Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորները պատասխանեցին՝ արդյոք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանում է Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնին

Հուլիս 10,2020 22:30

Չկա՞ արդյոք օրենք, որով կարելի է կարգի հրավիրել որոշ պատգամավորների, որոնք բացահայտ ցինիզմով անտեսում են, ոչ միայն պարետի որոշումները, այլեւ սղոցում քաղաքացիների նյարդերը: Այս հարցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանին եւ Սուրեն Գրիգորյանին ուղղել էր քաղաքացի Ալեքսան Սողոմոնյանը: Պատգամավորներն այսօր ՔՊ-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանեցին քաղաքացիների հարցերին:

«Այդպիսի օրենք կա եւ դա պարետի որոշումներն են եւ պատգամավորները այնքանով՝ որքանով հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ պետք է հետեւեն նույն օրենքներին ու որոշումներին»,-ասաց Մարիա Կարապետյանը:

Նրա խոսքով, չհետեւելու պարագայում նրանց նկատմամբ պետք է կիրառվեն նույն վարչական միջոցները՝ ինչ ՀՀ մյուս քաղաքացիների. «Ինչը եւ տեղի է ունեցել: Հասկանում ենք՝ ում  է հղում կատարում քաղաքացին իր հարցադրման մեջ: Երբ ոստիկանը կֆիքսի այդ խախտումը կկարողանա վարչական տույժ կիրառել: Ես ողջունում եմ, որ մենք, որպես հանրություն, ձեւավորենք այդ անհանդուրժողականության մթնոլորտը որոշ մարդկանց՝ իրենց ընդունած որոշումներից վեր համարելու ինքնաընկալման նկատմամբ եւ ցույց տանք մեր վերաբերմունքը, որ դա անընդունելի է, ամոթալի է, հատկապես՝ ԱԺ պատգամավորի կողմից»:

Սուրեն Գրիգորյանի խոսքով, հաշվի առնելով տուգանքի չափը, մտածում են՝ իրենք կարող են իրենց թույլ տալ այդ խախտումը կատարել, ինչը սխալ մտածելակերպ է եւ օրենքի հետ առեւտրի մեջ են մտնում:

Քաղաքացի Արթուր Գալստյանը հետաքրքրվել էր՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, լինելով Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը, իրավունք ունի՞ «աջ ու ձախ ոտնահարել մարդու իրավունքները, ի՞նչ պատիժ է հասնում եւ արդյոք նա համապատասխանում է իր պաշտոնին»:

Ի պատասխան, Սուրեն Գրիգորյանն ասաց՝ ոչ ոք, աջ ու ձախ, մարդկանց իրավունքները ոտնահարելու իրավունք չունի, այդ թվում նաեւ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը. «Կարծում եմ, որ այդ հանձնաժողովի նախագահի կողմից նման վարքագիծ  դրսեւորելն առավել ամոթալի է եւ կասկածի տակ է դնում թե այդ անձը որքանով կարող է իր առաքելությունն իրականացնել, եթե ինքն այդ դրսեւորումների առաջին կրողն է, որոնց դեմ պետք է պայքարեր: Այդ վարքագիծը կարող է նաեւ որոշ դեպքերում քննարկվել նրա պաշտոնավարման նպատակահարմարության տեսանկյունից»:

Մարիա Կարապետյանն  ասաց, որ ԱԺ-ն կկատարելագործի իր մեխանիզմները, ինչի արդյունքում հանրային պաշտոնյաների վարքն ավելի խիստ սահմանափակումների կենթարկվի, քան մյուս քաղաքացիների. «ԱԺ պատգամավորները ունեն առաքելություն առաջնորդելու հանրությանը՝ իրենց վարքով, խոսքով եւ, այո, մարդու իրավունքները ոչ ոք չի կարող ոտնահարել եւ հատկապես՝ այդ հանձնաժողովի նախագահն օրինակելի պետք է լիներ»:

Տիկին Կարապետյանն ասաց, որ նման դեպքերում լուծումներ կան. «ԱԺ կանոնակարգում կա հնարավորություն հանձնաժողովի նախագահին զրկելու իր պաշտոնից եւ երկրորդը՝ Էթիկայի հանձնաժողովի կառուցակարգերը կատարելագործելու միջոցն է: Մենք պետք է ստեղծենք Էթիկայի հարցերի մշտական հանձնաժողով, որը նման հարցերը քննության կառնի եւ անհրաժեշտության դեպքում նաեւ Ազգային ժողովին կկարողանա խորհուրդ տալ՝ ինչպիսի պատժամիջոց կիրառել՝ այս կամ այն պատգամավորի նկատմամբ նրա վարքի համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031