով հարթակը հայ սովորողների համար։ «Քան» ակադեմիայի օգնությամբ հայալեզու սովորողները, ծնողներն ու ուսուցիչները և ընդհանրապես ինքնակրթությամբ զբաղվողները կարողանում են անվճար օգտվել աշխարհի առաջատար կրթական ռեսուրսներից մեկից և առցանց սովորել մաթեմատիկա, համակարգչային գիտություն և ծրագրավորում, արվեստներ, ֆինանսներ և կապիտալի շուկա, ձեռնարկատիրություն, կրթություն, բնական գիտություններ և այլն։

«Այբ» կրթական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031