Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես բացվեց Սադախլոյի անցակետը եւ վրացական ցորենը եկավ Հայաստան

Հունիս 06,2020 13:30

«Մենք պետք է մտնենք Էդուարդ Շեւարդնաձեի մոտ եւ մեր պաշարներից հայերին ցորեն հատկացնենք։ Իսկ ինչ վերաբերում է կամուրջին եւ ճանապարհին, դրանց վերականգնումը ես անձամբ կղեկավարեմ եւ ամենակարճ ժամկետում կավարտեմ. ամեն ինչ կատարվեց Մամուկայի ասածի պես». Վրաստանի նախկին վարչապետ Թենգիզ Սիգուայի հուշերից:

Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության` IPChain Հայաստանյան գրասենյակը դիմել է Երեւանի քաղաքապետարան` Երեւանում Իլյա Գվարիշվիլիի անունով փողոց անվանակոչելու առաջարկով: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց  գրասենյակի հայաստանյան համակարգողներից Արբակ Խաչատրյանը: Իլյա Գվարիշվիլին 1992-2003 թվականներին Վրաստանի կառավարության վարչական մարմինների բաժանմունքի պետն էր, մասնագիտությամբ արեւելագետ:

Մամուկա Գվարիշվիլի

«1993-ի մարտն էր, շատ ծանր օր էր, ինձ կանչեցին նախագահական եւ ասացին, որ Իմիրիգեյթի երկաթուղային կամուրջը պայթեցրել են, իսկ Երեւանում կես օրվա հաց կա…»,- 27-ամյա վաղեմության պատմությունը, պատերազմական տարիների դժվարությունները Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ, պահեստազորի սպա Սահակ Սալնազարյանն այսօր առանց հուզմունքի չի կարողանում հիշել. ձայնն է դողում, աչքերն են արցունքոտվում: Շարունակում է. «Մամուկայի հետ (մտերիմները Իլյա Գվարիշվիլուն Մամուկա են ասում.-Ն. Գ.) եղանք Թենգիզ Կիտովանիի մոտ (այդ ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար-Ն.Գ.): Նա ադրբեջանաբնակ համայնքների ղեկավարներին զգուշացրեց` Սադախլոն պիտի բացվի, խոչընդոտելու դեպքում, հրաման եմ տվել կրակել` առանց նախազգուշացնելու: Կիտովանիի խոսքը ոչ ոք չէր կարող մերժել»: 2-3 օր հետո ցորենը Սադախլոյի անցակետով հասնում է Հայաստան: Հայաստանի համար հինգ օրվա հացի պաշարը տրամադրվում է Վրաստանի հացի կոմբինատի պահուստային պաշարներից, մինչեւ հայկական բեռները տեղ կհասնեին: Հայաստանի ղեկավարները կապ էին հաստատել Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Թենգիզ Սիգուայի հետ, տեղեկացրել, որ երկրում ցորենի պաշարը գործնականում սպառվել է եւ օգնություն էին խնդրել: «Վրաստանն այն ժամանակ շատ ծանր իրավիճակում էր, բայց հարեւաններին ճակատագրի քմահաճույքին թողնել չէր կարելի: Հայաստանի ղեկավարության հետ զրույցի նախաձեռնողը Մամուկա Գվարիշվիլին էր եւ նա էլ ինձ լուծում առաջարկեց. «Մենք պետք է մտնենք Էդուարդ Շեւարդնաձեի մոտ եւ մեր պաշարներից հայերին ցորեն հատկացնենք։ Իսկ ինչ վերաբերում է կամուրջին եւ ճանապարհին, դրանց վերականգնումը ես անձամբ կղեկավարեմ եւ ամենակարճ ժամկետում կավարտեմ»: Ամեն ինչ կատարվեց Մամուկայի ասածի պես: Շեւարդնաձեին համոզելու կարիք չեղավ»,- այդ ժամանակվա իրադարձությունների մասին պատմել է 1992-95 թվականներին Վրաստանի վարչապետ Թենգիզ Սիգուան:

