Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայացվող չափորոշիչներից դատելով՝ դա չի համապատասխանում միավորում բառին, ինչպես նախարարն էր ասում»․ ԵՊՀ դոցենտը՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի միավորման մասին

Օգոստոս 08,2020 23:57

«Ես այդպես էլ կանխատեսում էի, որ Հայոց եկեղեցու պատմություն առարկան կտարրալուծվի: Համենայն դեպս, չափորոշիչների շրջանակներում այդպես էլ եղավ»,- Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում Կենտրոնական գրասենյակի կազմակերպած առցանց քննարկմանը հայտարարեց ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ Լիլիթ Պողոսյանը:

Ըստ նրա՝ այն, որ փորձ է կատարվել Հայոց եկեղեցու պատմություն առարկայի թեմաները ներառել Հայոց պատմության ու Ես և իմ հայրենիքը առարկայական ծրագրերի չափորոշիչներում, այդ միացումը էկլեկտիկ է: Այս առիթով Լիլիթ Պողոսյանն ասաց. «Վերոնշյալ առարկան տարրալուծված է  հայագիտական այս երեք առարկաների մեջ: Այդ պատճառով այն դերն ու նշանակությունը, որն ունեցել է Հայոց եկեղեցու պատմություն առարկան, այս պարագայում չի կարող ունենալ: Նպատակը որպես այդպիսին կորչում է»:

Լիլիթ Պողոսյանի համար մտահոգիչ է, որ այս հարցում որոշակի ինքնավարություն է տրվում դպրոցներին: Նա պարզաբանեց. «Ծրագրի շրջանակներում նշվում է, որ որոշակի ինքնավարություն է տրվում դպրոցներին լինել ազատ և ունենալ որոշակի պարագաներում ինքնավարություն: Սա հղի է վտանգներով, քանի որ միշտ չէ, որ ուսուցչական կազմում և տնօրինության պարագայում ունենք այնպիսի մոտեցում, որը պիտի ծառայի հայի կերպարի պահպանմանը»:

ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտի պնդմամբ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե միավորվում է առարկան, իրականում ներկայացվող չափորոշիչներից դատելով՝ չի համապատասխանում միավորում բառին: Նա նշեց. «Թվերն են խոսում այդ մասին, ոչ թե մենք: 255-ը 336 ժամ չէ: Սա միավորում չէ: Օրինակ՝ Մեծ Հայքի Արշակունիների թագավորության՝ 20 ժամանոց թեմայում ներառել են Հայոց եկեղեցու պատմության (ՀԵՊ) 2-4 թեմաները՝ 19 ժամ, և արդյունքում ամբողջովին այդ 19 ժամը տարրալուծված է այդ 20 ժամի մեջ: ՀԵՊ շատ թեմաներ ընդհանրապես դուրս են մղված, իսկ նրանք, որոնք ներառված են, տարրալուծված, ուղղակի հպանցիկ անդրադարձ է կատարված: 17-18-րդ դարերի Հայոց պատմություն առարկայի թեմայում ընդհանրապես բացակայում է հայոց եկեղեցու գործունեությունն այդ շրջանում: Օրինակ՝ Խրիմյան Հայրիկի հայանպաստ գործունեության մասին ինչպե՞ս կարելի է մեկ-երկու նախադասությամբ անդրադարձ կատարել»:

Ըստ նրա՝ անհասկանալի է, թե ինչու են 5-րդ դասարանցուց պահանջում պատասխանել հասարակական փոխազդեցությունների խնդիրներին պատմական տարբեր շրջափուլերում: Ըստ դոցենտի՝ արդյոք տարիքային առանձնահատկություններից ելնելով՝ երեխան ի վիճակի՞ է դա անել:

Ըստ նրա՝ կան նաև անհեթեթ ձևակերպումներ: Լիլիթ Պողոսյանն օրինակ բերեց. «Կա սուրբ զինվորներ թեմա, որտեղ նշվում է Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ, Վարդան Մամիկոնյան: Խորհուրդ կտայի չափորոշիչների հեղինակներին տարբերել զինվորին ու զորավարին: Այլ մեկնաբանություն տալ չեմ ուզում, որ զգացմունքային չթվա»:

Լիլիթ Պողոսյանն ափսոսում է, որ 15 տարիների ջանք ու եռանդով կայացած առարկան մեկ գրչի հարվածով նման ճակատագրի է արժանանում: Նա եզրափակեց. «Մարդկային ջանքն ու եռանդը, չարչարանքը կայացրեց Հայոց եկեղեցու պատմություն առարկան: Այն այնքան սիրվեց, որ բազմաթիվ ընտանիքներում ծնողներն էին թերթում գիրքը և իրենց գիտելիքների բացը լրացնում: Ցավում եմ, որ գրչի մեկ հարվածով հնարավոր է տապալեն և փշրեն այն ամենը, որը ինչպես մենք ենք սիրում ասել, արյուն քրտինքով կառուցվեց: Չափորոշիչներին, երբ նայում եմ, տեսնում եմ՝ տարբեր գիտական դիսցիպլինները միախառնել են, և հարց է՝ արդյոք ուղերձը կա՞: Հույս ունեմ, որ պետական այրերը աչալուրջ կլինեն եկեղեցուն, ժամանակակից գիտնականների մասնագիտական կարծիքին և կվերանայեն իրենց կարծիքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31