Իսկ 1992-95 թվականներին Մառնեուլիի շրջանի պարետ Նոդար Մումլաձեն այս իրադարձությունների մասին մի առիթով վրացական մամուլում այսպիսի հիշողություններ է հրապարակել. «Շատ ծանր իրավիճակ էր ստեղծվել. թե՛ հայերը եւ թե՛ ադրբեջանցիները բնակվում էին Մառնեուլիում՝ այս սահմանային տարածքում, որտեղ գտնվում է Հայաստանին կապող Իմիրի կամուրջը՝ Խրամի գետի վրա: Չնայած մեր մեծ ջանքերին, ցավոք, չկարողացանք խուսափել բախումներից, առճակատումներից եւ անգամ դիվերսիաներից: Նման մի բախման արդյունքում այս կամուրջը տապալվեց: Հայաստանը շատ ծանր դրության մեջ հայտնվեց, քանի որ կենսական նշանակության ապրանքները եւ, ամենակարեւորը՝ ցորենը հենց այդ ճանապարհով էր մտնում երկիր: Ես շուտափույթ կերպով իրավիճակի մասին տեղեկացրի Մամուկա Գվարիշվիլիին, քանի որ գիտեի, որ միայն նա կարող էր խնդրին արագորեն լուծում տալ եւ, ինչպես պարզվեց, չէի սխալվել»:

Այդ ժամանակաշրջանը բարդ էր նաեւ Վրաստանի համար. Աբխազիայի խնդիր, զինված հանցախմբեր, որոնք  կողոպտում, ահաբեկում էին բնակչությանն ու պետական կառույցներին, պայթեցնում էին կամուրջներ ու երկաթգծեր: Իսկ Հայաստանն աշխարհի հետ կարող էր կապվել միայն Վրաստանի միջոցով: Մամուկա Գվարիշվիլիին հաջողվում է շատ կարճ ժամանակամիջոցում վերականգնել Վրաստանը եւ Հայաստանը կապող Իմիրի կամուրջը, երկաթուղային եւ ավտոմոբիլային մայրուղիները եւ ապահովել սննդամթերքի մատակարարումը Հայաստան:

Հայաստանյան ուժային կառույցներում  30 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող, պահեստի գնդապետ Սահակ Սալնազարյանն իր վրացի գործընկերոջը, ով շատ արագ դարձել էր նրա ընկերը, այսպես է բնութագրում. «Մամուկան անգերազանցելի դեր է ունեցել հայերի համար, նա երախտավոր է: Շատ մեծ հեղինակություն եւ հարգանք ուներ, բոլորը նրան ենթարկվում էին, իսկ այն ժամանակ ոչ ոք ոչ ոքի չէր ենթարկվում… Մամուկան մի արտակարգ մարդ էր, վստահ կարող եմ նրան անվանել վրաց ժողովրդի պարծանք, նաեւ` հայից ուժեղ հայ»:

«Ինձ կառավարության կողմից հանձնարարված էր ապահովել Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումների անվտանգ երթեւեկությունը: Մամուկայի հետ ինձ ծանոթացրել է Վրաստանի այն ժամանակ պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանին: «Ժողովրդական դիվանագիտությունը» օգնեց մեզ ջերմ հարաբերություններ հաստատել եւ անխափան աշխատել: Մամուկան` սկսած Լարսից մինչեւ Երեւան, ուղեկցել է մեր բեռները` կիսելով ինձ հետ ճանապարհի բոլոր դժվարությունները`թե ամառվա տապին, թե ձմռան բուքին, անձրեւին, նույնիսկ ճանապարհին մեքենայի անիվներն էր օգնում փոխել»,- պատմում է Սահակ Սալնազարյանը: Ինչո՞ւ նման մարդու մասին մինչ օրս չի խոսվել, ինչո՞ւ չի իմացվել հայ ժողովրդի համար նրա արած գործերի եւ տածած հարգանքի մասին հարցին, մեր զրուցակիցը հարցով պատասխանեց. «Իսկ ո՞ւմ էր պետք, որ իմանային»: «Հայ ժողովրդին»,- իմ արձագանքին էլ հակադարձեց. «Այդքան զոհված տղաներ ունենք, որոնց չեն հիշում, ո՜ւր մնաց նրան հիշեն…»: Հետո, դառնացած ասաց. «Հիվանդություն կա` ամնեզիա է կոչվում` հիշողության կորուստ… չեն ուզում հիշել… Մինչդեռ «Անասնաֆերման» գրելիս Ջորջ Օրուելը գրել է` ապագան պատկանում է անցյալը իմացողներին, իսկ Արիստոտելն ասել է` նույնիսկ Աստվածներն անկարող են անցյալը փոխել: Բայց մեզ մոտ ուրիշ է, մեզ մոտ մոռանում են. լավ է, գոնե Շուշիի ազատագրման օրը տոնելիս Կոմանդոսին ցույց տվեցին»:

Այսօր Իլյա Գվարիշվիլիի անունով Երեւանում փողոց անվանակոչելը Սահակ Սալնազարյանը նաեւ հայ-վրացական ներկայիս լարված հարաբերությունները հարթելու համար լավ առիթ է համարում: Ասում է, առհասարակ, հարեւան Վրաստանի այդ ժամանակվա ղեկավարությանը` նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի գլխավորությամբ, վրաց ժողովրդին շատ պարտական ենք, որ 1990-ականների սկզբին, լարված պատերազմական օրերին կանգնեցին Հայաստանի կողքին` հարազատի նման. «Գեներալ Միքաձեի, պաշտպանության նախարար Կիտովանիի, Մամուկայի շնորհիվ բացվեց Սադախլոյի ճանապարհը, որն ավելի ապահով էր»: 1988-ի ավերիչ երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում եւ միութենական հանրապետությունների հետ կապի խափանում, ղարաբաղյան պատերազմ. այդ ժամանակ Հայաստանը լիակատար շրջափակման եւ չափազանց ծանր դրության մեջ էր հայտնվել: «Կառավարությունում մեր շտաբը փայլուն աշխատում էր: Ես լեգենդար մարդկանց հետ եմ աշխատել` Գագիկ Մարտիրոսյան, Ռուբեն Չիֆթալարյան, Վիգեն Չիթեչյան, Գեւորգ Վարդանյան… Տիգրան Գրիգորյանին եմ ուզում շեշտել, Հենրիկ Քոչինյանին: Վերջինիս շնորհիվ ապահովվել է տրանսպորտը` անխափան, իսկ առեւտրի նախարար Տիգրան Գրիգորյանը, այդ փոքրամարմին, մեծ սրտի տեր մարդը երախտավոր է, նրան ազգի հերոսի կոչում էլ տան` քիչ է, որովհետեւ ամբողջ մթերքը, Հայաստան մտնող ողջ բեռները բերելու պատասխանատվությունն իր վրա էր եւ պատվով անում էր: Նախկինում Օրջոնիկիձե քաղաքում գնացքի վագոնները բեռնաթափվում էին, ես էլ բերում էի` ուղեկցում էի բեռները Հայաստան. ոչ մի կորուստ չեմ տվել, ոչ մի վարորդ չի զոհվել, միակ տուժողը ես եմ  եղել, երբ ցորենով բեռնված MAZ մեքենան հանցագործը փախցրեց, բռնելիս ոտքս վնասեցի, հիվանդանոցում պարզվեց՝ ոչ մի լուրջ բան չի եղել, գլխավոր բժիշկն էլ ասաց` այդքան հաց ով որ տանում է, Աստված իրեն նայում է»: Սահակ Սալնազարյանն ընդգծում է նաեւ այդ ժամանակ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի դերը, ով իրեն «անվերապահ թիկունք է եղել բոլոր հարցերում», նաեւ Արբակ Խաչատրյանի, ով մեծ դեր է խաղացել կապեր հաստատելու գործում. «Աշխատանքը եռում էր, բոլորիս միավորել էր պատերազմը: Բաներ կան, որ գաղնիք են, դրանց մասին չեմ խոսի: Վրացիները շատ լավ հասկանում էին, Կիտովանին մի անգամ ասաց` եթե ղարաբաղյան պատերազմը հօգուտ Ադրբեջանի ավարտվի, ադրբեջանցիները կանցնեն Մառնեուլին եւ Վրաստանի ադրբեջանաբնակ մյուս շրջաններին»: Սահակ Սալնազարյանի հավաստմամբ` հայ-վրացական ընդհանրական շահերի գիտակցումով այն ժամանակ վրացի պաշտոնյաների էական աջակցության արդյունքում կարողացանք երկրի համար կենսական անհրաժեշտության հարցեր կարգավորել եւ առաջ գնալ, իսկ այդ ամենում Մամուկան անգերազանցելի դեր է ունեցել: Նրա գործերից շատերն այսօր էլ դեռ կրում են «գաղտնի» գրիֆը: Սահակ Սալնազարյանը պատմում է, որ Մամուկայի մասնակցությամբ հայ-վրացական բոլոր բանակցություններն անցնում էին առանց լարվածության, քանի որ Մամուկան մարդկային հարաբերություններ կարգավորելու արտակարգ տաղանդ ուներ, իսկ նրա պարզ եւ նուրբ հումորն օգնում էր բանակցությունների դրական ելքին: Հանդիպումների արդեն ոչ պաշտոնական հատվածի մասին, մեր զրուցակիցն անսահմանափակ եւ բավական հետաքրքիր պատմություններ ունի:

Մամուկա Գվարիշվիլին մահացել է 2005 թվականի հուլիսի 29-ին, Թբիլիսիում, 54 տարեկանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Անցակետի լուսանկարը Սմբատ Պետրոսյանի

«Առավոտ» օրաթերթ
05.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930